Մեկնաբանություն

08.05.2013 13:00


Չեմպիոնի «փչացման» տեխնոլոգիան

Չեմպիոնի «փչացման» տեխնոլոգիան

Եվ այսպես, Յուրի Վարդանյանը հասավ իր մուրազին։ Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

Երբեմնի վաստակավոր մարզիկն ու թունդ ընդդիմադիր գործիչն իր քաղաքական վարքագծով կրկնեց տխրահռչակ հաճախորդների անցած ուղին։ Ճիշտ է, Յուրին մի քիչ հեռվից եկավ, բայց վերջին հաշվով հայտնվեց արտաշեսգեղամյանների, վիկտորդալլաքյանների ու արթուրբաղդասարյանների կողքին։

Եկեք այժմ հակիրճ անդրադառնանք չեմպիոնի անցած քաղաքական ուղուն և «փչացման» տեխնոլոգիային։

Անկախ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում Յուրին փախավ ԱՄՆ ու այնտեղից սկսեց ընդդիմություն անել։ Սկզբում նա Կարեն Դեմիրճյանի կողմնակիցն էր, հետո դարձավ Ստեփան Դեմիրճյանի աջակիցը, այնուհետև՝ Լևոն Տեր–Պետրոսյանի վկան։

Յուրիի տիպի մարդկանց ներաշխարհն ու տեսակը լավ հասկացող Սերժ Սարգսյանը կարդաց նախկին չեմպիոնի իրական մտքերն ու նրան կանչեց հանդիպման։ Թե ինչ խոսեցին Յուրին ու Սերժը, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ այդ հանդիպումը կրկնվեց, և դրանից հետո նախկին ծանրամարտիկը չդիմացավ առերեսմանն ու «երկխոսացված» վիճակում դուրս եկավ նախագահական նստավայրից։ Այդ պահից սկսած, ինչպես ասում են, «պաշլո–պայեխալո». «թունդ ընդդիմադիր» Յուրին սկսեց քծնել Սերժ Սարգսյանին ու գեղամյանություն անել ԲՀԿ–ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի դեմ։

Մոտ հինգ տարի փորձաշրջան անցնելով «դհոլություն» անելու գործում՝ Յուրին հիմա նշանակվեց նախարար, ինչը նշանակում է, որ Սերժը փորձելու է սպորտի անկման գնով պայքարել ՀԱՕԿ–ի նախագահ Ծառուկյանի դեմ։

Յուրիին նախարարական աթոռին նստեցնելով՝ Սերժը ոչ միայն ինտրիգների ու «մուտիլովկաների» դաշտ է ստեղծում մարզական բնագավառում, այլ նաև ցույց է տալիս, թե մարդկային որ տեսակն է խրախուսվում Բաղրամյան 26–ում, և ինչպիսի գաղջ մթնոլորտ է տիրում պետական կառավարման համակարգ կոչվող որջում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը