Լրահոս

12.05.2012 11:49


Ծովահենները գրավել են ադրբեջանական նավթ տեղափոխող լցանավը

Ծովահենները գրավել են ադրբեջանական նավթ տեղափոխող լցանավը

Հունական «Սմիրնի» լցանավը, որը երեկ գրավել էին Սոմալիի ծովահենները, 130 մլն. դոլարի նավթ էր տեղափոխում Ադրբեջանից Ինդոնեզիա։ Նավթի պատվիրատուն Ինդոնեզիայի պետական նավթային ընկերությունն է՝ «Պետրամինան»։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք ոչ մի նյութական վնաս չեն կրել, քանի որ պայմանագրի համաձայն նավթի համար գումարը պետք է վճարվեր, երբ նավթը հասներ Ինդոնեզիա։

Իր հերթին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե Ադրբեջանը նույնպես վնասներ չի կրել, քանի որ թեև նավթն արդյունահանվել է Ադրբեջանում, հետագայում այն վաճառվել է Թուրքական Ջեյհան նավահանգստին։

Հիշեցնենք, որ երեկ Սոմալիի ծովահենները Արաբական ծովում՝ Օմանի ափից ոչ հեռու, գրավել էին Լիբերիայի դրոշի տակ նավարկող հունական նավթային լցանավը։ Անձնակազմի քանակի, ազգության և քաղաքացիության մասին ոչ մի տեղեկություն դեռ չկա։

Այս խորագրի վերջին նյութերը