Մեկնաբանություն

09.09.2013 20:14


Հայ լրագրության մահը

Հայ լրագրության մահը

Այսօրվա թիվ մեկ լուրն այն էր, որ լրագրողները ԱԺ դահլիճում չեն տեսել գեներալ Մանվելին:

Հավանաբար, նրանց վշտացնում է այն հանգամանքը, որ նիստին ներկա չէ թիվ մեկ օրենսդիրը:

Իսկ նախօրեին լրագրողները մրցավազքի մեջ էին՝ ում կհաջողվի առաջինը զրուցել հանցագործի հետ: Ի վերջո, Լիսկային «բռնացրին» Գորիս-Երեւան ճանապարհին: Երջանկությունից քիչ էր մնում ուշաթափվեին, որ Լիսկան պատասխանում է իրենց հեռախոսազանգին: Ու անմիջապես սկսեցին հետաքրքրվել նրա մարդասպան որդու որպիսությամբ, որին ազատ են արձակել. «Ինչպե՞ս է իրեն զգում ձեր որդին, դուք արդեն նրան տեսե՞լ եք»: Եվ նմանատիպ քծնողական հարցեր տվեցին հանցագործ որդու հանցագործ հորը:

Իսկ վերջինիս այլ բան չէր մնում անելու, քան մուննաթ գալ, թե՝ նախ մի հատ շնորհավորեք:

Անկասկած շնորհավորել են, սակայն այդ մասին չեն գրում:

Ասեք՝ սրանք ինչով են տարբերվում լիսկաներից ու մանվելներից, ինչով են նրանցից լավը...

Ոչ մի արժանապատվություն, ոչ մի բարոյականություն:

Թեպետ, այս երկու փաստով չէ, որ պետք է նման պնդում անել. հայ լրագրության բարոյական մահը վաղուց է արձանագրվել: Այն պահից, երբ սկսեցին իրենց երեւակայել իբրեւ «անկախ» ու «ընդդիմադիր», իրականում, սակայն, նրանք սրբորեն կատարում են պալատի հրահանգներն ու պատվերները:

Առավոտյան «քլնգում» են իշխանությանը, իսկ երեկոյան վազում են մասնակցելու իշխանական գործիչների կազմակերպած կերուխումին:

Առավոտյան «հայհոյում» են այս կամ այն գերատեսչությանը, իսկ երեկոյան տվյալ գերատեսչության ղեկավարին դիմում են անձնական հարցով եւ ստանում ուզած նվերը:

Առավոտյան «բացահայտում» են այս կամ այն հանցագործ չինովնիկի կատարած հերթական օրինախախտումը, իսկ երեկոյան համապատասխան «վերաբերմունքի» դիմաց խոստանում «թեման ստոպ տալ»:

Առավոտյան հեգնում ու ծաղրում են Սերժ Սարգսյանին, իսկ երեկոյան ընդունում առաջին տիկնոջ հրավերը՝ իրեն այս կամ այն վայր ուղկցելու առաջարկով:

Առավոտյան դատապարտում են Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, իսկ երեկոյան պալատից ստացած հերթական հանձնարարակով հաջորդ օրը «մանրամասնում» են, թե ովքեր են մեղավոր նման քաղաքականութան իրականացման համար: Բոլորը, բացի՝ Սերժ Սարգսյանից:

Առավոտյան նախագահականի հուշարարությամբ անարգանքի սյունին են գամում այս կամ այն իշխանական օլիգարխին՝ վերջիններիս համարելով «չարիք», որոնք արգելակում են երկրի զարգացումը, իսկ երեկոյան երդվում են մոռանալ այդ անունը: Բաղրամյան 26-ի համար «էդքանը հերիք ա, որ խելքը գլուխը հավաքի ու հանկարծ ուրիշ խաղեր չտա»:

Մի խոսքով, ողջ տարին պարում են Սերժ Սարգսյանի դուդուկի տակ՝ անհաջող փորձ անելուվ, թե իբր չեն սպասարկում իրենց պատվիրատուի հավակնությունները, իրականում, սակայն, ստրկուհի Իզաուրայի կարգավիճակում (ընդ որում՝ հիմնականում տղամարդիկ) շարունակում են անձնուրաց ծառայել պալատում նստած իրենց հուսալի ստնտուին:

Անշուշտ, լրագրողական էս թանձր գաղջությունից դուրս կան հատուկենտ լրատվամիջոցներ, որոնց բարոյական մահ չի սպառնում, սակայն կարելի է հաստատապես ասել, որ լրատվական դաշտի 90 տոկոսը վաղուց բարոյապես մեռած է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը