Լրահոս

03.09.2012 11:59


Բ. Ժիգմոնդ. «Ադրբեջանը խաբեց Հունգարիային. մենք ուղղակի ուզում էինք դուրս գալ ֆինանսական ճգնաժամից»

Բ. Ժիգմոնդ. «Ադրբեջանը խաբեց Հունգարիային. մենք ուղղակի ուզում էինք դուրս գալ ֆինանսական ճգնաժամից»

Հունգարացի հայագետ Բենեդեկտ Ժիգմոնդն այսօր հրավիրված մամլո ասուլիսին հայտարարել է, որ հունգար ժողովուրդն իր կառավարությունից պահանջում է հետ վերադարձնել  Սաֆարովին։

 –Ես հիմա  խոսում  եմ իմ և հունգար ժողովրդի անունից: Առաջին իսկ պահից հունգարական  թերթերը քննադատել են կառավարության այդ որոշումը, քննադատել են նաև ընդդիմադիր թերթերը: Հունգարիայում երեկ տեղի է ունեցել բողոքի  ալիք,–ասել է հայագետն ու ավելցրել,– ես սկզբից ասել էի, թե ամաչում եմ, որ հունգար եմ, բայց երբ տեսա  հունգար ժողովրդի բոլոքի ալիքը, նորից ասում եմ՝ ես հպարտ եմ, որ ես հունգար եմ:

Բանախոսը լրագրողներին հայտնել է, որ վաղը Հունգարիայում տեղի կունենա բողոքի գործողություն ընդդեմ կառավարության որոշման։ Ժիգմոնդը նաև փորձել է արդարացնել Հունգարիային ու նշել, որ Ադրբեջանը խաբել է իր երկրի կառավարությանը.

–Սուտ է այն, թե իբր Հունգարիան ծախվել է՝ վերցնելով Ադրբեջանից գումար: Ադրբեջանն առաջարկել է, որ կփակի Հունգարիայի արտաքին պարտքը՝ 3 մլրդ տալով, բայց դա  դեռևս տեղի չի ունեցել։ Հունգարիան հիմա մեծ ճգնաժամի մեջ է, և ոչ ոք չի օգնում նրան: Դրա համար էլ ընդունել է օգնություն այն բանից հետո, երբ Ադրբեջանը խոստացել է Հունգարիային, որ Սաֆարովը կշարունակի կրել իր պատիժը, բայց խաբել է: Հունգարիայի սխալն այն էր, որ հավատացել է Ադրբեջանին։ Մենք ուղղակի ուզում էինք  ֆինանսական ճգնաժամից դուրս գալ:

Բենեդեկտ Ժիգմոնդը նշել է նաև, որ  Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու Հայաստանի որոշումն իր համար անակնկալ չէր, և ինքը պաշտպանում է Հայաստանի այդ քայլը։ 

Այս խորագրի վերջին նյութերը