Կարծիք

26.12.2011 23:31


Փեսաներից ազատվելու ժամանակը

Փեսաներից ազատվելու ժամանակը

Ավելի քան մեկ շաբաթ առաջ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնց հետեւանքով զոհվեց 15 մարդ: Ղազախստանում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխություններին չհետեւածներին ասենք, որ Ժանաոզեն նախկին Շեւչենկո քաղաքն է, որը գտնվում է Կասպից ծովի ափին եւ որի բնակիչների գերակշիռ մասը ներգրավված է նավթագազային արդյունաբերությունում:

Եւ այսպես, ժանաոզենցիները իմանալով, որ իրենք մի քանի անգամ ավելի քիչ են վաստակում, քան պետք է ստանային, դուրս են գալիս փողոց եւ պահանջում վերականգնել արադարությունը: Տեղի իշխանիկներն էլ նավթային ընկերության ղեկավարության հետ մեկտեղ որոշում են արդարության պահանջները խեղդել արյան մեջ եւ պրոֆիլակտիկայի համար սպանում են տասնհինգ մարդու: Հավանաբար փորձել են եւ ավելի շատ սպանել, բայց չեն հասցրել:

Ղազախների բարեբախտությունն է, որ իրենց երկիրը ղեկավարում է ոչ թե Քադաֆիի մտածելակերպով մեկը, այլ Ղազախստանի տափաստանների ծեր աղվեսը` Նուրսուլթան Նազարբաեւը, որը հասկանալով, որ շատ արագ կարող է հայտնվել Քադաֆիի, Մուբարաքի կամ Սադամ Հուսեյնի կարգավիճակում, արագ հրամայում է վերջ տալ արյունահեղությանը եւ քաղաքում պարետային ժամ է սահմանում: Հասկանալով, որ արաբական քամին կարող է հասնել Ղազախստան, նա նույնիսկ գնում է մի քայլի, որին չէր գնա նույնիսկ մեկ տարի առաջ, նա որոշում է պաշտոնանկ անել իր փեսային` Թիմուր Կուլիբաեւին: Բանն այն է, որ նա նավթային «Samruk-Kazyna» հոլդինգի ղեկավարն էր: Այսպիսով, Նազարբաեւը աշխատանքից ազատելով փեսային, փորձում է ամուր պահել սեփական իշխանության հիմքերը:

Ստացվում է, որ Նազարբաեւին խաբել է փեսան` կուտակելով հսկայական գումարներ: Վստահ եղեք, որ նույնիսկ իմանալով այդ մասին Նազարբաեւը նրան պաշտոնանկ չէր անի, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ չփոխվեր: Մի կողմից արաբական քամին, մյուս կողմից Ռուսաստանում տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունները Նազարբաեւին հուշեցին, որ ժողովրդի հետ չի կարելի կատակել, եւ նա շատ արագ պաշտոնանկ արեց փեսային:

Հայաստանում եւս գործող նախագահը պաշտոնանկ է արել փեսային` Միքայել Միանասյանին, բայց նրան գործուղել է համապետական ընտրություններ և որակական հեղափոխություն կազմակերպելու: Այս փաստը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Սերժ Սարգսյանը հեռու է հայաստանցու մենթալիտետը հասկանալուց: Մենք արեւելյան ժողովուրդ չենք, որ հիացմունքով հետեւենք, թե նույն ընտանիքի անդամներն ինչպես են երկիրը վերածում վաղ ֆեոդալական իշխանության:

Սերժ Սարգսյանը համառորեն չի ցանկանում ընդունել, որ փեսայի ակտիվությունը, ԿԸՀ ոչ ֆորմալ ղեկավար ինքնահռչակվելը արդեն զայրացնում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլ նաեւ նրանց, ովքեր հեռուստաընկերություններ են ղեկավարում, աշխատում պետական եւ դատաիրավական համակարգում: Փեսան (ոչ առանց Սերժ Սարգսյանի իմացության, իհարկե) ամեն ինչ արել է, որ գործող վարչախմբից դժգոհությունը հասնի ամենավերին կետին:

Հայաստանի նախագահը համառորեն չի ցանկանում ընդունել, որ ընտրությունների կազմակերպմամբ պետք է զբաղվի ԿԸՀ նախագահը եւ ոչ թե իր փեսան: Նա չի ընդունում, որ նույնիսկ ՀՀԿ շտաբի աշխատանքներով պետք է զբաղվի ցանկացած մարդ, բայց ոչ անկուսակցական Միքայել Մինասյանը: Փեսա լինելը դեռ չի նշանակում, որ մարդը պետք է զբաղվի ամեն ինչով եւ նույնիսկ պետության կառավարմամբ: Պատահական չէ, որ համառ լուրեր են պտտվում, որ դժգոհությունը փեսայից բարձրակետին է հասել նաեւ պետական կառավարման համակարգում:

Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք արդեն համոզվել ենք, որ Սերժ Սարգսյանը բացի Տիգրան Սարգսյանից եւ իր փեսայից գրեթե որեւէ մեկին չի վստահում: Դա նրա խնդիրն է, բայց մենք էլ ստիպված ենք արձանագրել, որ փեսայի գործողությունները հանգեցնելու են նրան, որ Հայաստանում դժգոհության ալիքը սպասվածից շատ ավելի հզոր լինի: Ղազախստանի նման երկրի նախագահը զիջումների է գնում, իսկ Հայաստանի նախագահը հետեւություններ չի անում: Այս ամենի արդյունքը կլինի այն, որ ամենամոտ ապագայում, ավելի ճիշտ, շատ շուտով Հայաստանում կձեւավորվեն այնպիսի իշխանություններ, որտեղ փեսաները որեւէ դերակատարում չեն ունենա: Վերջին հաշվով շատ շատերը նույնիսկ տունը փեսային չեն վստահում, էլ ուր մնաց մի ամբողջ երկիր:

Ի դեպ, Ղազախստանում լարվածությունը չի թուլացել նույնիսկ փեսային պաշտոնանկ անելուց հետո: Նազարբաեւի փեսան` Թիմուր Կուլիբաեւն այն աստիճանի վիրավորանք է հասցրել ժողովրդին, որ դժգոհության ալիքը չի մարում: Ղազախստանն այս հարցում Հայաստանից հավանաբար ետ է մնում: Հայաստանի նախագահի փեսան չի սահմանափակվում մի ոլորտով: Նա հայտնի ֆիլմի բացասական հերոսներից մեկի նման այստեղ է եւ այնտեղ, մի խոսքով ամենուր: Բնականաբար, դա չի կարող իր հետեւանքները չթողնել:

Ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներում փեսաներն իրենց այսպես չեն պահում: Իսկ մեր խնդիրն է այնպիսի երկիր կառուցել, որտեղ նման հարցեր այլեւս չեն լինի եւ որեւէ պաշտոնյայի մտքով անգամ չի անցնի փեսային գերլիազորություններով օժտել: Համաձայնեք, իրոք անդուր է, երբ փեսա լինելը բավարար է կարեւորագույն պետական հարցերով զբաղվելու համար:

Վարդան Մխիթարյան

Հ.Գ.։ Շատերին կարող է հետաքրքրել, թե ինչու Նազարբաեվը ոչ թե իր տղաներին է վստահել տարատեսակ գործերը, ինչպես որ, ասենք, Քադաֆին էր վարվում, այլ՝ փեսային։ Պատասխանը շատ պարզ է. Նազարբաեվը, ինչպես Սերժ Սարգսյանը, տղա չունի, դրա համար էլ առաջ է բրդել փեսային։

Այս խորագրի վերջին նյութերը