Մեկնաբանություն

27.09.2013 18:55


Ոսկե եռյակն այլեւս երկնքում է

Ոսկե եռյակն այլեւս երկնքում է

11 օր առաջ ՖԲ-յան իմ էջում կատարած գրառումս այսպիսին էր. «1995-ին Համազգային թատրոնի գրական մասի ղեկավարն էի, թատրոն, որ հիմնադրել է Սոս Սարգսյանը: Այդ տարիներին հատկապես Սոս Սարգսյանին համակել էր մահվան գաղափարը եւ շատ էր վախենում, որ՝ հեսա, հեսա ինքը մեռնելու է:

Մեր զրույցների ժամանակ հաճախ էր ասում՝ ախր, մերոնք էլ են, է՛, էս տարիքում մեռել...

Լրիվ երեխա...

Իսկ նա այդ ժամանակ 66 տարեկան էր...
Ասում էի՝ չէ, դուք շա՜տ երկար եք ապրելու... Լսում էր ու էլի երեխայի պես ուրախանում էր...
Հիմա Սոսը 83 տարեկան է, մի ամսից կդառնա՝ 84...Աստված արեւշատություն տա նրան:
Չգիտես, ինչու հիշեցի այս պատմությունը:
Հա՛.... Ուզում էի ասել՝ մի՛ վախեցեք մահից...»:

Իմ այս կատարած գրառումից 11 օր հետո՝ երեկ ԱՐՏԻՍՏԸ մահացավ: Քիչ է ասել՝ կարկամեցի, մի տեսակ ոնց որ «բայղուշություն» արած լինեի:

Եվ այսօր իմ այդ գրառման տակ տեսա Karen Tovmasyan-ի մեկնաբանությունը. «Երեկ ամենաշատը ձեր այս ստատուսն եմ հիշել, Ճիշտ ա երբեք առանձնահատուկ համակրանք չեմ ունեցել Սոս Սարգսյանի նկատմամբ, բայց էս ստատուսը որ կարդացի մեջս ուժեղ տպավորվել էր, ու երեկ ասում էի փաստորեն երևի կանխազգացել էիք կամ էլ ինչ որ տեղեկություն ունեիք»:

Պատասխանեցի, որ՝ ոչ մի տեղեկություն չունեի, երեւի, իրոք, կանխազգացում էի:

Պարզ է՝ երեկվանից մարդիկ իրենց ափսոսանքն ու ցավն են արտահայտում եւ կրկին համոզվում ես, թե ժողովուրդը որքա՜ն ուժգին է սիրում մարդկային եւ դերասանական այն տեսակը, որը Սոս Սարգսյանինն էր:

Ժողովուրդը հենց այնպես չի արտաբերում միայն անունները՝ Հրաչ, Փափազ, Ֆռունզ, Խորիկ, Սոս…

Երբ մեծերն իրենց արվեստով ապրեցնում են ժողովրդին, վերջինիս համար նրանք այլեւս իրենն են՝ իրենց սիրտը, հոգին, մաշկը, եւ արդեն «ավելորդ» են դառնում ազգանունները:

Հայ թատրոնի եւ կինոյի ոսկե եռյակը՝ Ֆռունզը, Խորիկը եւ Սոսը մի ամբողջ դարաշրջան են, որ վերջինիս մահով միայն թվում է, թե ավարտվեց:

Այս ոսկե եռյակը, ինչպես արդեն նկատվել է, դեռ սովետի շրջանում կարողացել է թատրոնում եւ կինոյում հաստատել «Մենք»-ի գաղափարը: Մենք՝ հայերս:

Արվեստագետի զտարյուն ազգային տեսակ, առանց որի անհնար է հետաքրքրություն առաջացնել համաշխարհային արվեստում:

20-25 տարի առաջ եղավ ժամանակ, երբ ոսկե եռյակը ներկայացնող անհատականությունները մի քիչ «խռովեցին» իրարից: Բայց որքան հեռացան իրարից, այնքան ուժգին սիրեցին իրար:

Հիշում եմ՝ 2004 թվականին՝ Խորեն Աբրահամյանի հուղարկավորության ժամանակ, Սոս Սարգսյանը, պարզապես, այլայլված էր եւ հենց Օպերայի թատրոնի շենքի մոտ, երբ ուզեցի «խոսեցնել» նրան՝ համարյա ապշած, թե ոնց պատահեց այս ահավոր բանը, պատմեց, որ մի քանի օր առաջ Խորիկի մոտ էր. «Մի քիչ իրեն լավ չէր զգում, ասի՝ Խորիկ, համը չհանես՝ հերթով է, ես քեզանից մեծ եմ, նախ ես պիտի գնամ, հետո՝ դու»,- վշտացած ասաց Սոս Սարգսյանը:

Ի դեպ, Խորիկին վերջին հանգրվան ճանապարհող թափորը հազիվ կարողացավ զսպել զայրույթը, երբ իմացավ, որ այդ օրը Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը փակել են թատրոնի դռները եւ անհետացել են: Մինչդեռ նախատեսված էր, որ մեծ դերասանի աճյունը պետք է մի քանի րոպեով դրվեր թատրոնի բեմում: Այնինչ, դուռը փակելով եւ անհետանալով՝ թույլ չտվեցին:

Իսկ 2010-ին հրատարակած իր «Կանչ» գրքում, Սոս Սարգսյանը դառնացած գրում է, որ այդպես էլ չի կարողացել մի խոսք ասել Մհեր Մկրտչյանի հոբելյանին, որն անցավ աննկատ. «Առիթը եկավ, գնաց: Սպասում էի, սպասում էի…Բաց թողեցի:

Քո վաթսունամյակը…Հավատացած էի՝ աղմկոտ տոն ենք անելու, ու համարյա աննկատ անցավ, «լայն խավերի» սեփականությունը չդարձավ: Կարող է մենք էինք մեղավոր, տանը չէինք, մեր տանը չենք, միգուցե մեր տեղը չգտա՞ն: Մեր տան գործերը թողած, ուրիշ տեղ էինք, ես էլ, դու էլ՝ մեր տանը չէինք…Էս ո՞ւր ենք գնում:

Հաղթանակների սովորած՝ որտե՞ղ ենք հաղթանակներ փնտրում…Կյանքը մեզ դես-դեն արեց, ինչ-որ մարդի՞կ, թե՞ «ժամանակը դուրս է եկել իր շավղից..»:

Տունը Սունդուկյան թատրոնն էր, որտեղից տարբեր պատճառներով հեռացել էր ոսկե եռյակը:

Սոսն էլ երբեք իր հոբելյանները չի նշել, ո՛չ 50-ամյակը, ոչ՝ 60-ը եւ ոչ էլ՝ 70-ը:

Նա խուսափում էր իր տարադարձը դարձնել «պետական միջոցառում» թեեւ՝ միշտ առաջարկել են:

Եվ միայն 2009-ին համաձայնեց, որ իր 80-ամյակը նշեն Օպերայի թատրոնում: Սակայն հոբելյանական հանդիսության ավարտը նա վերածեց իսկական միտինգի:

Շնորհակալական խոսք ասելու համար հոբելյարը վերջում բեմ բարձրացավ ու իր ելութի մեծ մասը նվիրեց այդ օրերին մեկնարկած հայ-թուրքական գործընթացին, ինչին դեմ էր: Դահլիճը փոթորկվեց նրա ելույթից եւ, կարելի է ասել, նրա ամեն նախադասությունից հետո արձագանքում էր բուռն ծափահարություններով:

«Ես երազում եմ, որ ինչ լինի, մենք չմոռանանք, որ թուրքերը հինգ հարյուր տարի ուզում են մեզ վերացնել: Թուրքը չի կարող մեզ սիրել, ավելի ճիշտ՝ չի կարող մեզ չատել, քանի որ մենք մեծ վկան ենք նրա վայրագ էության:

Ինչ էլ լինի, չմոռանանք էս փաստը, Եղեռնը, եթե մոռանանք եւ ավելի հզոր թափով չշարունակենք պայքարել, որ թուրքերը ընդունեն իրենց անմարդկային արարքը, ազգերը, ցեղերը, պետությունները մեզ կարհամարհեն:

Մեր երկիրը պետք է վերադարձնի մեզ: Ամենակարեւորը՝ չի կարելի ժողովրդի փուշը կոտրել, մանավանդ՝ Սփյուռքի:

Ես երազում եմ՝ գիտակցենք, որ արյունով հետ բերած տարածքներից մի թիզ անգամ չենք կարող վերադարձնել թշնամուն: Այլապես, մեզ վրա կծիծաղեն: Ես միշտ հավատացել եմ հայոց հանճարին, շարունակում եմ հավատալ:

Երազենք:

Ուրեմն՝ եթե բոլորս երազենք, եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազը»,- այդ օրը հայտարարեց Սոս Սարգսյանը:

Եվ վերջում. ով չի տեսել Խորեն Աբրահամյանի բեմադրությունը՝ «Հացավանը» եւ նրա հերոսներից մեկին՝ Մացակ ապորը մարմնավորած Սոս Սարգսյանի դերակատարումը, ապա, կարելի է ասել, առանց չափազանցության, լիովին չի կարող պատկերացնել Սոսի դերասանական հզորության չափը:

Մեր առջեւ ինչ-որ կուլակ չէր, այլ իր հողին պինդ կպած, արարող հայի հզոր տեսակ։

Այդպես են կերտում դերը՝ դարձնելով մոնումենտալ մի կերպար, որն ասում է՝ սա իմ հողն է, որտեղ ես ապրելու եմ մի՛շտ:

Ոսկե եռյակի արվեստի ուժը սա է՝ մենք, մե՛ր դեմքով ներկայանանք աշխարհին եւ պինդ երազենք, որ այն իրականություն դառնա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը