Մեկնաբանություն

13.12.2013 11:00


Հիմա էլ «ետնամուտքա՞յին» դիվանագիտություն է սկսվում

Հիմա էլ  «ետնամուտքա՞յին»  դիվանագիտություն է սկսվում

Կարծես թե «ֆուտբոլային» դիվանագիտությանը փոխարինելու է գալիս «ետնամուտքային» դիվանագիտությունը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին մասնակցելու նպատակով այսօր Երեւան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ստիպված եղավ «Արմենիա-Մարիոթ» մտնել ետնամուտքով:

Պատճառը հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների գործողություններն էին, ովքեր Դավութօղլուին որոշել էին «դիմավորել» թուրքական թղթե դրոշների վրա խաչ քաշելու, դրանք «կալոդով» գետնին թափելու, տրորելու, «Ընկեր ջան, գինի լի՛ց» երգելու եւ բողոքի ու ընդվզման այլ գործողությունների միջոցով: Թուրք լրագրողներն էլ իրենց հեռուստալսարանի համար ակտիվորեն լուսաբանում էին բողոքի ակցիան:

Ի դեպ, երեկ ՀՀԿ խոսնակը ողջունեց թուրք արտգործնախարարի դեմ բողոքի ակցիա անցկացնելու գաղափարը, որի կազմակերպիչը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն է:

Իսկ, օրինակ, 2009-ին, երբ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահը, իշխող ուժն ու նրա առաջնորդը ոչ միայն չէին ողջունում, այլեւ դատապարտում էին նման ակցիաները: «Հրազդան» ստադիոնում էլ ոստիկանությունն արագ հավաքեց տրիբունայից ցուցադրվող պաստառները։

Ինչեւէ, այս անգամ չնայած թուրք բարձրաստիճան պաշտոնյան դարձյալ հայկական կողմի հրավերով էր եկել Հայաստան, բայց Շարմազանովը նախապես ողջունեց նրա դեմ նախաձեռնվող բողոքի ակցիան: Ավելին, մինչ այդ էլ հայտարարեց, թե Դավութօղլուի այցը «ոչ դրական ենք գնահատում եւ ոչ էլ ուրախ ենք»:

Մի խոսքով, ետնամուտքից հյուրանոց մտած թուրք արտգործնախարարի վարքագիծը անչափ ոգեւորեց ակցիայի մասնակիցներին, որոնք հայտարարեցին, թե «Դավութօղլին մեզնից վախեցավ», թղթե դրոշակների վերջին «կալոդն» էլ թափեցին գետնին եւ հեռացան: Ինչից հետո հավաքարարը սկսեց ցախավելով մաքրել աղբը:

Բարոյական հաղթանակի եւս մեկ օր:

Լավ, հասկացանք, Ահմեդը ետնամուտքից մտավ ներս: Իսկ հետո՞: Հետո այլեւս դարձավ մշուշոտ: Լուր տարածվեց, թե տեղի է ունենալու Նալբանդյան-Դավութօղլու փակ հանդիպում: Սա էլ ավարտվեց, որը տեւեց ավելի քան մեկ ժամ:

Հանդիպումից հետո հիմա էլ Էդվարդ Նալբանդյանը «ետնամուտքով» փախավ: Այսինքն՝ ճողոպրեց լրագրողներից ու չպատասխանեց եւ ոչ մի հարցի:

Փոխարենը՝ Դավութօղլուն գլխին հավաքեց իր հետ բերած լրագրողներին եւ ասուլիս տվեց, ինչը թուրքական «Դողան» գործակալությունը ուղիղ հեռարձակմամբ հաղորդել է:

Դավութօղլուն Նալբանդյանի հետ հանդիպումը «անկեղծ ու ջերմ» է գնահատել, խոսել են ՍԾՏՀ նիստում քննարկված հարցերի, հայ-թուրքական հարաբերությունների, հայ եւ թուրք ժողովուրդների պատմական անցյալը բաց ու անկեղծ քննարկելու անհրաժեշտության մասին:

Մինչ Երեւան գալը, թուրքական մամուլի փոխանցմամբ, Դավութօղլուն հայտարարել էր, թե սահմանը կբացեն միայն այն դեպքում, երբ հայկական կողմը ազատի երկու «գրավյալ» տարածքները:

Սրա վերաբերյալ թուրք լրագրողների հարցին ի պատասխան Դավութօղլուն այսօր նշել է, թե դա թուրքական լրատվամիջոցների կողմից արված հայտարարություններ են, որին անդրադարձել է հայկական մամուլը: Այսինքն՝ ինքը նման բան չի ասել: Երեւի, դրանում համոզվել է նաեւ Նալբանդյանը:

«Մենք խոսել ենք երկու երկրների միջեւ երկխոսությունը զարգացնելու մասին»,-ներկայացնելով Նալբանդյանի հետ հանդիպման մանրամասները՝ ասել է Դավութօղլուն:

Այսքան բան:

Եթե սա է եղել փակ հանդիպման բովանդակությունը, ապա զարմանալի է, թե ինչու է դրանից հետո փախել Նալբանդյանը: Եվ ընդհանրապես, կարելի է կարծել, որ սա ոչ թե Նալբանդյանի, այլ Դավութօղլուի երկիրն է, ով հանգիստ իր համար ասուլիս է տալիս: Իսկ Նալբանդյանը անհետանում է, չցանկանալով հայ լրագրողներին պատմել, թե ինչպես են փորձելու զարգացնել երկու երկրների միջեւ երկխոսությունը, երբ ի տարբերություն հայկական կողմի, թուրքական կողմը «արխիվացրել» է հայ-թուրքական արձանագրությունները:

Ինչեւէ, սկսվում է «ետնամուտքային» դիվանագիտության փուլը:

Թուրքերը ամենուր ետնամուտքից կմտնեն, բայց հետո իրենց հանրության համար ինչ-որ բաներ կբացահայտեն բանակցությունների մասին, իսկ հայերը ետնամուտքից կփախչեն՝ հայ հանրությունից գաղտնի պահելով բանակցային օրակարգում քննարկվող հարցերը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը