Մեկնաբանություն

29.06.2013 20:30


Վարչապետին աշնա՞նն են «հաշվում»

Վարչապետին աշնա՞նն են «հաշվում»

Այս շաբաթ իշխանությունները այնքան էին շփոթվել իրենց գործողությունների և պլանների մեջ, որ արդյունքում հակասական, իսկ երբեմն նաև` ծիծաղելի վիճակում էր հայտնվել իշխանական քարոզչություն իրականցնող «ազատ» մամուլը:

Շաբաթվա սկզբին վարչապետական քարոզչամեքենան տարածում էր դավադրության մի տեսություն, ըստ որի՝ որոշ չար ուժեր մեծ գումարներ են ծախսում, որպեսզի օֆշորային սկանդալը «տաք» պահվի: Այդ տեղեկությունը տարածած «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում նշել է`«Ուրախ եմ, որ «Առավոտի» փոքրիկ եւ, ընդունում եմ, ոչ հավաստի լուրը հարգարժան գործընկերների համար երկարաշունչ վերլուծությունների հիմք է տվել» (http://www.facebook.com/aram.abrahamyan.5?fref=ts): Ապա «Առավոտը» շտապել է հանել իր կայքէջից (http://www.aravot.am/2013/06/26/259068/) վերոհիշյալ ակնհայտ ոչ հավաստի և ակնհայտ տիգրանահաճո «տեղեկություն-լուրը»: Ավելին` Արամ Աբրահամյանը, ցանկանալով «մաքրվել» այդ լուրից, նշել էր, թե վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի վարչապետին հանեն՝ կանխատեսելով, որ դա կարվի սեպտեմբերին։

Ահա այսպես հերքվեց վարչապետական ամենաբացահայտ քարոզչական նպատակներով տպագրված նյութը, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ իշխանական մամուլը շարունակում է պրովարչապետական քարոզչությունը: Այդ քարոզչության մեխը «Եկեք առաջնորդվենք անմեղության կանխավարկածով և սպասենք իրավապահների արձագանքին» ձևակերպումն է։

Եթե փորձենք ընդհանրացնել իշխանական քարոզչության մեսիջները, ապա «Սպասեք սեպտեմբերին, տեսեք, թե ինչեր է անելու Սերժ Սարգսյանը» թեզն ամենաակտիվ շրջանառվողն է «անկախ» լրատվամիջոցների կողմից։

Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի դրսևորումներ կստանա այդ քարոզչությունը, հարկ է նշել, որ Տիգրան Սարգսյանը հանրային մարդ է, ուստի նրա վերաբերյալ որևէ բացահայտում` լինի իրավական, թե քաղաքական առաջին հերթին հենց հանրային քննարկման առարկա է: Այդ իսկ պատճառով վարչապետը նախ պետք է հանրության համար որևէ հստակ բացատրություն տա, որը, սակայն, Տիգրան Սարգսյանը դեռ չի արել: Ավելին, վարչապետը մինչ այս պահը իրար հակասող հայտարարույթուններ է արել, իսկ վերջում դիմել դատախազություն, արդյունքում` հայտնվել է հանրության համար է՛լ ավելի անվստահելի դիրքում, քանի որ դատախազության և մասնավորպես ՀՀ գլխավոր դատախազ Աղավան Հովսեփյանի հանդեպ վաղուց չկա որևէ հանրային վստահություն:

Վարչապետական քարոզչական հիմնական կայքը թերևս իր օգնական Նարեկ Գալստյանի (http://www.gov.am/am/staff-structure/other/540/) տնօրինած «haynews.am» կայքն է, որի հիմանական գործառույթը Տիգրան Սարգսյանին քննդատող քաղաքական ուժերի և գործիչներին վերբերվող անհասկանալի վելուծույթուններ կամ պարզապես վիրավորանքներ հրապակելն է:

Օֆշորի ու բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման հետ կապված «գաղափարական» հարցերում աչքի է ընկնում «lragir.am»–ը՝ արդարացնելով Տիգրան Սարգսյանին։

Իշխանական քարոզչամենքենան Տիգրան Սարգսյանի «բարի անունը» մաքրելու նպատակով հրապարակ է բերել նաև վաղուց բացահայտված, «նավթալինոտ» և նորելուկ բազմաթիվ «դհոլների»: Նրանցից ամենաակտիվը, իհարկե, Արշակ Սադոյանն է, որին իշխանությունները հին օրերի պես` իբրև մի լարած տիկնիկ միացրել են և օր ու գիշեր «ռասկրուտկա» են անում հնարավոր բոլոր լրատվամիջոցներով:

Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը փորձում է օֆշորային սկանդալին առնչվող զարգացումները հետաձգել մինչև աշուն և հետագայում «մեռցնել»՝ փակելով թեման: Բայց սկանդալի բացահայտման սկզբնաղբյուր հանդիսացող «Հետք»-ը պատրաստվում է օֆշորային սկանդալին վերբերող նոր փաստեր հրապարակել, հետևաբար, ի հեճուկս Սերժ Սարգսյանի՝ քաղաքական ամառը կարծես արձակուրդային չի լինի։

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը