Լրահոս

15.05.2009 21:51


Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտությունների հորձանուտում

Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտությունների հորձանուտում

Սիրելի հայրենակիցներ,

Թվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում' Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա: Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին: Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով:

Իրադարձությունների զարգացումը

Հայ-թուրքական հաշտության անհաջող փորձի և Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանության ուրացման փաստի շուրջ դեռ կրքերը չհանդարտված, վերջին շաբաթների ընթացքում, նախորդ հանրահավաքից հետո, մենք ականատեսը եղանք երեք անսպասելի և ուշագրավ իրադարձությունների, որոնք անհնար է շրջանցել:

1. Հայաստանը սեփական նախաձեռնությամբ կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ճնշման տակ, անակնկալ կերպով վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

2. Լեռնային Ղարաբաղում, ամենավերին մակարդակով, և անշուշտ Հայաստանի իշխանությունների հավանությամբ, սկսվեց լուրջ թվացող շարժում' ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ կողմ ճանաչելու, այսինքն ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակը վերականգնելու ուղղությամբ:

3. Մայիսի 7-ին Պրահայում, Ադրբեջանի նախագահի հետ լարված մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը կոշտացրեց իր դիրքրոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, ինչի մասին, հակառակ Մինսկի խմբի համանախագահների հերթապահ լավատեսական հայտարարությունների, ընդհանուր առմամբ վկայում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի հստակորեն' Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները («Հայկական ժամանակ» 09.05.2009):

Ի՞նչ է սա նշանակում

Կամ ինչո՞վ բացատրել Հայաստանի, ավելի ճիշտ' Սերժ Սարգսյանի, այս կտրուկ քայլերը, որոնք ոչ այնքան ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված գործողություններ, որքան ջղաձգություններ են հիշեցնում կամ քաղաքական դեմարշի տպավորություն թողնում:

Դրա պատճառն անտարակույս այն է, որ Սարգսյանն, ակնհայտորեն, իրեն Ամերիկայի և Թուրքիայի կողմից խաբված է զգում, քանի որ նույնիսկ Ցեղասպանությունն ուրանալու դիմաց հայ-թուրքական սահմանը չբացվեց, և Թուրքիան, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը կանխելու իր անմիջական խնդիրը լուծելուց հետո, կրկին վերադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու իր նախկին դիրքորոշմանը: Սարգսյանն իրեն խաբված է զգում երեխայի պես: Նրան ասացին' Ցեղասպանությունը տուր, այսինքն համաձայնիր հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, և մենք կբացենք սահմանը: Ցեղասպանությունը ստացան, բայց սահմանը չբացեցին: Իսկ այժմ ասում են' Ղարաբաղը տուր, և մենք կբացենք սահմանը: Այսքան ողորմելի վիճակում պետության որևէ ղեկավար դեռ չի հայտնվել:

Սարգսյանի հուսախաբությունն ու զայրույթը միանգամայն հասկանալի մարդկային զգացումներ են. թե Հայաստանում, և թե մանավանդ Սփյուռքում, վտանգելով իր հեղինակությունն ու նույնիսկ դավաճանի պիտակ վաստակելով, նա ոչ միայն դույզն-իսկ չավելացրեց իր լեգիտիմությունն ու չամրապնդեց իր երերացող իշխանությունը, այլև չբավարարեց անգամ հայ-թուրքական սահմանի միջոցով երկրի առջև կանգնած սուր տնտեսական խնդիրների հաղթահարման իր ակնկալիքը, ինչի իրականացման պարագայում նա, թերևս, կարողանար որոշ չափով արդարացնել Թուրքիայի նկատմամբ վարած իր ձախորդ քաղաքականությունը: Մարդկային զգացումներ լինելով հանդերձ, հուսախաբությունն ու զայրույթը պետության ղեկավարին անհարիր ու հակացուցված հոգեկան վիճակներ են, որոնք կարող են որևէ երկրի ու ժողովրդի համար աղետալի հետևանքների պատճառ դառնալ, ինչի վկան, օրինակ, անցյալ տարվա օգոստոսին, մենք դարձանք հարևան Վրաստանում: Ցանկացած իրավիճակում պետության ղեկավարից պահանջվում է լիակատար սառնասրտություն և պահի թելադրանքին չենթարկվելու կամ հապշտապ ու չհաշվարկված որոշումներ չկայացնելու անհրաժեշտ կարողություն: Հուսախաբությունը, զայրույթը և նմանատիպ այլ զգացմունքային հակազդեցությունները ոչ միայն ամենևին չեն նպաստում արդեն գործված սխալների շտկմանը, այլև նորանոր սխալների պատճառ են դառնում:

Արևմուտքի պատասխանները Սերժ Սարգսյանի դեմարշին

Միամիտ պետք է լինել' կարծելու համար, թե Արևմուտքն անպատասխան է թողնելու Սերժ Սարգսյանի դեմարշը: Եւ պատասխանը չուշացավ:

 

1. Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) անսպասելիորեն որոշեց իր հունիսյան նստաշրջանում կրկին քննարկման դնել ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:

2. Պարզվեց, որ ԱՄՆ-ի կառավարության 2010թ. բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 40%-ով կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, դադարեցնել ԼՂՀ-ին հատկացվող հումանիտար օգնությունը, և ընդհակառակը' ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը («Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն» 09.05.2009թ.):

3. Եւ վերջապես, Թուրքիայի վարչապետ Ռեյեփ Էրդողանը սպառնաց, օգտվելով իր երկրի' ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելու հանգամանքից, ջանքեր գործադրել' այդ ատյանում Հայաստանը օկուպանտ-երկիր ճանաչելու ուղղությամբ («Ժամանակ» 08.05.2009թ.):

Այս քայլերն անպայման չեն նշանակում, որ Արևմուտքը որոշել է պատժել Սերժ Սարգսյանին: Նա չափազանց թանկ և գնահատված գործընկեր է: Պատահական չէ, որ Սարգսյանն ինքն էլ օրերս հայտարարել է, թե որքան իրեն շատ են հայհոյում Հայաստանում, այնքան Եւրոպայում իրեն գովում են: Նշված խստություններն, ըստ այդմ, ուղղված են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ու նրա ժողովրդի դեմ: Ինչ վերաբերում է Սարգսյանի հուսախաբությանն ու վիրավորվածությանը, ապա Արևմուտքն ունի դրանք փոխհատուցելու միջոցը, այն է' աչք փակել վերջինիս ոչ լեգիտիմ լինելու փաստի վրա և հանդուրժել սեփական երկրում նրա գործած բռնությունները:

 

Բոլոր դեպքերում' Արևմուտքի և Թուրքիայի հակազդեցությունը, եթե ոչ անձամբ Սերժ Սարգսյանի, ապա երկրի համար բավականին լուրջ է, ինչը մտահոգվելու և իրավիճակից համապատասխան ելք գտնելու պահանջ է դնում Հայաստանի իշխանությունների և ողջ հասարակության առջև:

Ո՞րն է ելքը

Սերժ Սարգսյանն ունի երկրի ներկա փակուղային վիճակից դուրս գալու երկու ճանապարհ.

1. Կոնսոլիդացնել ազգը, որի համար անհրաժեշտ է' անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ու ընդդիմության մյուս ուժերի հետ, իսկ նկատի ունենալով ներքաղաքական ընթացիկ օրակարգը, նաև ապահովել Երևանի ավագանու ընտրությունների բացարձակ օրինականությունը:

2. Խոստովանելով երկրի առջև կանգնած խնդիրների հաղթահարման գործում դրսևորած սեփական ապիկարությունը, պատվով հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից, քանի որ ինչպես ցույց տվեց վերջին մեկ տարվա մղձավանջը, քաղաքականությունը նրա համար ոչ թե պատասխանատվություն է, այլ շահավետ զբաղմունք կամ իշխանատենչության միջոց:

Որքան նա ուշացնի ընտրել այս երկու ճանապարհներից մեկը, այնքան կնպաստի Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժեղացմանը և ավելի կծանրացնի երկրի, առանց այդ էլ, չափազանց անմխիթար վիճակը: Համառելու և հապաղելու պարագայում Սերժ Սարգսյանն ստիպված է լինելու նորանոր զիջումներ կատարել արտաքին աշխարհին' բացառապես ի հաշիվ ազգային շահերի, ինչպես վարվել է իր իշխանավարության անցած մեկ տարվա ընթացքում:

***

Դե հիմա դուք ասեք' արդյոք կապ կա՞ արտաքին և ներքին քաղաքականությունների միջև: Մի՞թե վերոշարադրյալից հետո պարզ չպետք է լինի, որ ընտրությունների կեղծման, քաղաքական հալածանքների, ժողովրդավարության սահմանափակման, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի դրսևորման ցանկացած փաստ վերջին հաշվով երկրի վրա անդրադառնում է դիվանագիտական ճակատում կրած անխուսափելի պարտություններով: Քոչարյանա-սերժական վարչախմբի արտաքին քաղաքականությունն, ահա, դիվանագիտական պարտությունների մի անընդհատ շղթա է ներկայացնում, և բոլոր այդ պարտությունները բացատրվում են միայն ու միայն Հայաստանի ներքին կյանքում այդ վարչախմբի վարած բռնատիրական քաղաքականությամբ: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ջատագովներն ու պաշտպաններն, ի պատասխան նրանց հասցեին հնչող քննադատությունների, մինչ այժմ ասում էին' լավ, թեկուզ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ժողովրդավարությունը բռնաբարվում է, մարդու իրավունքները ոտնահարվում են, օրենքները խախտվում են, կոռուպցիան ծաղկում է, բայց գոնե ազգային հարցերում (Ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղյան կարգավորում և այլն), Քոչարյանն ու Սարգսյանը անզիջում են և չեն դավաճանի հայ ժողովրդի շահերին: Կյանքը ցույց տվեց, որ այս առասպելն էլ հօդս ցնդեց, և քոչարյանա-սերժական վարչախումբն այլևս գոյության որևէ իմաստ չունի: Հիշյալ ջատագովներն ու պալատական ներբողագիրներն, անհարմար վիճակից դուրս գալու համար, այժմ փորձում են մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հարցում հավասարության նշան դնել իմ և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության միջև, կամ մինչև իսկ նույնացնել դրանք: Ավելորդ եմ համարում պատասխանել այդ անհեթեթություններին: Մի քանի օրից լույս կտեսնի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իմ ելույթների ժողովածուն, և դուք հնարավորություն կունենաք համեմատելու ու տեսնելու, թե որքանով են նույնական իմ և Սարգսյանի վարած քաղաքականությունները:

***

Ծանրանալով արտաքին քաղաքականության վրա, կարող է թվալ, թե մենք խուսափում ենք Երևանի ավագանու ընտրություններին առնչվող հարցերի և մայրաքաղաքի կենսագործունեությանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների քննարկումից: Դա ամենևին այդպես չէ, քանի որ այդ խնդիրներն ամենայն մանրամասնությամբ արտացոլված են Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրում, որ տպագրված է շուրջ 100.000 տպաքանակով, իսկ բացի այդ, դրանք մենք մշտապես արծարծում ենք Երևանի համայնքներում անցկացվող հանրահավաքներում: Համաժողովրդական հանրահավաքը, ինչպիսին մեր այսօրվա հանրահավաքն է, հնարավորություն է տալիս և միաժամանակ պահանջում է' խնդրո առարկա  հարցերը տեղադրել համապետական հիմնախնդիրների համատեքստում:

Ըստ այդմ, Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար կախվածությունը ներքին քաղաքականությունից, ինքնըստինքյան ենթադրելու հիմք է տալիս, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է դիտել ոչ թե սոսկ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման սովորական միջոց, այլ երկիրը վտանգավոր քաղաքական հորձանուտից դուրս բերելու բացառիկ հնարավորություն: Այդ ընտրություններով որոշվելու է ոչ միայն և ոչ այնքան Երևան քաղաքի, որքան Հայոց պետականության, Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, եթե կուզեք' ողջ ազգի բախտը: Ընտրություններին, հետևաբար, պետք է մասնակցել այս բանի հստակ գիտակցությամբ: Ովքեր կնախընտրեն մի կողմ քաշվել ու լռել, ովքեր կվաճառեն իրենց քվեն, ովքեր ձայն կտան իշխանության թեկնածուներին և վերջապես, ովքեր, անտարբերություն ցուցաբերելով, չեն մասնակցի ընտրություններին, նրանք ոչ միայն իրենց զավակներին կզրկեն նորմալ, քաղաքակիրթ, ապահով երկրում ապրելու հնարավորությունից, այլև կամա թե ակամա մեղսակիցը կդառնան չարագործ իշխանությունների, որոնք ամեն ինչից բացի, բռնել են նաև ազգային դավաճանության ճանապարհը:

***

Քաղաքապետի ընտրությունը մեզ համար ամենևին ինքնանպատակ չէ և իշխանատենչությունից չի բխում: Եթե ոչ այլ բան, ապա մեր հաղթանակը գոնե թույլ կտա հզոր հակակշիռ ստեղծել ներկա ավազակապետական համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի որոշ չափով զսպել վերջինիս' կանխելով նրա հետագա չարագործություններն ու, առավել ևս, դավաճանական մտադրությունները: Դա կնպաստի նաև ազգային կոնսոլիդացիային և պետականության ամրապնդմանը:

Ո՞վ է բռնելու, վերջապես, չարագործի ձեռքը, եթե ոչ դուք, ձեզանից յուրաքանչյուրը: Եթե այս անգամ էլ չխրատվեք, և ձեր անտարբերությամբ կամ կրավորականությամբ քոչարյանա-սերժական ավազակապետությանը թույլ տաք հերթական անգամ կեղծել ընտրությունները, ապա ձեր դժբախտությունների համար այլևս ուրիշին պատճառ չբռնեք: Հուսով եմ, սակայն, որ այս պատգամը «ձայն բարբառոյ յանապատի» չի մնա, և դուք մեկ մարդու նման կկատարեք ձեր քաղաքացիական և հայրենասիրական պարտքը: Սակայն դա քիչ է: Այստեղ հավաքվածներդ հանրապետության ամենաակտիվ զանգվածն եք. ձեր պարտքը կատարելուց բացի, դուք պարտավոր եք նաև արթնացնել ու ընտրությունների մասնակից դարձնել հասարակության անտարբեր շերտերին: Արեք այդ ամենը, և դուք կհասնեք ձեր բոլոր նպատակներին:

Այս խորագրի վերջին նյութերը