Մեկնաբանություն

29.07.2013 15:08


Մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է

Մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է

Սերժ Սարգսյանը արձակուրդային եվրոպաներից է ժպտում, Տիգրան Սարգսյանը՝ կառավարական կաբինետից:

Ամառային թեժ իրադարձություններին հետեւելիս անհնար է չնկատել, թե ինչպես է հերթական ըմբոստությունը կլանում նախորդին՝ մոռացության մատնելով նախկին այլանդակություններն ու ապօրինությունները:

Կարճ՝ հանրային վարքագիծը գնալով ավելի անտրամաբանական է դառնում:

«Տրանսպորտային անհնազանդությունը» գրեթե մոռացության է մատնել վարչապետի եւ Կճոյանի օֆշորային սկանդալը:

Մեկ ամիս առաջ էլ օֆշորային սկանդալը մոռացության մատնեց Լիսկայի առանձնատան մոտ տեղի ունեցած թրիլլերը կամ Լորետայի հրամանատարությամբ կազմակերպված մարտական գործողությունները: Եվ այսպես շարունակ: Էլ չասած, որ բոլորը հաշտվել են երեք ընտրություններում Սերժ Սարգսյանի «խփած» տոկոսների փաստի հետ:

Ի դեպ, այսօր արդեն «անկախ» լրատվամիջոցները Լիսկայից հարցազրույցներ են վերցնում այնպես, ասես գործ ունեն ամենաօրինական քաղաքացու կամ ամենապարկեշտ մարզպետի հետ:

Բառացիորեն մարազմի ականատես ենք դառնում, երբ հետեւում ենք նախկին մարզպետի ու Սիսիանի քաղաքապետի միջեւ շարունակվող հեռակա «փոխհրաձգություններին» կամ «արդարացումներին», որոնք եռանդորեն լուսաբանում են լրատվամիջոցները:

Սիսիանի քաղաքապետն ակնարկում է, որ մարզպետ եղած ժամանակ Լիսկան լավ չի նայել իր քաղաքին, իսկ Լիսկան ամենազորի կեցվածքով հակադարձում է քաղաքապետին:

Հետեւում ես լրատվամիջոցների տարածած «առճակատումային», նյութերին ու հասկանում, որ նրանք բացահայտորեն փորձում են Լիսկային կերտել որպես «սրտացավ ու բանիմաց» մարզպետ:

Նողկալի է:

Վարչապետն ու Կճոյանը վերջին շաբաթներին երջանկության եղջյուրից ջուր են խմում:

Հիմա շատ քչերն են հիշում Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի կիպրոսյան օֆշորում թողած հետագիծը, քանզի սոցցանցային միտքը տրոփում է ծաղրանք-հեգնանքի զգացումից. բոլորը լծվել են «ծովային» կամ «ճահճային» Երեւանի եւ «ադմիրալ» Տարոնի շուրջ բանահյուսական-երգիծական թեմաներով ռեպլիկներ ու կոլաժներ պատրաստելու գործին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր տրվել ենք սրամտությանը՝ մոռանալով գլխավորի մասին: Սա ամենահեշտ բանն է՝ կծել, խայթել, հռհռալ ու անցնել առաջ, կամ, որ ավելի ճիշտ է, զբաղվել ինքնախաբեությամբ:

Պարոնա՛յք, Ժվանեցկու հաղորդման շրջանակներում մնալը քիչ է: Ճիշտ է, այդ ձեւաչափում դուք ձեզ լավ եք զգում, բայց դրանից երկիրը չի՛ փոխվում…

Ինչպես ասում են՝ գլխից է պետք բռնել։ Թե չէ՝ Գալուստ Սահակյանի եւ նրա որդու «հորքուր-մորքուրական» գծերի մասին ո՞վ չգիտի:

Էդ նույնն է, որ հավատաք հեքիաթին, երբ թագավորը հայտարարում է, թե՝ ով այնպիսի մի սուտ կասի, որ ես ասեմ՝ ճիշտ է, թագավորությանս կեսը կտամ նրան: Գալիս է Գալուստն ու ասում. «Ես երթուղային գիծ չունեմ, թագավորն ապրած կենա, հավատա՝ իմը մենակ քաղաքական գիծ է»: Լսելով նրան՝ Սերժ Սարգսյանը զարյացած գոռում է՝ սո՛ւտ է…Ու թագավորության կեսը տալիս է Գալուստին:

Էս հեքիաթին դուք հավատո՞ւմ եք:

Ինչեւէ, երիցս ճիշտ է մեծ գրողը՝ Հրանտ Մաթեւոսյանը, որ գրել է. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է»:

«Իրենց» ասելով՝ նկատի ունի իրական թշնամուն: Տարբերությունը մեծ չէ. այսօր «իրենց»-ի տակ հանգիստ կարող ենք տեսնել գործող իշխանությանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը