Լրահոս

01.06.2013 10:45


Օսկանյանի «փողերի լվացման» պատմության ժամանակ բլբուլ կտրողները ինչո՞ւ ծպտուն չեն հանում

Օսկանյանի «փողերի լվացման» պատմության ժամանակ բլբուլ կտրողները ինչո՞ւ ծպտուն չեն հանում

Բայց ինձ իրոք հետաքրքրում է՝ Օսկանյանի «փողերի լվացման» պատմության ժամանակ բլբուլ կտրողները ինչո՞ւ ծպտուն չեն հանում վարչապետի օֆշորային գործարքների և այլնի հետ կապված։
Մեր ընդդիմադիր, շատ ընդդիմադիր թերթերն ու լրագրողները, որոնք Օսկանյանի ժամանակ ցպահանջ արդարություն էին պահանջում, Օսկանյանին ցցի հանելու կոչերով էին հանդես գալիս, ինչո՞ւ գոնե մեկ բառով չեն քննադատել վարչապետի օֆշորի պատմությունը, որ ես էլ տեսնեի, մտածեի՝ հա, էլի, էս մարդիկ սկզբունքային են. իրենց համար հեչ կապ չունի թե ում մասին է խոսքը:
Այն ժամանակ անգամ Օսկանյանին դատապարտողները վստահ չէին, որ գործը սարքովի չէ, իսկ վարչապետի առնչությունը օֆշորի պատմությանը ակնհայտ է, փաստաթղթերով ու մանրամասներով ապացուցված, բայց ոչ մեկին ասես դա չի հետաքրքում, էշի ականջում քնել են:
Էլի եմ ասում՝ մեզ Սերժն ու վարչապետը քիչ էլ են, մենք ավելի բեթարին ենք արժանի։ Վրաստանի պես երկրում, որը դեռ 10 տարի առաջ իր բոլոր չափանիշներով մեզ 10 անգամ զիջում էր, մի թեթև նվերի պատմությունը դառնում է քաղաքական օրակարգի թիվ մեկ քննարկման թեմա, որովհետև հասարակությունը հասունացել է, պահանջատեր է, իր իրավունքների համար պայքարող ու իր շահերը գիտակցող է... Իսկ մեզ մոտ 18 տարեկան երեխային բանակում խաղաղ պայմաններում սպանում են, ասում ենք՝ անդաստիրակ են, երեխայի սպանությունը մի՛ քաղաքականացրեք, գազի գնի գաղտնի պայմանագիր են կնքում ու միայն մեկ ու կես ամիս հետո տեղեկացնում՝ ոչ մեկի տանձին չի, գլուխները կախ ասում են սենց էլ կլինի, ամեն ինչ հիմնավոր ու անհիմն թանկացնում են էլի, պրոբլեմ չկա՝ գոհ ենք ախպեր, տնտեսության մաման բառիս բուն իմաստով լացացնում են, ասում ենք լավ է հավատանք կփոխվեն, Սերժի ու իրա շրջապատի թալանի մասին փաստաթղթերը խոթում են աչքերներս՝ ասում ենք «սրանք էնքան են թալանել արդեն կշտացել են, թող մնան թե չէ նորերը եկան նորից են թալանելու»։
Լավ մենք հասարակությո՞ւն ենք, թե՞ ոչխարի հոտ: Կա՞ այս երկրում մի բան որ մեզ մտահոգում է, կա մի սահման, որից հետո ասելու ենք հերիք է՝ էլ չենք հանդուրժելո՞ւ։
Ուշքի եկե՛ք, ժողովուրդ մեր երկիրը ոչ թե Սերժն ու նրա շրջապատն են կործանում, այլ մեր անտարբերությունը նրանց կատարած հանցագործությունների ու մեր շուրջը կատարվողի նկատմամբ։

Կարեն Թովմասյան

Այս խորագրի վերջին նյութերը