Մեկնաբանություն

13.04.2013 16:07


Քաղաքապետ դառնալու հավակնորդները

Քաղաքապետ դառնալու հավակնորդները

Մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 6  քաղաքական ուժ և 1 դաշինք։ Իշխանական տիրույթը ներկայացված է ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի տեսքով։ Հակառակ ճամբարում են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն։

Ընտրություններին մասնակցում է նաև մի նորաստեղծ կուսակցություն, բայց բացառապես օլիմպիական սկզբունքով, ուստի իմաստ չունի քննարկել այդ ուժի շանսերը։

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև Երևան» դաշինքին՝ նկատենք, որ այն այժմ իրեն պահում է այնպես, ինչպես «Ժառանգություն» կուսակցությունն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ, այսինքն՝ ընդդիմադիր տիրույթից պայքարում է ՀՀԿ–ի մրցակիցների դեմ, ինչը հուշում է, որ այդ ուժը կունենա մոտավորապես այնպիսի արդյունք, ինչպիսին ունեցավ Րաֆֆին մեկ տարի առաջ։

Նկատենք, որ «իրավատիրոջ» թիմն այս պահին որևէ կերպ չի ցանկանում նպաստել հակաիշխանական ուժերի նախընտրական ու հետընտրական կոնսոլիդացիային, ինչը նշանակում է, որ այդ ուժի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը որևէ շանս չունի քաղաքապետ դառնալու, որնքան էլ որ Րաֆֆին պարբերաբար հայտարարի, թե նա ապագա քաղաքապետն է։ Ինչպես Րաֆֆին դարձավ Հայաստանի չորրորդ հանրապետության առաջին կամ Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այնպես էլ Արմենը կդառնա Երևանի քաղաքապետ. «զորավարի» հետ Ծիծեռնակաբերդ կատարվող «վոյաժները» և առ «ռահվիրան» ուղղված քծնանքները չեն կարող անհետևանք մնալ։

Եթե Րաֆֆին համապատասխան հետևություններ անի և «գժականի» փոխարեն հանդես գա ադեկվատ պահվածքով, ապա ոչիշխանական ուժերի համատեղ հաղթանակի դեպքում կարող է մաս կազմել Երևանի ղեկավար մարմնին։ Սա նրա միակ հնարավորությունն է։ Հակառակ պարագայում «Բարև Երևանը» կբավարարվի մեկ տասնյակի չհասնող ավագանու անդամներով։ Դա լավագույն դեպքում։

Իշխանական տիրույթի հետ կապված ամեն ինչ պարզ է։ Սերժ Սարգսյանն ուզում է մայրաքաղաքի ղեկավար վերանշանակել Տարոն Մարգարյանին, որպեսզի կարողանա պահել քաղաքական մենաշնորհը, ունենալ կամակատար ենթակա, Երևանը կառավարել «Սիրու՛ն չի» տարբերակով ու անհրաժեշտ պահին «Դոմինգոյի» միջոցով փոխել Տարոն ջանին։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ու ՀՅԴ–ին, ապա այս ուժերի ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել և՛ նախընտրական, և՛ քվեարկության փուլերում։ Եթե համապատասխան ցուցանիշներ արձանագրվեն, ապա այս ուժերը կողմ են արտահայտվել նաև Երևանում կոալիցիա կազմելու և համատեղ ուժերով կառավարելու տարբերակին։

Ոչիշխանական ուժերի հաջողության դեպքում Երևանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներ են այդ ուժերի ներկայացրած ցուցակների առաջին համարները՝ Վարդան Օսկանյանը, Վահագն Խաչատրյանը և Արմեն Ռուստամյանը։ Երեքն էլ սոլիդ քաղաքական կենսագրություն և ընդունելի հանրային իմիջ ունեն։

Թե ինչպիսի արդյունքներ կունենանք մայիսի 5–ին, կախված է քաղաքական ուժերի ակտիվությունից և կազմակերպվածությունից։

ՀՀԿ–ն իրական ձայներ գրեթե չունի։ Պարզ է, որ իշխանությունները փորձելու են կեղծել ինչպես միշտ։ Հարցը, ուրեմն, այդ կեղծիքները թույլ չտալն է։

Անգամ նախագահական «ֆեյք» ընտրությունները ցույց տվեցին, որ հանրության մեծամասնությունը պատրաստ է իր քվեն տալ բոլորին, բացի ՀՀԿ–ի ու ՕԵԿ–ի կողմից պաշտպանվող ցուցակների ու թեկնածուների։ Այնպես որ, խնդիրը ձայներ հավաքելը չէ։ Խնդիրը ձայները պահելն ու կեղծ ձայներ թույլ չտալն է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը