Մեկնաբանություն

15.04.2013 21:25


Նախընտրական դիտարկումներ

Նախընտրական դիտարկումներ

Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց փոթորիկ անել մեկ բաժակ ջրում և հանրային ուշադրությունը շեղել կարևորագույն քաղաքական նշանակություն ունեցող Երևանի ավագանու ընտրություններից, ինչի հետևանքով քարոզչության առաջին շաբաթը գրեթե աննկատ մնաց։

Ազատության հրապարակում կազմակերպված աղմուկը, բնականաբար, ՀՀԿ–ի օգտին էր, քանզի այն չէր բերելու իշխանափոխության և միևնույն ժամանակ ընտրողին նետելու էր հիասթափության գիրկը։ Րաֆֆու միջոցով ընդդիմադիր խոսքն այնպես արժեզրկվեց, որ դեռ ժամանակ է պետք «Ժառանգության» առաջնորդի բեմադրած շոուի բացասական հետևանքները հաղթահարելու համար։ Ինչևէ։

Կարելի է ասել, որ Երևանի ավագանու ընտրությունները մեկնարկեցին ապրիլի 12–ին Րաֆֆու՝ հրաժեշտի երեկո հիշեցնող մինի–հանրահավաքի ավարտից և դրան հաջորդած ՀԱԿ համագումարից սկսած։ Լևոն Տեր–Պետրոսյանին հաջողվեց իր ելույթով քաղաքական և ոչիմիտացիոն տիրույթ տեղափոխել իշխանություն–ընդդիմություն պայքարը, որի դեպքում Րաֆֆին արդեն մղվում է երկրորդ պլան։

Մայիսի 5–ին կայանալիք ընտրություններին ՀՀԿ–ի խնդիրը պարզ է՝ ընտրակեղծիքների բոլոր մեթոդների կիրառմամբ ապահովել վերարտադրություն։ Պարզ է նաև ընդդիմադիր ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի խնդիրը՝ Երևանում հասնել իշխանափոխության և հակակշռել համապետական մակարդակով հաստատված ՀՀԿ–ական մենաշնորհին, ինչից միանշանակորեն կօգտվի շարքային քաղաքացին։

Երեք շաբաթից էլ պակաս ժամանակ է մնացել, և նշյալ ընդդիմադիր ուժերն այդ ընթացքում պետք է հսկայական ջանքեր գործադրեն, որպեսզի

ա. երևանցիներին դուրս բերեն Րաֆֆիի խեղկատակություններով պայմանավորված ապատիայից և համոզեն գնալ ընտրության,

բ. ընտրողին բացատրեն մայրաքաղաքի ղեկավար մարմնի ընտրության քաղաքական նշանակությունը և իշխանափոխության դեպքում կյանքի որակի բարելավման հնարավորությունը,

գ. Հայաստանի կեսի չափ բնակչություն ունեցող մայրաքաղաքի կառավարման արդյունավետ ու այլընտրանքային ուղիներ առաջարկեն։

Սկսել Երևանից

Ակնհայտ է, որ ՀՀԿ–ի հիմնական մրցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի (ԲՀԿ–ի հաջողության դեպքում նա է լինելու Երևանի քաղաքապետը) կողմից բազմիցս առաջ քաշված «Վերացնել ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհը» կարգախոսը կարող է դառնալ միավորիչ գործոն ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ընտրողների համար։

Նախագահական «ֆեյք» ընտրություններն անգամ ցույց տվեցին, որ հակաիշխանական ձայները հսկայական քանակ են կազմում։ ԲՀԿ–ի խնդիրը պետք է լինի այդ ձայներին տեր կանգնելն ու մյուս երկու ուժերի հետ համատեղ Երևանին քաղաքական դիմագիծ տալը։

Իշխանությունը՝ քաղաքացուն

ՀԱԿ–ն այս ընտրություններին, սպորտային լեզվով ասած, մասնակցում է հիմնականում երիտասարդական կազմով։ Դա մի կողմից լավ է, քանզի վերջին տարիներին պայքարի հսկայական փորձ ձեռքբերած գործիչները կարող են ներդնել իրենց ողջ էներգիան և թարմ շունչ հաղորդել ընտրապայքարին, բայց մյուս կողմից էլ կա «ռասկրուտկայի» խնդիր, իսկ ժամանակը սուղ է։

Շատ կարևոր է, որ Տեր–Պետրոսյանի խարիզմային գումարվի նաև ՀԱԿ–ը ներկայացնող մենեջերական թիմի հմտությունը։ Եթե կազմակերչպաքարոզչական առումով համապատասխան աշխատանքներ չտարվեն, ապա այդ ուժն իր ակնկալած արդյունքները կարող է չունենալ։ Խոսքը, իհարկե, անցողիկ շեմը հաղթահարելու մասին չէ։ Այդ առումով ՀԱԿ–ը, մեծ հաշվով, խնդիր չունի։ Խոսքն այնպիսի արդյունքի հասնելու մասին է, որը թույլ կտա այլ ուժերի հետ համատեղ կոտրել ՀՀԿ–ի մենաշնորհը։

Հին ընկերները պետք է կողմնորոշվեն

Քարոզչական փուլին մնացել է երեք շաբաթից էլ պակաս ժամանակ, սակայն ՀՅԴ–ի կուսակցական մեքենայի աշխատանքը դեռ տեսանելի չէ ընտրողների համար։ Պատճառն այն է, որ այդ ուժի վերնախավում միասնական մոտեցում չկա։ Մի փոքրիկ մասը, որի ձեռքում կան որոշակի լծակներ, նախագահական ընտրություններից սկսած կողմ է Սերժ Սարգսյանի հետ «երկխոսությանը» և ճիգեր է գործադրում այդ ուղղությամբ, իսկ մյուս՝ առողջ հատվածը, կողմ է պայքարի միջոցով փոփոխություններին։

ՀՅԴ–ում առկա, ահա, այս երկփեղկված վիճակն է այն հիմնական պատճառը, որհամահայկական նշանակություն ունեցող այդ ուժին թույլ չի տալիս հանդես գալ ամբողջ թափով։ Իսկ դա նշանակում է, որ անկախ այն բանից, թե ինչպիսի արդյունքներ կգրանցի ՀՅԴ–ն գալիք ընտրություններում, ներկուսակցական փոփոխությունների իրականացումը օրակարգային է, եթե, իհարկե, խնդիր կա հանրության համար ընկալելի և ընդունելի դիրքերը վերականգնելու։

. . .

Եվ այսպես, Երևանի ավագանու ընտրությունների շնորհիվ դրական փոփոխություններ ակնկալող քաղաքացիներն իրենց ընտրությունը պետք է կատարեն ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի միջև։ Իրենց հերթին՝ նշյալ ուժերը պետք է համատեղ գործելու պատրաստակամություն ցուցաբերեն ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական փուլերում։ Ճիշտ է, հայտարարությունների մակարդակով դա արվել է և՛ Վարդան Օսկանյանի, և՛ Վահագն Խաչատրյանի, և՛ Արմեն Ռուստամյանի կողմից, սակայն դա ոչ բավարար պայման է իշխանափոխության հասնելու համար։ Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր և միասնական գործողություններ։

Ընտրությունները ցույց կտան, թե որքանով է իշխանությանը հաջողվել Րաֆֆու գեղամյանական գործոնն ու ընտրակեղծիքների մեխանիզմը հակադրել քաղաքական փոփոխությունների ձգտում ունեցող ուժերի ծրագրերին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը