Մեկնաբանություն

17.09.2013 22:20


«Պայծառակերպ» խալաթ

«Պայծառակերպ» խալաթ

Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը հետեւելիս հիշեցի Դերենիկ Դեմիրճյանին, ով իր «Հայը» ստեղծագործության մեջ իրավացիորեն նկատել է. «Տեսե՞լ եք նրա բնակարանը. Խլուրդի ծակուռԲայց անցիր նրա երկիրը: Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու»:

Ճիշտ է, այսօր բացված եկեղեցական համալիրը Հայաստանի տարածքում չի կառուցվել, սակայն դեմիրճյանական նկատառումը, ինչպես ասում են՝ տարածվում է նաեւ մոսկովյան Հայոց առաջնորդանիստի վրա, քանի որ դարձյալ հայի շինածն է՝ տեղի հայության համար:

Ավաղ, հայաստանաբնակ հայության մեծ մասը այս եկեղեցական համալիրի ծնունդը ոչ միայն ծափերով չողջունեց, այլեւ չթաքցրեց իր դժգոհությունը եւ անգամ՝ վրդովմունքը: Գոնե սոցիալական ցանցերում արձաքանքներն այդպիսին են:

Որքան հեռուստաընկերությունները «մոլեգնորեն» են գովազդում նոր եկեղեցին, այնքան ավելանում է զայրույթը հանրության շրջանում:

Չափսերով ամենամեծը, ավտոկայանատեղիով՝ ամենամեծը, ամենաամենան, զարմանալիորեն չի ոգեւորում մարդկանց: Նույնիսկ Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով կառուցված լինելու հանգամանքը չի խանդավառում արարողությանը հեռուստաեթերով հետեւած հայաստանցիներին:

Իսկ հաջորդ տեղեկությունը, թե՝ «Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին և ՌԴ մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին»՝ մի տեսակ հունից հանեց շատերին:

Թող պատմի, բայց մոսկվացիներն ու այնտեղ հավաքված հոգեւոր եւ քաղաքական «էլիտան» արդյոք հիշո՞ւմ է, օրինակ, Հրաչյա Հարությունյանի դեմքը։ Թող Աստված մեզ ների, բայց այս ամենը անբարոյականություն է:

«Հայ տղամարդուն Մոսկվայում խալաթ են հագցնում ու այդպես ցույց են տալիս ողջ աշխարհին, իսկ այսօր նույն Մոսկվայում արարողություն են անում: Էն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը տեր չկանգնեց հայ վարորդին: Հիմա սրանով հայ ժողովրդի ի՞նչն են պատմելու մոսկվացիներին, որոնք արդեն տեսել են «հայ ժողովրդին»՝ խալաթով»,- սոցցանցերում հիմնական հարցադրումը սա է:

Իսկ մեկ այլ օգտատեր էլ նեղսրտած հարցրեց . «Ինչո՞ւ բարեպաշտ հայորդիների միջոցների հաշվին Մոսկվայում ավարտին է հասցվել Հայոց առաջնորդանիստ Սբ. Պայծառակերպություն եկեղեցին և այսօր օծվել, իսկ Արցախում Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի շինարարության աշխատանքները ֆինանսական միջոցների պատճառով գրեթե կանգնել է»:

Դե, իսկ շատերի հեգնախառը նկատառումը նույն է. «Եթե կա Բենթլի Սամո, տերտերական սուտի բարեպաշտ վարչապետ, որոնք օֆշորներում են ֆռֆռում ու մեռոլոցը սարքել են ազգի «հարատեւման» բանաձեւ, էլ ով է հավատում եկեղեցուն, որտեղ Բենթլի Սամոյի տիպի հոգեւորականները քիչ չեն, իսկ մեր վեհափառն էլ «գողական ժարգոնով է խոսում վրաց պատրիարքի հետ…էսքանից հետո էդ եքա շինություն ինչ նշանակություն ունի հայության համար»:

«Ախր, էս մեր երկրի տարածքում 10-12-րդ դարերի եկեղեցիներ կան, որ փլվում են, էդ ռուսաստանահայ հարուստները փոխանակ հովանավորեն, որ դրանք վերակառուցվեն, որ սարերի գլխին անտեր մնացել են՝ հսկայական գումարներ են հատկացրել նոր եկեղեցի կառուցելու համար: Էն էլ Մոսկվայում, որտեղ կան հայկական եկեղեցիներ»,- սա էլ մեկ ուրիշի արձագանքն է:

«Սեփական պիառի համար Սերժը գնացել կանգնել աղոթում ա, տո, արի երկրիդ ու ժողովրդիդ տեր կանգնի՝ թե կարաս, ոչ թե…ժողովուրդը ոչ քեզ ա հավատում, ոչ էլ արդեն եկեղեցուն»,- գրել է մեկ ուրիշը:

Ինչեւէ, ահա այսպիսի «պայծառակերպ» մտքեր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը