Մեկնաբանություն

16.07.2013 13:50


«Հայկական աշխարհի» զոհերը

«Հայկական աշխարհի» զոհերը

Տիգրան Սարգսյանի տնտեսաքաղաքական փիլիսոփայությունը հերթական անգամ իր կոնկրետ դրսևորումներն է ստանում։ Ռուսաստան աշխատանքի մեկնած հայը 18 հոգու մահվան ու բազում վիրավորների պատճառ է դարձել։

Հայերը նոր չեն գնում խոպան ու փող ուղարկում տնեցիներին, բայց հարկ է նկատել, որ 2008–ից սկսած արտագաղթի խթանումը հռչակվեց որպես պետական գաղափարախոսություն։ Անունը դրեցին «Հայկական աշխարհ» ու լծվեցին աշխատանքի։

Թող պարադոքսալ չթվա, բայց իշխանություններից դժգոհ արտագաղթողներն այս իշխանության հենարանն են։ Նախ, ինչպես անկեղծ խոստովանել էր վարչապետը, այստեղ չմնալով՝ հեղափոխություն չեն անում։ Բացի այդ, արտագաղթելով և դրսից փող ուղարկելով՝ մարդիկ նպաստում են Հայաստանի ներսում սպառման որաշակի ծավալների ապահովմանը, ինչը հարստանալու հնարավորություն է տալիս հարկեր հավաքող և բյուջեն «ատկատահան» անող իշխանությանը։

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանից արտագաղթի տեմպերի մեծացման հարցում շահագրգռված է նաև Ադրբեջանի իշխանությունը, ինչը հասկանալի է։ Իսկ դա նշանակում է, որ շահերի համընկնում կա Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների միջև։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ այս իշխանություններն ու Հայաստանի շահն անհամատեղելի են։ Հետևաբար, «Արտագաղթ կամ իշխանափոխություն» և «Պատերազմ կամ իշխանափոխություն» կարգախոսները դառնում են ամենաարդիականը։

Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի իշխանությունից, որպեսզի հայաստանցիները մնան Հայաստանում։ Այ ա՛յս հարցում է, որ պետք է առաջնորդվել «կամ–կամ» տարբերակով։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սյունիքի նախկին մարզպետի տան բակում մարդ են սպանում։ Բոլորս արդարացիրեն վրդովվում ենք և համընդհանուր պարսավանքի ենթարկում բդեշխության քայլող մարմնավորում դարձած Լիսկային։ Բայց արի ու տես, որ մեզանում հայտնվում են մարդիկ, ովքեր պաշտպանության տակ են առնում Տիգրան Սարգսյանին ու արդարացնում նրա գործունեությունը՝ «արևմտամետության» բլեֆն օգտագործելով։ Մինչդեռ «բարեպաշտ» Տիգրան Սարգսյանի գործունեությունից տուժողներն անհամեմատ ավելի շատ են, քան բոլոր տիպի լիսկաների զոհերը միասին վերցրած։

Քանի՞սն են սպանվել օտար և ամայի տարածքներում ու դարձել այլոց մահվան պատճառ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհում» հայտնվելու հետևանքով։ Հիմա ո՞վ է ավելի վտանգավոր՝ Լիսկա՞ն, թե՞ Տիգրան Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը