Լրահոս

24.09.2012 11:55


Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանցիները փորձել են հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել

Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանցիները փորձել են հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել

Սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացող “JATA” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների և այցելուների շրջանում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը ցուցահանդեսի կազմակերպիչներից պահանջել է արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, և ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:

Ադրբեջանի ջանքերը՝ միջազգային զբոսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչության համար, հերթական անգամ ձախողվեց` հանդիպելով զգոնության մեր հակազդեցությանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փարիզում կայացող “Top Resa” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս ամենին, տաղավարը վերականգնվեց, իսկ հայկական քարտեզները և գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը