Մեկնաբանություն

06.09.2013 17:36


Դե ճնշումը հիմա դու տե՛ս

Դե ճնշումը հիմա դու տե՛ս

Արդեն «շունը տիրոջը չի ճանաչում»: Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից հետո շարունակվող գնահատականների ու հայտարարությունների «տարափը», թերեւս, այսպես կարելի է բնորոշել:

Խոսքն հատկապես եվրոպաներից ստացվող արձագանքների մասին է, որոնց հեղինակները սկզբում բացատրություն էին պահանջում Հայաստանից, հետո ԵՄ-ի հետ ասոցացման եւ Մաքսային միությանը միանալու խնդիրներում ինչ-ինչ «համատեղելիության» պահեր հայտնաբերեցին և սլաքներն ուղղեցին Ռուսաստանի կողմը: Հիմա էլ ԵՄ–ն Ֆյուլեի ու նրա խոսնակի շուրթերով հայտարարում է, որ Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշումը նշանակում է, որ ասոցացման համաձայնագիր չի ստորագրվի։

Երեկ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը և ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ:

ԵԺԿ-ն չի մանրամասնում, թե այդ ինչ ճնշումների մասին է խոսքը, երբ մանավանդ, Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը երդվում են, որ իրենց վրա ճնշումներ չեն եղել:

Այս պարագայում պարզապես տարօրինակ է, երբ ԵԺԿ-ն ստանձնում է «ճնշված» Սերժ Սարգսյանին փաստաբանություն անելու դերը:

Եթե իսկապես ՌԴ-ի կողմից «ճնշումներ» եղել են, ապա նախ պետք է հստակեցնել, թե ինչպես է հնարավոր դիմել նման քայլի: Որքան հայտնի է՝ ճնշում են նրան, ով թույլ է կամ ով թույլ է տալիս, որ իրեն ճնշեն:

Գուցե ԵԺԿ-ն նաեւ ա՞յս հանգամանքը շեշտեր: Սակայն դա չի շեշտում եւ միայն դատապարտում է «Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը»:

Իրոք, զարմանալի է: Լավ, ենթադրենք, նրան Մոսկվայում ճնշեցին, սակայն առաջիկայում Մաքսային միությանը միանալու որոշումը պետք է ընդունվի Հայաստանի խորհրդարանի կողմից: Հետաքրքիր է, խորհրդարանական մեծամասնությանը ով է ճնշելու, որպեսզի քվեարկեն այդ որոշման օգտին: Երեւի այս անգամ էլ Սերժ Սարգսյանն է «ճնշելու» իր կուսակից պատգամավորներին, որ սեղմեն կոճակները:

Առավել զարմանալի է ԵԺԿ հայտարարությանը ՀՀԿ-ականներ Արտակ Զաքարյանի եւ Արմեն Աշոտյանի արձագանքը, ինչից ոչ ոք ոչինչ չհասկացավ:

«Հայաստանը որպես կռվախնձոր դիտարկող ուժերը չեն կարող երկարաժամկետ գործընկեր լինել»,– հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը:

Թե ովքեր են այդ ուժերը նա չի մանրամասնել: Իրոք, մազալու է:

Երբ նրա կուսակցության առաջնորդը անցած տարիներին փորձում էր խաղալ «երկու լարի վրա»՝ «այո» ասելով թե՛ մի կողմին եւ թե՛ մյուս կողմին, դա նշանակում է, որ Արեւմուտքն ու ՌԴ-ն Հայաստանը դիտարկել են որպես «կռվախնձո՞ր»։

Հակառակը՝ թե՛ Եվրոմիությունը եւ թե՛ Ռուսաստանը Սերժ Սարգսյանին հատուկ զգուշացրել են, որ պետք է կողմնորոշվի՝ «կամ-կամ»:

Եվ հիմա Աշոտյանը իր շեֆի արտաքին քաղաքական ձախողումները փորձում է հրամցնել իբրեւ «ձեռքբերում», ինչի «շնորհիվ» գերտերությունները իբր «գյուլլա են գցում» Հայաստանի համար: Անհեթեթություն:

Դառնալով «ճնշումների» մասին հայտարարող եւ դրանք դատապարտող ԵԺԿ-ին, պետք է պարոն Մարթենսին տեղեկացնել, որ Սերժ Սարգսյանին ճնշող մի ուժ կա: Դա Հայաստանի ժողովուրդն է, որ շարունակում է կասկածի տակ դնել նրա լեգիտիմությունը եւ այսօր էլ անընդունելի է համարում Բաղրամյան 26-ում մնալու նրա համառությունը: Եթե մեկին ժողովուրդը չի վստահում, ապա ինչպես կարող է նա Մոսկվայում հայտարարություններ ստորագրել՝ իր այդ քայլը ներկայացնելով որպես «Հայաստանի ցանկություն»: Նույն կերպ էլ Սարգսյանը չէր կարող ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել, քանզի ոչ լեգիտիմությունը նման հնարավորություն չի տալիս, որքան էլ մարթենսներն ամեն կերպ օժանդակում էին ընտրակեղծիքներն ու ծափահարում «արևմտամետ» Սարգսյանին։

Սարգսյանի վրա, իրոք, ճնշում կա։ Դա մեր ժողովրդի ճնշումն է և այն գնալով ուժեղանալու է։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը