Կարծիք

22.12.2011 17:00


Գաղափարական ջարդ Հայաստանում

Գաղափարական ջարդ Հայաստանում

Հայրենասիրություն, արժանապատվություն, պատվախնդրություն. ահա ամբողջ գաղափարախոսությունը մեր պապերի, որոնք հազարամյակներ ապրած՝ մեզ հասցրին մեր ժամանակաշրջանին:

Այդ ոգին էր, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայ ազգը իր հերոսներին ուղարկեց պատերազմի դաշտ` մեր հողերը պաշտպանելու ու ազգի պատիվը վեհ պահելու համար: Շատ հերոս զավակներ չվերադարձան, բայց մեր ժողովուրդը տարավ իր դարի Մեծ Հաղթանակը: Պատվի խնդիր կար յուրաքանչյուր հայի սրտում. վրեժի ցասում կար, ազգասիրություն կար  հազարամյակներ ապրած մեր ժողովրդի մեջ: Ժողովուրդ, որը իր նոր անկախացած հողի վրա մեծ սպասումներով էր նայում ապագային։

Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Ղարաբաղյան գործոնի ներքո իշխանության եկան ապազգային ուժեր, որոնք սկսած թալանի շնորհիվ մեր ժողովրդի մեջ կոտրեցին հավատը լավ ապագայի նկատմամբ: Նոր ժամանակների Հայաստանում, անպատժելիության մթնոլորտում, սիկզբ դրվեց նոր մտածելակերպի մարդու տեսակի, որի համար արդեն նոր չափանիշներ սկսեցին գերիշխել: Ու հայրենասիրությունը, ազգի պատիվը և այլ կարևոր գաղափարական գործոններ մղվեցին երկրորդ պլան:

Հայ ծնողը, կորցնելով իր հույսը, իր զավակներին սկսեց դաստիարակել  օրվա հրամայականով: Հետագա իշխանությունները մեր ժողովրդի մեջ ավելի ամրապնդեցին փողի, իշխանության, վախի գերակայունությունը: Տարիների ընթացքում մեր ժողովրդի մեջ մտցրին, որ մեր երկրում ոչ մի բան չի փոխվելու: Պայքարի զգացումը ժամանակի մեջ սպառվեց:  Կորցնելով իր վերջին հույսն ու հավատը, մարդը սկսեց իր ձայները վաճառել` «թքած ունենալով» մեր սերունդներին սպասող ապագայի վրա: Սկսվեց երիտասարդ սերունդի տեսակի փոփոխություն (ահավասիկ՝ եղեռնի նոր ձև Հայի տեսակի վրա): Շարունակվեց գաղափարական ջարդը արդեն նոր աթոռապաշտ իշխանության կողմից: Պաշտոնի, փողի կամ մեծ ապագայի խոստումով հայ երիտասարդին լծեցին նոր գործի՝ ամեն գնով հասնել իշխանության:  Չունենալով գաղափարական հիմնավորված բնավորություն` վերջինս հանուն անձնական կյանքի «փրկության»,  գնաց ընտրակեղծիքների և ընտրախախտումների: Հայ երիտասարդին փչացրին: Ծրագիր, որը սկսեցին լևոնտերպետրոսյանականները և կարծես իր վերջակետին  հասցրին սերժականները:

Հայաստանում տեղի ունեցավ գաղափարական ջարդ:

Շավարշ Շահբազյան

Այս խորագրի վերջին նյութերը