Մեկնաբանություն

18.06.2013 14:44


«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

Որքան շատ են նախագահական նստավայրին կցված լրատվամիջոցները տարածում այն թեզը, թե իբր Սերժ Սարգսյանն արևմտամետ է և հերոսաբար պայքարում է «Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ (ականջդ կանչի Պարույր Հայրիկյան), այնքան Հայաստանը կամաց–կամաց վերածվում է ռուսական պետության կցորդի։

Որքան շատ են Սերժ Սարգսյանի հաճախորդները (ականջներդ կանչի Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան և մյուսներ) պնդում, թե Սերժ Սարգսյանը թունդ արևմտամետ է և ձգտում է ԵՄ, այնքան Հայաստանը, Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման դիմաց, Ռուսաստանին է հանձնում մեր ունեցածն ու չունեցածը։ Սերժն այնքան անողնաշար պահեց իրեն ՌԴ–ի հետ հարաբերություններում, որ նրանք արդեն մեր տների կահ–կարասին են շուտով տանելու։ Ընդ որում՝ ռուսներին մեղադրելն այդ հարցում մանկամտություն և անմեղսունակություն է։ Նրանք իրենց շահերն ունեն։ Իսկ ո՞վ էր խանգարում ՀՀ իշխանություններին պահել մե՛ր շահերը։

Որքան շատ են պալատական սազանդարներն ու ՀՀԿ–ի «ողջախոհ» թևի ներկայացուցիչները (ականջդ կանչի, Շարմազանով) հայտարարում, թե Սերժ Սարգսյանի իմաստուն ղեկավարությամբ Հայաստանը ճկուն և նախաձեռնողական քաղաքականություն է վարում արտաքին ասպարեզում, այնքան վատանում են մեր հարաբերությունները թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ։

ԱՄՆ–ը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն է կանգնեցնում՝ հասկացնելով, որ կոռումպացված իշխանության հետ չի ուզում գործ ունենալ, ինչպես նաև կրճատվում են արևմտյան ուղղակի ներդրումները. իսկ Ռուսաստանն էլ գազն է թանկացնում, քանզի տեսնում է, որ գործ ունի անհուսալի և աշխարհաքաղաքական թափառաշրջիկությամբ տառապող մարդկանց հետ։ Արդյունքում՝ Հայաստանն ու ՀՀ քաղաքացիներն են տուժում։ Սա՛ է «նախաձեռնողականության» արդյունքը։

Անգամ հարևան–բարեկամ Վրաստանի իշխանությունների հետ պաշտոնական Երևանը գործնականում շփում չունի։ Երբեք այսքան սառը չեն եղել Հայաստան–Վրաստան հարաբերությունները։ Պատճառը շատ պարզ է՝ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը ինչ–ինչ գործարքներով կապված են Սահակաշվիլու ռեժիմի հետ (այդ մասին գրում են վրացական լրատվամիջոցները) և այդ իսկ պատճառով էլ Վրաստանի ԱԺ ընտրությունների ժամանակ աջակցում էին հակահայկական քաղաքականություն վարող այդ ռեժիմին։ Սակայն հաղթեց Իվանիշվիլին, ով իր և Վրաստանի շահերից ելնելով՝ պրոհայկական գիծ է որդեգրել, ինչը, օբյեկտիվորեն, այժմ հեռացնում է Վրաստանի ու Հայաստանի իշխանություններին։ Ցավալի է, իհարկե, այս բանն արձանագրելը, բայց դա փաստ է։

Վրացական իշխանությունները զարմացած են ու շշմած ՀՀ իշխանությունների պահվածքով, քանզի իրենք Սահակաշվիլու վարած քաղաքականության հետևանքով Վրաստանի բանտերում հայտնված հայ քաղբանտարկյալներին են ազատում, իսկ ՀՀ իշխանությունները լոբբինգ են անում սահակաշվիլիական թիմին ծառայող հայկական ազգանունով բերիաների օգտին։

Ուշագրավ է, որ Իվանիշվիլիի թիմը կալանավորել է բազմաթիվ ֆինանսական մեքենայություններով զբաղված և Ջավախքում հակահայկական գիծ բռնած Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, իսկ ահա ՀՀԿ–ի պատվիրակությունը «Եվրանեսթի» համաժողովում քվեարկում է Մերաբիշվիլուն պաշտպանող ԵԺԿ–ի ներկայացրած հայտարարության օգտին։

Ահա այսպիսի «նախաձեռնողականություն» Սերժի կողմից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը