Մեկնաբանություն

16.02.2013 20:40


Սերժ Սարգսյանը պարտվեց ինքն իրենից (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը պարտվեց ինքն իրենից (տեսանյութ)

«Լռիր՝ խելացու տեղ կանցնես»։

Հին ռուսական ասացվածք

Որքան էլ Սերժ Սարգսյանն իր ուզած տոկոսները «խփի» ֆարսի վերածված այս ընտրություններում, միևնույն է, նա տապալեց քարոզարշավն ու պարտվեց։ Ընդ որում, Սարգսյանը տապալվեց քարոզարշավում՝ շրջապատված լինելով բացառապես ֆեյք–մրցակիցներ Րաֆֆի Հովհաննիսյանով, Հրանտ Բագրատյանով ու Պարույր Հայրիկյանով։ Նա այնքան «կիքս» թույլ տվեց ու իր մասնակցությամբ այնպես անլրջացրեց ընտրությունները, որ ստվերում թողեց անգամ «էպոսագետին», ով ենթադրաբար պետք է լիներ անլրջության քայլող մարմնավորումը, մինչդեռ իրական «էպոսագետը», պարզվեց, Բաղրամյան 26–ում էր փակվել ու սպասում էր իր ժամին, որպեսզի դուրս գա «Ագռավաքարից»։

Նույնիսկ Սերժի թիմակիցներն են զարմացած իրենց շեֆի պահվածքով. նրանցից շատերը նորովի են բացահայտել լռակյաց գորշ կարդինալի համբավ ունեցող այդ մարդուն։

Շատերին է հիմա հետաքրքրում, թե այդ ինչպես ստացվեց, որ Սերժն այսպես գահավիժեց իր համար «բամբակային» պայմաններում։ Բանն էլ հենց այդ է, որ «բամբակային» պայմաններում Սարգսյանը կորցրեց զգոնությունն ու բացվեց, ինչի արդյունքում բոլորը տեսան իրական Սարգսյանին՝ թարս բուսնած խիարի ու «Չեբուռաշկայի» «խորապատկերի» ներքո։ 

Մինչև վերջերս կար տարածված մի տեսակետ, թե Սարգսյանը «չար հանճար» է, և նրա լռության հետևում թաքնված է խորաթափանց մի մարդ։ Այդպիսի տեսակետ էր ձևավորվել այն պարզ պատճառով, որ ՀՀ անկախության ամբողջ պատմության ընթացքում նա միշտ եղել է բարձր պաշտոններում և մշտապես մնացել ջրի երեսին։

«Լռիր՝ խելացու տեղ կանցնես» տարբերակով Սարգսյանը երբեք հանդես չի եկել սեփական տեսակետով, միշտ եղել է տվյալ պահի լիդերի ստվերում և հանդիսացել գորշ գործիչ։ Ճիշտ է, մարդիկ երբեմն տեսնում ու լսում էին նրա կողմից արտաբերվող տարատեսակ անհեթեթությունները, բայց «չար հանճարի» իմիջն այնքան ուժեղ էր կպած, որ կարծրատիպային մտածողությամբ օժտված միջին հայը շարունակում էր կարծել, թե Սերժը «Բենամուկի» է և ամեն ինչ կարողանում է հաշվարկել։ Նույնիսկ խայտառակ արդյունքներ արձանագրած «ֆուտբոլային» դիվանագիտությունը չբացեց շատերի աչքերը։

Միակ բանը, որով, իրոք, աչքի է ընկնում Սերժ Սարգսյանը, միջակություններին ներհատուկ սողալու և առաջ մղվելու հատկությունն է, ինչպես նաև պաթոլոգիկ փողասիրությունը։ Ահա ա՛յդ հատկանիշներն են նրան մշտապես պահել պաշտոնին ու հասցրել մինչև նախագահի աթոռը։ Այդ հատկանիշներն են սխալ տպավորություն թողել, թե նա «Մետր» է։

Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը տարբեր ժամանակահատվածներում եղել է Լևոն Տեր–Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի  «մարդը» և իրեն դրսևորել վերադասի հրամանն անվերապահորեն կատարող և սեփական կարծիքը չունեցող ենթակա։ Հրաման–կատարում մեխանիզմի մեջ Սարգսյանն իդեալական ենթակա է, և սեփական «Ես»–ը չունեցող կատարող։ Բայց նախագահի պաշտոնն այնպիսին է, որ նա ստիպված է խոսել և դուրս գալ սեփական պատյանից։

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սարգսյանը չբացվեց, քանզի թաքնվել էր նախապես գրված դատարկ, բայց այդուհանդերձ «կիքսերից» զուրկ տեքստերի և Ռոբերտ Քոչարյանի հետևում։

Իր նախագահության առաջին հնգամյակում նա կրկին թաքնվեց նախապես գրված պարզունակ տեքստերի և դեմագոգիկ ձևակերպումների հետևում։ Մարդիկ իրենց մաշկի վրա զգացին Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան  զույգի դիլետանտական կառավարման ու բոլշևիկյան մտածողության հետևանքները, բայց որպես մարդ ամբողջությամբ չբացահայտեցին քաղաքական դիմագծից զուրկ Սերժ Սարգսյանին։

Սարգսյանի թիմը, շատ լավ ճանաչելով շեֆին, խուսափում էր ժողովրդի հետ նրա անմիջական շփումների կազմակերպումից և լայն ֆորմատով ասուլիսներից։ Սարգսյանին պահում էին թղթի հետևում։ Նրա փոխարեն խոսում էր «անկախ» մամուլը, որը «չալաղաջային» մտածողության կրող Սերժ Սարգսյանից փորձում էր առաջադեմ ու արևմտամետ գործչի կերպար ստանալ։

Այս ընտրարշավում, սակայն, Սերժ Սարգսյանը բառիս բուն իմաստով մենակ մնաց։ Քոչարյանը չկար, որ իր վրա վերցներ կռիվը։ Չկային նաև լուրջ մրցակիցներ, ինչը կզգաստացներ Սերժին, ու նա կրկին դուրս չէր գա դատարկ տեքստերի ու բրեժնևյան ոճի կարգախոսների հետևից և ձևականությունների հետևից չընկնելով՝ կապավիներ բացառապես ընտրակեղծիքներին։ Մենակ մնալով՝ նա բացվե՜ց։ Եվ այդժամ մարդիկ տեսան, որ Սարգսյանը չէր խոսում ոչ թե շատ խելացի լինելու, այլ լրիվ հակառակ պատճառով։

Մարդիկ տեսան նաև, որ Սարգսյանը ոչ միայն քաղաքական, այլ նաև կենցաղային հարթության մեջ է «մերկ»։ Մի խոսքով, Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ներկայացավ ինչպես որ է։ Ի դեպ, սա «ժուռնալն» է։ Կինոն դեռ առջևում է։ Դեռ այնպիսի «բոցերի» ենք ականատես լինելու, որ էլ դու սուս։

Եվ այսպես, վերջին 25 օրվա մեջ Սերժ Սարգսյանը սեփական ձեռքերով պայթեցրեց վերջին 25 տարվա ընթացքում իր մասին փչած «փուչիկը»։ Սարգսյանը ոչմրցակցային ընտրություններում պարտվեց ինքն իրենից։ 

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի պահվածքը հիշեցնում է տարիներ շարունակ վարորդի կողքը նստած ուղևորի, ով մտքում միշտ նախանձել է վարորդներին և երազել այն օրվա մասին, երբ ինքը կնստի ղեկին ու կքշի՜, կքշի՜, կքշի՜։ Հիմա Սարգսյանը վերջապես նստել է ղեկին ու քշում է՝ մեքենան մի պատից մյուսը խփելով։ Մեքենան է ափսոս։

Հ.Գ.–2: Ստորև ներկայացված ընտրական թեմայով երգը կարծես հայաստանյան ընտրությունների մասին լինի։ Շնուրը բացատրում է, թե ինչու և ինչպես է պետք քվեարկել։

Այս խորագրի վերջին նյութերը