Լրահոս

05.09.2012 15:10


Արմեն Գեւորգյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Գեւորգյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոխվարչապետը ողջունեց հյուրերին` այցը  կարեւորելով երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի խորացման տեսանկյունից: Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է Իրաքի հետ  համագործակցել բոլոր ոլորտներում: Նա հույս հայտնեց, որ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի արտադրական կարողություններին, եւ  հանդիպումների ու քննարկումների ընթացքում կնախանշեն  երկու երկրների փոխգործակցության  ուղղությունները: Փոխվարչապետը գործակցության համար հեռանկարային համարեց մասնավորապես շինարարության, սննդամթերքի վերամշակման,  էներգետիկայի, առողջապահության, գիտակրթական ոլորտները: Ա. Գեւորգյանը հյուրերին  նաեւ տեղեկություններ ներկայացրեց  ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերի մասին:

Իրաքի փոխվարչապետն իր հերթին ավելացրեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացմանը: Նա տեղեկացրեց, որ իր պատվիրակության կազմում  են նաեւ ենթակառուցքածքային ոլորտները ներկայացնող նախարարներ, որոնք հայ գործընկերների հետ պատրաստ են  քննարկել գործակցության հեռանկարները: Իրաքյան կողմը  մասնավորապես հետաքրքիր է համարում համագործակցությունը  էներգետիկ, ներդրումային, առողջապահական, գիտակրթական ոլորտներում: Հյուրը նաեւ հայտնեց Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին:

Ա. Գեւրոգյանը ողջունեց այդ մտադրությունը` նկատելով, որ դա նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Երկուստեք կարեւորվեց գործարար շփումների ակտիվացումը, որոնց պատրաստակամ կլինեն աջակցել կառավարությունները:

Զրուցակիցներն ընդգծեցին նաեւ Իրաքի հայ համայնքի դերը` երկկողմ  հարաբերությունների ամրապնդման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը