Լրահոս

17.10.2013 15:58


Նինա Մարգարյան. «Գործող իշխանությանը պետք է «արագ հարմարվող սերունդ»»

Նինա Մարգարյան. «Գործող իշխանությանը պետք է «արագ հարմարվող սերունդ»»

«Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս… Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը», - հայտարարել է Եվրամիության Արևելյան գործընկերության և սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դե, Տիգրան Սարգսյանը գիտի, թե ինչ է ասում: Չէ՞ որ Հայաստանի իշխանություններն օրվա կուրսով են առաջնորդվում և չունեն հստակ ծրագիր. այսօր թուրքերի հետ ֆուտբոլ են խաղում, իսկ վաղը՝ ռուսների հետ 49 տարով երկարացնում ռուսական ռազմաբազաների՝ ՀՀ-ում տեղակայման ժամկետը, այսօր նրանք նախաձեռնողական քաղաքականություն են վարում, իսկ վաղը` թունդ հայրենասերի դիմակ հագնում, այսօր նրանք ուրանում են Հայոց ցեղասպանության փաստը (երբ հայ-թուրքական արձանագրություններում հայտնվում է պատմական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին կետը), իսկ վաղը հիշում, որ հենց «ՀՀ-ի ուսերին է դրված ցեղասպանությունները կանխելու առաքելությունը»: Այսօր Սերժ Սարգսյանը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու վերաբերյալ, իսկ հաջորդ օրը ՌԴ-ում հայտարարում է, որ պատրաստ է միանալ Մաքսային միությանը, և նմանատիպ այլ փաստեր: Եվ այդ առումով Տիգրան Սարգսյանն իրավացի է. մեր երկրում որ հաստա՛տ անորոշությունների տեսակարար կշիռն ավելացել է, քանի որ իշխանությունները ոչ մի հստակ քաղաքական գիծ չունեն. շարժվում են օրվա կուրսով՝ վտանգելով մեր երկիրը, քանի որ նույնիսկ տեսական առումով երկիրը չպետք է նման կերպ կառավարվի, այլ պետք է որոշակի կայունություն պահպանվի, որպեսզի այն, վերջիվերջո, «շուռ չգա»:
Այդ իսկ պատճառով էլ գործող իշխանությանը պետք է «արագ հարմարվող սերունդ», որը կկարողանա հարմարվել իրենց «կուրսի արագ փոփոխություններին», և չի արտահայտի իր բողոքն իշխանությունների անհեթեթ պահվածքի դեմ: Նման սերունդ է պետք իշխանությանը, բայց արդյոք այն պե՞տք է նորմալ, կայուն պետություն ստեղծելու համար:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը