Մեկնաբանություն

14.12.2013 14:45


Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը` «1in.am»–ների մամլո խոսնակի դերում

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը` «1in.am»–ների մամլո խոսնակի դերում

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման քարոզն իշխանություններն իրականացնում են երկու տարբերակով։ Հաստիքային ՀՀԿ–ականների շուրթերով հայտարարվում է, որ դա լավ համակարգ է, և որ բոլորին սպասվում է ապահով ծերություն. գործ ունենք «պոլիտբյուրոյական» ոճի «կացնային» քարոզի հետ։

Մյուս տարբերակի իրականացման գործում ներգրավված է գեբելսյան քարոզչամեքենան։ Իրենց ոճին հավատարիմ՝ «անկախ» լրատվամիջոցներն «ընդդիմադիր» դիրքերից քննադատում են պարտադիր կուտակայինի գաղափարը, բայց դրա ներդրման հարցում մեղադրում են ոչ թե Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգին, այլ ... ԲՀԿ–ին, ՀՅԴ–ին ու Ռոբերտ Քոչարյանին։ Այս առումով հատկապես ակտիվ է տխրահռչակ «1in.am»–ը, որն իրար է խառնվել կուտակայինի հարցով ՍԴ դիմելու փաստից։

Բաղրամյան 26–ին նյարդայնացրել է այն, որ ԱԺ չորս ոչկոալիցիոն խմբակցությունները միասնաբար աջակցում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող մարդկանց։ Ու քանի որ պարտադիր կենսաթոշակայինը Սերժ Սարգսյանի անձնական ֆինանսական շահագրգռությունների տիրույթում է (նա այսօր փող է վերցնում աշխատողներից՝ խոստանալով տասնամյակներ անց թոշակ տալ նրանց, իսկ թե ինչպիսի ճակատագրի են արժանանում ՀՀԿ ղեկավարի խոստումները, գիտենք բոլորս), ուստի այդ հարցը ստացել է կարևոր նշանակություն։

Ուշագրավն այն է, որ օրերս «1in.am»-ի և մյուս «Mutit.am»–ների քարոզին միացան նաև Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանը՝ երկրորդելով «անկախներին» ու փաստացի հանդես գալով դրանց մամլո խոսնակի դերում։

Վարչապետն ԱԺ–ում կրկնեց այն թեզն, ըստ որի՝ իրենք չեն այս համակարգի հեղինակը։

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին երեկ ձայնակցեց «անկախներին»՝ Էկոնոմիկայի նախարարություն կատարած այցի ժամանակ «մուննաթ» գալով Ռոբերտ Քոչարյանի ու իշխող կոալիցիայի նախկին անդամների վրա։

«Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած՝ ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրել»,– երեկ հայտարարել է Սարգսյանը՝ «ա լյա» «1in.am» քարոզչական «տրյուկին» դիմելով։

Սարգսյանը գովել է պարտադիր կուտակայինի ներդրման գաղափարը, ինչը նշանակում է, որ նրա անձնական շահագրգռվածությունը չափազանց մեծ է։ Քանզի հայտնի է, որ Սերժն ինչ անում է, բացառապես իր համար է անում։ Պարտադիր կուտակայինը հնարավորություն կտա նրան հսկայական գումարներ տնօրինել, որի համար ինքը որևէ պատասխանատվություն չի կրելու։ Ամենաշուտը 25 տարի անց հնարավոր կլինի պարզել, թե իրականում ինչ է այդ համակարգը, քանի որ վճարումները միայն 2039 թվից են սկսելու։

«Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» հայեցակարգով առաջնորդվող մարդուն, հետևաբար, չի կարելի փող վստահել, այն էլ՝ ապահով ծերության ակնկալիքով։

Այնպես որ, ինչպես ճիշտ նկատել էր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարողներից մեկը, հարկավոր է ուժերը կենտրոնացնել իշխանափոխության հարցը լուծելու, այլ ոչ թե լոկալ խնդիրների մեջ թաղվելու համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը