Լրահոս

24.09.2012 11:13


Քարվաճառյան հռչակագիր

Քարվաճառյան հռչակագիր

Քարվաճառում մի խումբ հասարակական ակտիվիստներ Հայաստանի անկախության տոնի առիթով ընդունել են հռչակագիր, որը ստորագրության համար բաց է  բոլոր ցանկացողների համար։
Հռչակագրում ասված է.
«Վերջին տարիներին, ազատագրված Քարվաճառ քաղաքում, Հայոց պետականակերտմանը հետամուտ բազմաթիվ անձանց մասնակցությամբ կայացած քննարկումների ընթացքում ուրվագծվել են հետևյալ հիմնարար և անբեկանելի շրջանակային սկզբունքները.

Ա. Ինքնիշխանություն

Ինքնիշխան և անկախ պետականությունը ազգային ինքնակազմակերպման գերագույն ձևն է և Հայության հարատևման միակ երաշխիքը: Անվերապահորեն մերժելի է Հայաստանի ներգրավումն ազգային ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցին:

Բ. Հայրենատիրություն

Հայությունն՝ ի դեմս ազգային պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի անժամանակյա, անօտարելի և բացարձակ հայրենատիրության իրավունք:

Ըստ այդմ.

- Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են:

- Մերժելի է ցեղասպանության իրավաքաղաքական և տարածքային հետևանքները վերացնելու հրամայականից հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու որևէ ոտնձգություն:

Գ. Հայոց լեզու

Հայաստանում հայերենը՝ որպես միակ պետական լեզու, վայելում է բացարձակ գերակայություն : Պետական կառավարման, կրթության, պաշտոնական գործավարության և հանրային նշանակության բոլոր ոլորտներում Հայոց լեզվի բացարձակ կարգավիճակի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն իսպառ մերժելի է:

Դ. Սահմանադրական կարգ

Հայոց պետության կայացման պարտադիր նախապայման է ազգային համապարփակ համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտմամբ սահմանադրական իրավակարգի հաստատումը և խստագույն պահպանումը: Կտրականապես մերժելի է սահմանադրական կարգով հաստատված քաղաքացիների իրավահավասարության դեմ որևէ ոտնձգություն»:

Այս խորագրի վերջին նյութերը