Մեկնաբանություն

05.02.2013 21:25


Հայրիկյանի «պետականաշեն» որոշումը

Հայրիկյանի «պետականաշեն» որոշումը

Մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «երկար ծամծմելուց» և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի «Քաղաքական վերակենդանացման բաժանմունքից» «մին լյավ» գովազդվելուց հետո վերջապես որոշեց, որ չի դիմելու Սահմանադրական դատարան և ընտրությունները չի հետաձգելու։ Բայց այս որոշումը հրապարակելն էլ շոուի վերածելու գայթակղությունից նախագահի թեկնածուն չկարողացավ ձերբազատվել։ «Ինչպես Մովսեսը կարմիր ծովից», Հայրիկյանը հանկարծակի հայտնվեց իր փաստաբանի մամուլի ասուլիսին և բոլորին «ավետեց» այդ որոշումը։ Հոգ չէ, որ մինչ այդ փաստաբանն արդեն հասցրել էր փոխանցել Հայրիկյանի խոսքերը, և «շեֆ պայավլյաետցա վ պոսլեդնի մոմենտ» «հայտնությունը» զուտ թատերական ներկայացման հերթական արար էր։

Ինչևէ, որոշումը կայացված է, և հետաքրքիր է իմանալ, թե այն ինչպե՞ս են մեկնաբանում նախագահի մյուս թեկնածուները։

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի համար Հայրիկյանի որոշումն անակնկալ չէր, քանի որ մինչ այս արվող նրա հայտարարությունները հենց դրան էին տանում։

–Երբ դեռևս պաշտոնական վարկածը չկա, և պարզ չէ, թե ով է կանգնած այդ մահափորձի հետևում, բնական է, որ թեկնածուներից և ոչ մեկն ապահովագրված չէ, ու պետությունը չի ստեղծել նորմալ ընտրություններ անցկացնելու պայմանները։ Էլ չեմ ասում, որ ավելի վաղ եղան ճնշումներ՝ հատկապես երեք կուսակցությունների նկատմամբ։ Նկատի ունեմ գաղտնալսումները, փողերի լվացման մեղադրանքը և այլն։ Հետևաբար տրամաբանական կլիներ, որ իր մահափոձից հետո Հայրիկյանը դիմեր ՍԴ՝ նոր ընտրությունների անցկացման պահանջով։ Բայց նա սլաքը ուղղեց Ռուսաստանի կողմը, իշխանությունն էլ ակտիվորեն լուսաբանում էր դա, ու արդեն իսկ պարզ էր, որ նման որոշում է կայացվելու,–մեզ հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը։

Նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Արման Մելիքյանի համար ՍԴ չդիմելու և ընտրությունները չհետաձգելու Հայրիկյանի որոշումը տարօրինակ է։

–Նա լուրջ վնասվածք է ստացել, և բնական կլինի, եթե այդ երկշաբաթյա ժամանակն օգտագործեր: Եթե այդ բանը չի արվում, ուրեմն ճնշումներ են եղել իշխանության շահերը պաշտպանող ինքնակոչների կողմից,–այսօր հրավիրված ասուլիսում նշել էր նա։

Անդրիաս Ղուկասյանի կարծիքն այս հարցում հայտնի է. նա առաջարկում է նոր ընտրություններ՝ առանց Սերժ Սարգսյանի մասնակցության։ Նա նույնիսկ կոչով դիմել էր Հայրիկյանին։

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն էլ առաջարկում է «շփվել» իր մամուլի խոսնակի՝ Կարինե Հարությունյանի հետ, ով ներկայացրեց իր անձնակա՛ն տեսակետը՝ դա Հայրիկյանի սահմանադրական իրավունքն է, և արդեն նրանից պետք է հարցնել՝ ճի՞շտ որոշում է չդիմելը, թե ոչ։ Ի դեպ, այլ լրատվամիջոցներին Բագրատյանը հասցրել էր փոխանցել իր հիասթափությունը Հայրիկյանի որոշումից և փակված է համարում նրան սատարելու թեման։

Նույն կարծիքին է նաև նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանը, ով նույնպես հղում է անում Սահմանադրությանը և նշում, որ այդ որոշումը Հայրիկյանի իրավունքն է։

Մեզ չհաջողվեց ճշտել էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի տեսակետը, քանի որ նրա բջջայինն անջատած էր։ «Էպոսագետը», թերևս,  «Ագռավաքար» է մտել։ Մինչև Հայրիկյանի որոշումը նա հասցրել էր ասել, որ եթե ԱԻՄ ղեկավարը չդիմի ՍԴ, ապա իշխանությունների խաղն է խաղում։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ական թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա նա ամեն ինչ արեց, որ Հայրիկյանն «անդրդվելի» մնա և հանկարծ մտքի ծայրով չանցկացնի հետաձգել ընտրությունները։ Այդ գործին լծվել էին բոլոր–բոլորը՝ սկսած Գարեգին Բ–ից, վերջացրած Ադիբեկյանով ու Դալլաքյանով։ Սարգսյանի ձեռքին ճար լիներ, հենց վաղը կանցնկացներ ընտրություններն ու կազատվեր ժողովրդի հետ անմիջական շփումների ժամանակ «կիքսեր» տալուց, և բնական է, որ նա Հայրիկյանին հորդորեց «պետականաշեն» մոտեցում ցուցաբերել և մնալ «ինքնորոշված»։ 

Ինչ ասենք, առա՛ջ դեպի կրկեսային Հայաստան։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը