Լրահոս

01.03.2013 13:04


Գրքազերծ Ջավախք և հայհոյանքներ ԵՊՀ-ում

Գրքազերծ Ջավախք և հայհոյանքներ ԵՊՀ-ում

Տառացիորեն երկու օր առաջ Վրաստանի սահմանային աշխատակիցները Ջավախք մտնող ուղևորի ձեռքին հայտնաբերել են մի քանի գրքեր, զգուշացրել և վերստին հետ ուղարկել դրանք: Այս օրերին դասադուլավորներին հայհոյողների շարքում տեսանք ջավախահայ ուսանողների: Առաջին հայացքից իրար չառնչվող այս երկու իրողություններն իրականում սերտորեն կապված են միմյանց հետ:

Իր պաշտոնավարման հատկապես երկրորդ փուլում սահակաշվիլիական ռեժիմը, Ջավախքի տարածաշրջան արգելելով գրքի և մշակութային իրերի մուտքը, որի դրսևորումները, փաստորեն,  շարունակվում են մինչ օրս, փորձ արեց զանգվածային վայրենացման տանել ջավախահայ նոր սերնդին: Այս իրողությունն էլ իր հերթին պարարտ հող հանդիսացավ, որ Ջավախքում մեկը մյուսի հետևից մշակութային օջախների փոխարեն բացվեն ոստիկանական ստորաբաժանումներ: Բնական երևույթ է. ուր խոչնդոտվում է մշակույթի զարգացումը, ուր արգելված է գիրքը, ուր վայրենացումը տարիներով հանդիսացել է պետական քաղաքականություն, այնտեղ պետք է շատանան ոստիկաններն ու ոստիկանատները, բռնադատվածներն ու բանտերը: Ահա թե ինչ կապ ունի համակարգային այս երևույթը ԵՊՀ-ի դիմաց տեղի ունեցածի հետ. Ջավախք գիրք չի մտնում և բնական է` այնտեղից դուրս պետք է գան կիսավայրենաբարո, ցածր ինտելեկտի կամ դրա լրիվ բացակայության տեր երիտասարդներ, որոնց ամեն փողկապավոր կարող է վերածել սեփական ջոկատների կամ աշխարհազորի:

Իրականում  ԵՊՀ-ի դիմաց ամոթալի, նողկալի պահվածքով այս երիտասարդները պետք է իրենց և իրենց հայրենակիցների իրավունքների համար պայքար տանեին վրացական սահմանին, Ջավախքում և այլուր: Այս ամենի փոխարեն, վրացական իշխանությունների քաղաքականության բերումով վայրենացվելով հենց տեղում և գաղափարական դաստիարակություն չստանալով ՀՀ-ում, ջավախահայ ուսանողությունն արագորեն գործիք է դառնում իրեն առաջնորդ կարծող այս կամ այն հոգեկան հիվանդի, շատ դեպքերում նաև` քրեածին կամ գողական տարրերի ձեռքին:

Քանի դեռ ՀՀ լայն շրջանակներ չեն աղաղակում Ջավախք գրքի արգելքի այս փաստի առթիվ, Ջավախքից դժվար է այլևս սպասել ապագա գիտնականներ կամ մտավորականներ` այն սերնդին, որ տվել է այս տարածաշրջանը տասնամյակներ ի վեր:

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոն, 01 մարտի, 2013 թ.

Այս խորագրի վերջին նյութերը