Լրահոս

01.09.2012 11:22


Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ եւ ծնողներ, հարգելի՛ ուսանողներ եւ դասախոսներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարեւորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների մասնագիտական ու մարդկային որակներին, ձեր ծնողների ուշադրությանն ու խնամքին: Այդ ամենն արվում է ձեզ համար, անձամբ ձեզնից յուրաքանչյուրի համար եւ մեծ հաշվով մեր երկրի համար: Ես էլի առիթներ եմ ունեցել ասելու եւ հիմա էլ կրկնում եմ. Հայաստանը կարող է լինել միայն կրթված: Այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ:

Հատկապես շնորհավորում եմ Հայաստանի բոլոր այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոց՝ բոլոր առաջին դասարանցիներին: Նրանք սկսում են այն ճանապարհը, որով բացահայտելու են մի նոր ու անսահման աշխարհ՝ գիտելիքի աշխարհը:

Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին ու ուսանողներին նոր ուսումնական տարում: Թո՛ղ այն լինի արդյունավետ, որովհետեւ հենց այդ արդյունավետությամբ է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը»:

Այս խորագրի վերջին նյութերը