Աշխարհ

14.06.2025 07:43


Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ)

Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ)

Ըստ Իսրայելի Պաշտպանության բանակի նոր գնահատականների, Իրանն Իսրայելի ուղղությամբ մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել երկու հերթերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։

Հաղորդվում է, որ հրթիռները թիրախների են դիպել 9 վայրերում, ինչի հետևանքով վիրավորվել է 15 մարդ, որոնց մեծ մասը, բժիշկների խոսքով, գտնվում է լավ վիճակում:

Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հունիսի 13-ի երեկոյան պատասխան հարվածների շարք են սկսել Իսրայելի ուղղությամբ ՝ իրանական տարածքի ուղղությամբ Իսրայելի հարվածներից հետո:

«Սկսել են հայտնվել պատկերներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են իրանական հրթիռները, ենթադրաբար հիպերձայնային, պայթում թիրախներին հարվածելիս, իսկ մեծ հրե գնդերը լուսավորում են Թել Ավիվի և Երուսաղեմի գիշերային երկինքը»,-հայտնում է գործակալությունը։

Իրանի ավիահարվածներից Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ազգին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ իսրայելական ռեժիմն անվնաս չի հեռանա Իրանին հարվածելուց հետո: «Անհրաժեշտ է կտրուկ քայլեր ձեռնարկել, և դրանք կձեռնարկվեն»,-ասել է Իրանի առաջնորդը: «Մենք նրանց հանդեպ ներողամտություն չենք ցուցաբերի։ Կյանքը, անկասկած, մռայլ կլինի նրանց համար»:

Այս խորագրի վերջին նյութերը