Աշխարհ

15.06.2025 12:38


Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ)

Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ)
Այս գիշեր Իրանը հրթիռակոծել է Իսրայելի մի քանի բնակավայրեր։ Վեց մարդ զոհվել է Բաթ Յամում շենքին հասցված ուղիղ հարվածի հետևանքով, ևս չորսը՝ երկրի հյուսիսում գտնվող Թամրա քաղաքի վրա հրթիռային հարվածից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Հիվանդանոց է տեղափոխվել 135 մարդ, 35-ը համարվում է անհետ կորած։

Փրկարարները Բաթ Յամում շտապում են գտնել փլատակների տակ մնացածներին, քանի որ մտավախություն կա, որ շենքը կարող է փլուզվել։

Իրանը հարվածել է նաև իսրայելական Ռեհովոտ քաղաքում գտնվող Վայցմանի գիտահետազոտական ինստիտուտին, ավիացիոն վառելիքի արտադրության օբյեկտների և էներգետիկ կենտրոններին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի տարածքի վրա արձակվել է առնվազն 70 բալիստիկ հրթիռ, որոնց մի մասը արձակվել է Եմենի տարածքից: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կիրառել է «Հաջ Քասեմ» տակտիկական և կառավարվող պինդ վառելիքային բալիստիկ հրթիռներ, հայտնում է Fars գործակալությունը:
Միաժամանակ հութիները մի շարք հարվածներ են հասցրել Թել Ավիվին «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռների կիրառմամբ։
Տեղի ունեցածի ֆոնին Իսրայելի վարչապետը ռազմական աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից։

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի վաղ ավիահարվածներ են հասցրել Թեհրանի արևմուտքում գտնվող բենզինի և նավթի պահեստներին, ընդ որում տուժել է նաև բնակելի հատվածը: Կրակի տակ են հայտնվել նաև Իրանի պաշտպանության նախարարության կենտրոնակայանը մայրաքաղաքում, օբյեկտներ Սպահանում, Քարաջում, ինչպես նաև երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում:

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հակահարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:

Այս խորագրի վերջին նյութերը