Մեկնաբանություն

16.04.2013 18:05


Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի հետագծերը

Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի հետագծերը

ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը զուգահեռներ անցկացրեց Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև։ Դա ոմանց առիթ տվեց քննարկել այս երկու խոշոր սեփականատերերի անցած ուղիները և համեմատել նրանց քաղաքական վարքագիծը։ Նկատենք, սակայն, որ քաղաքական առումով համեմատությունն այնքան էլ տեղին չէ, և ահա թե ինչու։

Այո՛, զուտ ձևական առումով Ծառուկյան–Սուքիասյան համեմատությունները տեղին են։ Տեղին է նաև նրանց ազգային բուրժուազիայի կարկառուն ներկայացուցիչ համարելը, սակայն քաղաքական առումով Ծառուկյանին ու Սուքիասյանին համեմատելիս ակնհայտ է դառնում, որ մենք գործ ունենք տարբեր տրամաչափի ու մակարդակի գործիչների հետ։

Ծառուկյանն ու Սուքիասյանը հետանկախական Հայաստանի հաջողակ գործարարներից են։ Որքան էլ խոսեն այն մասին, թե նրանց հարստանալը պայմանավորված էր իշխանության հետ սերտաճած լինելու հանգամանքով, դա այդքան էլ այդպես չէ։ Ճիշտ է, իշխանության «դաբրոն» ազդել է նրանց կապիտալի կուտակման ընթացքի վրա, սակայն նման «դաբրոներ» ունեին նաև ուրիշները, ովքեր չկարողացան հասնել այն մակարդակին, ինչին հասան այս գործիչները բիզնես ոլորտում։ Ասել է թե՝ գործունեության հաջող ընթացքը նրանց մոտ ստացվեց ինչպես իշխանության հետ ոչ ֆորմալ կապերի, այնպես էլ գործարար կարողությունների շնորհիվ։ Երկուսն էլ շատ աշխատասեր են և ունեն հոյակապ գործարար հոտառություն։ Երկուսն էլ կարողացել են բրենդ ստեղծել և արտահանել։ Երկուսն էլ ունեն իրենց ձեռագիրը։ Եվ ամենակարևորը՝ Ծառուկյանն ու Սուքիասյանը որևէ կերպ իրենց կապիտալով չեն փորձել ջարդել փոքր կամ միջին բիզնեսին։ Այսինքն՝ չեն մտել մի ոլորտ, որտեղ կարող են էական դժվարություններ առաջացնել ավելի փոքր կապիտալի տեր տնտեսվարող սուբյեկտների համար։

Երկուսին էլ ընդունված է օլիգարխ համարել, սակայն դա անգրագիտություն է, քանզի «օլիգարխիա» որակումը քաղաքագիտությունից հայտնի է, որ տրվում է քաղաքական իշխանության որոշակի տիպին, իսկ մեզանում օլիգարխ են համարում խոշոր սեփականություն կամ շատ փող ունեցողներին։ Չնայած այդ դեպքում էլ օլիգարխներին պետք է փնտրել ոչ թե բիզնես դաշտում, այլ պետական կառավարման համակարգի վերին օղակներում։ Իշխանության բիզնեսը պետբյուջեն է և ստվերային գումարները, որոնք մի քանի անգամ գերազանցում են այպես կոչված օլիգարխների, այդ թվում՝ Ծառուկյանի ու Սուքիասյանի ունեցած կապիտալին։ Ինչևէ։

Ծառուկյանի ու Սուքիասյանի ընդհանրություններից է նաև այն, որ երկուսն էլ յուրահատուկ կարգավիճակ են ունեցել Հայաստանում հաստատված իշխանական համակարգում։ Սուքիասյանը Վանո Սիրադեղյանի սուպերնախարարության, իսկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Տարբեր էին, սակայն, Ծառուկյանի ու Սուքիասյանի վարքագծերն իրենց քաղաքական հովանավորների հեռացումից հետո։

1998թ. Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո Խ. Սուքիասյանը շատ արագ լեզու գտավ նոր իշխանությունների հետ, ընդունեց նրանց «կրոնը» և Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ինտեգրվեց քոչարյանական համակարգին՝ ամբողջությամբ տեղավորվելով հաստատված խաղի կանոնների շրջանակում։

Ճիշտ է, Սուքիասյանն այլևս չուներ  նախկին կարգավիճակն ու արտոնությունները, սակայն նրա բիզնեսին, մեծ հաշվով, որևէ վնաս չհասցվեց, և նա իր բացառիկ գործարար կարողության շնորհիվ կարողացավ պահել իր բիզնես համակարգն ու զարգացնել այն՝ վերածվելով Հայաստանում ամենացիվիլ խոշոր բիզնես համակարգ տնօրինողներից մեկի, եթե ոչ միակի։ Դե, իսկ թիվ 10 մեծամասնական ընտրատարածքը Քոչարյանի օրոք «բրոնյա» արվեց Սուքիասյանի համար։ Դա նույնպես իշխանության հետ համաձայնության արդյունքում էր։

Անշու՛շտ, Երևանի Կենտրոն համայնքում հաճույքով էին քվեարկում «ՍԻԼ Գրուպի» ղեկավարի օգտին, բայց իշխանությունը կարող էր խոչընդոտներ ստեղծել։ Սակայն որոշում էր կայացվել առանձին վերցրած մեկ ընտրատարածքում ժողովրդավարության դրսևորումներին չխանգարել (Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ի դեպ, Խաչատուրն արդեն չկարողացավ պատգամավորական մանդատ վերցնել ո՛չ իր, ո՛չ եղբոր համար, քանզի իշխանությունն արդեն այլ վերաբերմունք ուներ նրա նկատմամբ և խայտառակ ձևով կեղծեց ընտրությունը հօգուտ ՀՀԿ–ի կողմից պաշտպանվող մեծամասնական թեկնածու Գարեգին Նուշիկյանի)։

2008թ. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն Սուքիասյանի 1998թ. որոշման, ոչ թե փորձեց ինտեգրվել նոր իշխանության հետ և ընդունել Սերժի «կրոնը», այլ ընտրեց իշխանությունից տարանջատվելու ճանապարհը։ Պատճառները տարբեր են։ Ամենագլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած տնտեսաքաղաքական համակարգում չպետք է լինեն ինքնուրույն գործարարներ և քաղաքական ուժեր։ Բոլորը պետք է լինեն նշանակովի և «դհոլացված»։ Ծառուկյանի համար դա ընդունելի չէր, և նա գնաց դիմադրության ճանապարհով՝ դա անելով առանց ավելորդ աղմուկի և շոուների։

Ծառուկյանն այդ քայլին գնալու համար ուներ քաղաքական ինստիտուտներ՝ ի դեմս ԲՀԿ–ի և ԱԺ–ում մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության։ Նման գործիքներ Սուքիասյանը չի ունեցել ու չունի,  և այդ իսկ պատճառով քաղաքական դաշտում նա օբյեկտիվորեն չի կարող ինքնաբավ գործիչ լինել, իսկ Ծառուկյանը՝ կարող է։

Պատահական չէ, որ ԲՀԿ առաջնորդը կարողացավ «Ո՛չ» ասել իշխանությանը ԱԺ ընտրություններին միասնաբար գնալու, կոալիցիայի մեջ մնալու, նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնների դիմաց Սերժ Սարգսյանին սատարելու, «ֆեյք» ընտրություններից հետո Սարգսյանին շնորհավորելու և ինաուգուրացիային մասնակցելու հարցերում։ Որքան էլ իշխանություններն «անկախ» մամուլի միջոցով փորձում էին «մուտիլովկաներ» տարածել, միևնույն է, դրանից բան չփոխվեց։

Այնպես որ, քաղաքական դաշտում ունեցած կշռի ու կարգավիճակի առումով Ծառուկյանի հետ չի կարող կարող համեմատվել ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլև հայստանյան ամբողջ բիզնես–վերնախավը միասին վերցրած։

Ուշագրավ մեկ հանգամանք. 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ծառուկյանը ֆորմալ առումով Սերժ Սարգսյանի, այսինքն՝ իշխանության կողմից էր, իսկ Սուքիասյանն ակտիվորեն աջակցում էր Լևոն Տեր–Պետրոսյանին, այսինքն՝ ընդդիմությանը։ Վերջին հինգ տարիները ցույց տվեցին, որ Ծառուկյանն ու Սուքիասյանը հակառակ ուղղություններով են շարժվում։ Ծառուկյանը 2008թ. սկսած՝ դանդաղ, բայց հաստատուն քայլերով տարանջատվում է Սարգսյանից ու տեղավորվում ոչիշխանական դաշտում՝ ընտրելով այլընտրանքի կարգավիճակը, իսկ Սուքիասյանը կամաց–կամաց տեղավորվում է իշխանությունների համար լոյալ դաշտում։ Ինչպես ասում են՝ վարքագծերի տարբերություններն ակնհայտ են։

Շատերի աչքից չվրիպեց այն հանգամանքը, որ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկը, որպես գործարար մասնակցեց Նոր Տարվա նախաշեմին Սերժ Սարգսյանի կազմակերպած միջոցառմանը, և դա այն դեպքում, երբ դրանից օրեր առաջ, ըստ չհերքված տեղեկությունների, Սերժի եղբայր Սաշիկի որդու թիմակիցները կրակել ու ոտքից վիրավորել էին Խաչատուրի մյուս եղբորը՝ Էդիկին։

Սուքիասյաններին կարելի է հասկանալ։ Հայաստանյան պայմաններում օլիգարխիան, այսինքն՝ բարձրագույն իշխանությունը, փորձում է ամեն կերպ ճնշել խոշոր գործարարներին, իսկ վերջիններս չունեն հնարավորություն միայնակ պայքարել համակարգի դեմ ու ստիպված դառնում են լոյալ։ Խաչատուրն իշխանություննրին դեմ գնալու փորձ արեց 2008–ին, բայց երբ իշխանափոխությունը չստացվեց, ստիպված ընդունեց, այսպես ասած, կառուցողական կեցվածք։

Ծառուկյանի ու ազգային բուրժուազիայի մյուս ներկայացուցիչների էական տարբերությունն այն է, որ ԲՀԿ առաջնորդը ազդեցիկ կուսակցության ղեկավար է և ֆինանսապես ինքնաբավ գործիչ։ Ֆինանսական ինքնաբավությունը Ծառուկյանին հնարավորություն է տալիս պահպանել անհրաժեշտ քաղաքական ինքնուրույնությունն իշխանությունից և չտրվել պաշտոնների գայթակղությանը։  Նրան հաջողվել է ԲՀԿ–ն դարձնել փոքրից մինչև խոշոր բուրժուազիայի շահերի պաշտպան, և դա է պատճառը, որ ԲՀԿ–ն վերածվել է զանգվածային կուսակցության։

Կարելի է քննադատել կամ գովել Ծառուկյանին, կարելի է ընդունել կամ չընդունել ԲՀԿ–ին, բայց հնարավոր չէ չարձանագրել, որ Հայաստանում առաջին անգամ Ծառուկյանն է որպես խոշոր սեփականատեր քաղաքական դաշտում իշխանությունից տարանջատվելու քայլ անում և ռիսկի դիմում։ Ճիշտ է, Սուքիասյանն էլ դա արեց 2008թ., սակայն նա հանդես էր գալիս որպես անհատ, այլ ոչ թե որպես քաղաքական միավորի ղեկավար։ Ծառուկյանի պարագայում դա շատ ավելի դժվար էր անելը, քանզի սկզբում նա մենակ էր և իր թիկունքում չուներ քաղաքական գործընկեր կամ աջակցող կուսակցությունների դաշինք (ինչպիսին ուներ Սուքիասյանը 2008–ին), բայց նա կարողացավ դիմադրել ճնշումներին և հրաժարվել կառավարության կազմում ՕԵԿ–անալուց։

Անշու՛շտ, պետք է ընդունել, որ ԲՀԿ–ի՝ իշխանությունից տարանջատվելու և դիմադրություն ցույց տալու հարցում լրջագույն նշանակություն ունեցավ նաև Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, որը սոսկ տեսական դատողություն չէր, այլ դեմոսի կողմից բուրժուազիային ձեռք մեկնելու քայլ։ ՀԱԿ առաջնորդի այդ քայլն էր, որ հունից հանեց իշխանությանը և նրանք սկսեցին հերթով պայթեցնել իրենց «ականներին», որպեսզի նախագահական ընտրությունների ժամանակ թույլ չտան բուրժուադեմկորտական հեղափոխության իրականացում։ 2013–ին Սերժին դա հաջողվեց։ Կհաջողվի նաև հետագայում, ցույց կտա ժամանակը։ Մեկ բան ակնհայտ է. Ծառուկյանը քաղաքականության մեջ չի մտել հարստություն կուտակելու համար։ Նա հարուստ մարդ է։ Հետևաբար՝ նրա նկատմամբ չեն կարող կիրառելի լինել այն մեթոդները, որոնք անվրապ են գործում քաղաքականությունը բիզնես դարձրածների պարագայում։

Եթե ոմանք պաշտոն են ուզում, որպեսզի փող աշխատեն, ապա Ծառուկյանն այդ փողից ունի, և նրան քաղաքական փոփոխությունները պետք են ոչ թե պաշտոնների, այլ կանխատեսելի երկիր ունենալու համար։ Ծառուկյանին ու մյուս խոշոր սեփականատերերին այլևս ձեռնտու չէ իշխանության հետ սերտաճած մնալը, քանզի դա արդեն խոչընդոտում է իրենց բիզնեսների զարգացմանը և հետևաբար նաև Հայաստանի զարգացմանը։ 

Իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններից քանիսի՞ն կարող եք ցույց տալ, որ հրաժարվել են նախարարական ու մարզպետական պաշտոններից։ Հրեն Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնի համար նույնիսկ հացադուլի էր դիմել և տարատեսակ շոուներ էր կազմակերպում, բայց չստացավ, իսկ Ծառուկյանին խնդրում էին պաշտոնների դիմաց նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին, բայց չկարողացան համոզել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Միայն դեմագոգիայով և անմեղսունակ դատողություններ անելով չէ։ Քաղաքականությունը կոնկրետ գործ է և կոնկրետ արդյունք։

Ցավոք, Հայաստանում ընդունված է առաջնորդվել կարծրատիպերով,  միֆերով և Վարդուշ ծյոծայի պատմածներով, այնինչ պետք է առաջնորդվել փաստերով և գոնե մի քիչ զոռ տալ ուղեղին։

ՀԱԿ համագումարի ժամանակ Տեր–Պետրոսյանը շատ ճիշտ գնահատական տվեց՝ հայտարարելով, որ իշխանությունները փորձելու են ամենաշատը ճնշել ԲՀԿ–ին, քանզի այդպիսով հնարավորություն կստանան իրենց ունեցած քաղաքական մենաշնորհը կատարյալ դարձնել։ Եվ ուրեմն, բոլոր նրանք, ովքեր իշխանական մենաշնորհը թողած, քննադատում են ԲՀԿ–ին, կամա թե ակամա, խաղում են Սերժ Սարգսյանի կողմից և կողմ արտահայտվում իշխանությունների կողմից սողացող տարբերակով իրականացվող բոլշևիկյան հեղափոխությանը ու հակադրվում այսօրվա Արևմուտքի կայացմանը նպաստած բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը