Մեկնաբանություն

19.12.2013 17:59


Ինչու հրաժարական չի տալիս Արմեն Մովսիսյանը

Ինչու հրաժարական չի տալիս Արմեն Մովսիսյանը

ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանի՝ «300 մլն դոլար պարտքն ու բանակցությունները ձախողելու համար չի՞ պատրաստվում հրաժարական տալ» հարցին ի պատասխան Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում։

Փաստորեն, մեր երկրում տեղի է ունեցել ծանր հանցագործություն և մեծ խաբեություն, սակայն նախարարը հրաժարական տալ չի պատրաստվում։ Պատկերացրեք, որ իշխանական համակարգում հաստատված բարքերը և մեզանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը հաշվի առնելով՝ նախարարը ճիշտ է։ Խոսքս, բնականաբար, ուրույն ճշտի մասին է։

Իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տա «Ֆունտի» կարգավիճակ ունեցող Արմեն Խիկարիչը։ Նա նախարարի աթոռին նստել է «Կերենսկու» օրոք, «ՆԷՊ»–ի փուլում, հիմա էլ նստած է նեոբոլշևիկների մոտ։

Մովսիսյանը կատարող է։ Գազային «աֆյորայի» հեղինակները Սերժ և Տիգրան Սարգսյաններն են։ Եթե նրանք հրաժարական չեն տալիս, ապա «պռիչոմ տուտ» Մովսիսյանը։

Բացի այդ՝ վերջին հինգ տարիներին արձանագրված հետընթացի համար ո՞վ է առնվազն քաղաքական պատասխանատվություն կրել, որ Խիկարիչը կրի։

Իրան–Հայաստան երկաթգծի շինարարության, նոր ատոմակայանի կառուցման, ՀՆԱ կրկնակի աճի ապահովման, աղքատության կրճատման, Հայաստանը միջազգային կենտրոնների դրախտավայր դարձնելու, ներդրումների ավելացման խոստում տված և բոլոր այդ խոստումները հակառակ արդյունքով ապահոված Սերժն ու Տիգրանը եթե շարունակում են մնալ իրենց աթոռներին, ապա Մովսիսյանը հրաժարական չի տա ու չի տա։ Եվ պետք էլ չի որ տա։ Նա թող մնա, որպեսզի հետագայում, անկեղծ խոստովանությունը թեթևացնում է մեղքը ծրագրի շրջանակներում, մանրամասն պատմի, թե որը որից հետո է եղել։

Եվ վերջապես, եթե Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալի մասին խոսում են նույնիսկ Զիմբաբվեում և տարակուսում, թե ինչպես է նա այդքանից հետո մնում վարչապետի պաշտոնում, ապա Մովսիսյանն «իրավունք» ունի հրաժարական չտալու։

Այնպես որ նախարարի մոտեցումն ամբողջությամբ տեղավորվում է ներայիս ռեժիմի վարքագծային կանոնի մեջ։ Իսկ այդ վարքագիծը հետևյալն է. Աստծո անունը հաճախ տալով և կանոնավոր կերպով մեռելոցները նշելով՝ ատկատահան անել պետբյուջեն ու խառնել սեփական «բուրդը» պետականի հետ։

Եվ ուրեմն նորից գալիս ենք «դասականի» ասածին՝ գլխից է պետք բռնել, մեծերին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը