Լրահոս

06.06.2012 14:00


Այս գիշեր Ադրբեջանը կրկին դիվերսիոն գործողություն է իրականացրել. հայկական կողմից կա զոհ

Այս գիշեր Ադրբեջանը կրկին դիվերսիոն գործողություն է իրականացրել. հայկական կողմից կա զոհ

Արցախի ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել է նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը և Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:

Հարկ է նշել, որ միայն հունիս ամսվա ընթացքում սա ադրբեջանական բանակի կողմից հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանահատվածներում իրականացված 4-րդ հետախուզադիվերսիոն գործողության փորձն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն հակված չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հաղորդել կառուցողական բնույթ և նպաստել միջազգային կառույցների կողմից գործադրվող ջանքերի արդյունավետության բարձրացմանը, այլև ամեն ինչ անում է` տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն փոխելու համար: Ադրբեջանի ղեկավարությունը և մասնավորապես նրա զինված ուժերի հրամանատարությունը, կարծես, այդպես էլ չեն գիտակցում, որ իրենց ընտրած նախահարձակ մարտավարությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև շարունակելու դեպքում կարող է բերել Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը