Մեկնաբանություն

01.12.2013 15:49


Պուտինի վկաները

Պուտինի վկաները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի հետ կապված «քաղաքացիական» ակտիվիստների խմբեր են ձևավորվել։ Մի մասը կարծում է, որ ով Պուտինի դեմ միտինգի դուրս չգա՝ «մմզ–պպզ»։ Մյուս մասն էլ կարծում է, որ Պուտինի դեմ դուրս գալը պրոյեկտ է և հետևաբար՝ ով դուրս գա Պուտինի դեմ երթի՝ «մմզ–պպզ»։

Առաջին հայացքից այս երկու խմբերը հակադիր են միմյանց, բայց, մեծ հաշվով, նույնաբովանդակ են և հանդիսանում են պրոյեկտներ։ Պարզապես մի մասը Պուտինի դեմ է դուրս գալիս Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ մյուս մասը գործում է Տիգրան Սարգսյանի ցածր հովանու ներքո և համարում է, որ Պուտինի դեմ բողոքելը սխալ է։ Մի մասը հպարտանում է, որ Պուտինի դեմ ցույց է անելու, իսկ մյուս մասը խրոխտ կերպով հայտարարում է, որ այդ ցույցին չի մասնակցելու, քանզի չի խառնվում խամաճիկների ծրագրերին (բա հո՞ Լֆիկին թողած Պուտինի կամ որ ավելի սարսափելի է՝ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի դեմ չի պայքարելու. այդպես ավելի ապահով է և եկամտաբեր)։

Երկու խմբերն էլ իրար արժեն և հանդիսանում են «Պուտինի վկաներ»։ Նրանք նույն մեդալի հակառակ կողմերն են։

Երկու խմբերի ղեկավար կազմերին էլ հաջողվել է «ազնիվ քյարփինջների» բրիգադներ ներգրավել։ Վերջիններս անկեղծորեն համոզված են, որ հայրենանվեր գործ են անում, սակայն չգիտեն, որ իրականում որպես մանրադրամ են օգտագործվում «Պուտինի վկաների» կողմից։

Պուտինի հրաժարականը պահանջելը կամ Պուտինի հրաժարականը պահանջողների հրաժարականը պահանջելը նույն բանն է, քանզի առանցքում ոչ թե Հայաստանի շահն է, այլ Պուտինը։ Մեկը փող է աշխատում Պուտինին հայհոյելով, իսկ մյուսը՝ Պուտինին հայհոյելը պրոյեկտ համարելով։ Բայց երկուսն էլ ծառայում են օրվա իշխանությանը։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը մնում է աթոռին ու շարունակում նվաստացնել Հայաստանը, իսկ Տիգրան Սարգսյանը՝ «Օֆշորային աշխարհ» կառուցել «Հայկական աշխարհի» բնակչության փողերով։

Այնպես որ Մաքսային միություն մտնելու որոշումից դժգոհողները, եթե պրոյեկտ չեն, ապա պետք է պայքարեն Սերժ Սարգսյանի՛ իշխանությունը տապալելու համար։ Այլապես ստացվում է, որ այլմոլորակայիններն են Հայաստանը մտցրել ՄՄ, իսկ Պուտինն էլ Հայաստանի նախագահն է և դրա համար են «ակտիվիստները» պահանջում նրա հրաժարականը։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Հոդվածում նշածս գնահատականները, բնականաբար, չեն վերաբերում ՄՄ մտնելու որոշման դեմ դուրս եկած բոլոր մարդկանց վարքագծին։ Խոսքս պրոյեկտների մասին է։ Բաղրամյան 26–ի և Կառավարության պրոյեկտների։

Պրոյեկտներն իրենք իրենց կտեսնեն այս հոդվածում, քանզի նայելու են հայելու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը