Մեկնաբանություն

14.08.2013 00:05


Փողոցի պայքարն ու «բազեի» երգը

Փողոցի պայքարն ու «բազեի» երգը

Փողոցներում պայքարող ակտիվիստների և Բաքվում գերության մեջ հայտնված հայ զինվորի ֆոնին «Բազե»-ի շռնդալից մեկնարկը ցուցանում է իրար հակասող իրողություններ:

Առաջինը իրական կյանքն է, երկրոդը՝ կեղծ իրականությունը կամ մեր կյանքի ցուցափեղկը:

Նայում ես «Բազե»-ի տոնական տեսահոլովակը ու հասկանում, որ կարմիր, կապույտ, ծիրանագույն ճակատները մեկ շաբաթ քեֆ են քաշելու, ինչի համար պետբյուջեից հատկացվել են տասնյակ միլիոններ: Հայտնի չէ՝ ինչ գաղափարի շուրջ են հավաքվել 500 մասնակիցները, բայց խոսվում է ինչ-որ գաղափարի մասին: Եվ երբ լսում ես «Բազե»-ի երգը՝ ոչ այն է ծիծաղես, ոչ այն է՝ քմծիծաղես: «Հզոր երկիր, բարի, քնքուշ երկիր, քո անդորրը կապահովենք մենք»:

Ի դեպ, այս անգամ պատկերը մի տեսակ ամբողջական չէ. Աշոտյանն իր կարմիր շորտիկով չկա: Փոխարենը Կարեն Ավագյանն է՝ կարմիր շապիկով վարչապետի, Տարոն Մարգարյանի եւ Կովալենկո Շահգելդյանի կողքին նստած: Եվ երբ ճակատները փուչիներով զվարթ քայլում են, մի պահ անհանգստանում ես՝ հանկարծ նորից չպայթե՞ն փուչիկները՝ այրելով բարձրաստիճանների երեսն ու ձեռքերը:

Կարմիր, կապույտ, ծիրանագույնները պատրաստի հարցեր են տալիս հյուրերին ու լսում հերթապահ պատասխաններ:

Այս ջերմ զրույցի ընթացքում բացառված են քաղաքապետարանի մոտ եւ այլ վայրերում պայքարը շարունակող իրենց տարեկիցների պահանջների վերաբերյալ հարցերը: Առավելևս բացառվում են մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հարցերը. չէ՞ որ դեպի «ապահով Հայաստան» ենք գնում։ Ինչևէ։

Փաստորեն, «ապահով Հայաստանում» տարեկիցները պետք է փողոցներում պայքարեն, արեւահարվեն, բերման ենթարկվեն ոստիկանական բաժանմունքներ, գիշերները պաշտպանվեն տրանսվեստիտներից, կռիվ տան վրան տեղադրելու համար, իսկ իշխանության կողմից հավաքագրված կարմիր, կապույտ, ծիրանագույն «ոսկի երիտասարդությունը» պետք է վայելի մեկշաբաթյա ռելաքսը՝ «ապահովելով հզոր, բարի ու քնքուշ երկրի անդորրը»,:

Քաղաքապետարանի մոտ ՀՀԿ-ի տատին պետք է գոռգոռա ակտիվիստների վրա, հայհոյի նրանց, բողոքի, որ «տարածքը կեղտոտում են, ձմերուկ են ուտում-թափում, միզում են պատերի տակ», իսկ բազեականների «էլիտար» ճակատները պետք է ընդունեն հյուրերի, լսեն նրանց քաղաքական դասախոսությունները, սպորտով զբաղվեն, օգտվեն բիոզուգարաններից և այլն:

Ինչեւէ, երկրի երիտասարդության մի հատվածը իր էներգիան ծախսում է իրական պայքարի դաշտում, որպեսզի ունենա օրինավոր երկիր, իսկ մյուս հատվածը երգում-պարում ու խաղում է իշխանության թեւի տակ, քանզի երկիրն արդեն «հզոր, բարի ու քնքուշ» է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը