Լրահոս

07.10.2013 14:52


Մտավորականության լռությունը

Մտավորականության լռությունը

98 տարի առաջ, երբ երիտթուրքերն անցան հայ ժողովրդի զանգվածային ոչնչացմանը, նրանք առաջին հերթին հետամուտ եղան հայկական ինտելեկտուալ, մշակութային և քաղաքական էլիտայի ոչնչացմանը՝ շատ լավ գիտակցելով, որ հայ ժողովրդի մտավոր էլիտան կարող է խանգարել ու խոչընդոտ հանդիսանալ իրենց պլանների իրականացմանը: Այդպես էլ եղավ. թուրքերը «քաշեցին» հայ ազգի սերուցքն ու հեշտությամբ կատարեցին այն, ինչ մտադրվել էին:

Սա որպես մի փոքրիկ քնարական զեղում բուն թեմային անցնելուց առաջ:

Այսօր ՀՀ-ն կանգնած է մի շարք արտաքին և ներքին մարտահրավերների առաջ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն. դա ոչ մեկի համար չպետք է գաղտնիք լինի, առավել ևս՝ հայ հասարակության մտավոր էլիտայի: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Հայաստանի վիճակն օրհասական է, համենայնդեպս, ամեն մեկն իր ոլորտում դա շատ լավ է զգում՝ տնտեսագետը՝ տնտեսության, մշակութային գործիչը՝ մշակույթի, քաղաքագետը՝ քաղաքականության, քաղաքական գործիչը՝ պետական կառավարման համակարգում և այլն: Հայ մտավորական էլիտան շատ լավ գիտակցում է, որ երկրի պետական կառավարման մեջ այս վերջին տարիների ընթացքում մեծ ձախողում է գրանցվել, որը չի շրջանցել հասարակական կյանքի և ոչ մի ոլորտ, բայց շարունակում է համառ լռել, իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, այլ ճնշող մեծամասնության: Ու հենց այդ լռությունն է նաև նպաստում երկրում ամենաթողության, օրեցօր աճող աղքատության, գնաճի և արտագաղթի, քանզի վերին կառավարման օղակներում գտնվող անձինք իրենց անպատիժ և անհաշվետունակ են զգում հասարակության նկատմամբ: Այո՛, հայ ժողովրդի մտավոր էլիտան էլ է մեղավոր իր լռությամբ երկրում առկա վիճակի համար: Մեղավոր է X դասախոսը բուհ-ում, երբ շատ լավ գիտակցում է երկրի վիճակը, բայց ուսանողին, ելնելով իր անձնական հավակնություններից, դիրքորոշումներից ու շահերից, հեքիաթներ է պատմում: Մեղավոր է այն մասնագետը երկրում առկա վիճակի համար, որն իր գիտելիքները չի օգտագործում հօգուտ հանրային շահի, այլ ստում, պատվերով համերգ և սեփական դիրքորոշումներում անգամ թափառաշրջիկությամբ է զբաղվում: Մեղավոր է այն քաղծառայողը, որը ստանում է խղճուկ աշխատավարձ, բայց շարունակում է ստրուկի պես ծառայել մի իշխանության, որը չի էլ գնահատում այդ նվիրումը: Մեղավոր են բոլոր այն մտավորականները, որոնք սերունդ են կրթում ի հաշիվ իրենց լռության, վախի՝ ճշմարտություն ասելու ու բարձրաձայնելու: Մեղավոր են, երբ չեն պահանջում ձախողակ կառավարության հրաժարականը: Եվ միայն մեկ դեպքում կարող են արդարացում ունենալ, եթե տառապում են անմեղսունակությամբ:
Հ. Գ. Միշտ չէ, երբ լռությունը փրկարար է:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը