Լրահոս

31.08.2012 20:25


Արդյոք Սմբատաբերդում իրականացվող մաքրման աշխատանքները չե՞ն խոչընդոտում տարածքում պեղումների իրականացմանը

Արդյոք Սմբատաբերդում իրականացվող մաքրման աշխատանքները չե՞ն խոչընդոտում տարածքում պեղումների իրականացմանը

Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի արևելյան հատվածում՝ բլրի վրա գտնվող Սմբատաբերդ ամրոցի տարածքում 2007թ.  վերկանգնման աշխատանքներ են իրականացվեցել։ Մասնակի նորոգվել են պարսպի հատվածն ու մուտքը։ Այդ աշխատանքները տևել են շուրջ երկու տարի, ապա վերսկսվել այս տարի։ Մշակույթի նախարարությունը որոշել է  մաքրման աշխատանքներ իրականացնել, որի ընթացքում պատերի մնացորդներ են հայտնաբերվել։  Սկզբում մասնագետներն ուսումնասիրել են ու եզրակացրել, որ պետք է աշխատանքները դադարեցնել, որպեսզի ապահովվի նեղ մասնագետների մասնակցությունը, սակայն օրեր անց մտքափոխվել են ու որոշել շարունակել։

Մաքրման աշխատանքներն իրականացնում է ՀՀ Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնը, որի ղեկավարն է Գագիկ Եգանյանը։ մեր թղթակցի հետ զրույցում նա նշեց, թե իրենք զբաղվել են սոսկ վերականգնողական աշխատանքներով, իսկ մարքման աշխատանքներ չեն իրականացրել։ Փաստորեն, Եգանյանը հրաժարվել է ընդունել, որ իրենք են տարածքի մաքրությունն իրականացնում, այնինչ հայտնի է, որ դա այդպես չէ։

Տեղեկացնենք, որ Սմբատաբերդը Վայոց ձորի ամենահին ամրոցներից է, որ գոյություն է ունեցել 5-րդ դարից առաջ: Դա նշանակում է, որ պեղումներն այս ամրոցում կարող են հետաքրքիր արդյունքներ տալ։ Մասնագետների մի խումբ համոզված է, որ կարող են հնագիտական արժեքավոր շատ առարկաներ ու իրեր հայտնաբերվել, և մաքրման աշխատանքները, առանց պեղումների իրականացման,  ոչ միայն սխալ են, այլև անթույլատրելի։

Սմբատաբերդի վերաբերյալ որոշակի մանրամասներ իմանալու նպատակով «7օր»–ը կապնվել է ՀՀ ԳԱԱ հնագետ Պավել Ավետիսյանի  հետ։ Մեր հետ զրույցում վերջինս նշել է.

-Եթե այդ մարքման աշխատանքները կբերեն նրան, որ համապատասխան շերտեր կքանդվեն (մենք պարբերաբար հետևում ենք), ապա այդ դեպքում պեղումների իրականացումն անհրաժեշտություն է։ Սմբատաբերդի վերականգնման աշխատանքներից մենք առանձնապես հիացած չենք, ավելորդ միջամտություններ ենք տեսնում. կարելի էր մի քիչ ուրիշ կերպ անել այդ ամենը, բայց առայժմ դեռ այնպիսի բան չի արվել, որ մենք պահանջենք կամ իրավիճակը պահանջի, որ պեղումներ անենք։ Այսինքն՝ այն, ինչ հիմա արվել է, մենք համոզված ենք, որ մեր շերտերին դեռ վնաս չեն տվել։  Բայց իրականում Սմբատաբերդում պեղումների հսկայական աշխատանք կա, ուղղակի դա ահռելի ծախսերի խնդիր ունի։   

7or.am   

Այս խորագրի վերջին նյութերը