Կարծիք

17.11.2011 18:31


Պետք է ընտրենք կործանման և զարգացման միջև

Պետք է ընտրենք կործանման և զարգացման միջև

Հարբած վարչապետը ելույթ է ունենում երիտասարդների առջև՝ մի լավ զվարճացնելով նրանց, իսկ հետո՝ նաև ինքն իրեն:

Սյունիքի մարզպետը Երևանի ամենակենտրոնում պատգամավորների ներկայությամբ ծեծի է ենթարկում կին գործարարի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորագույն պաշտոնը թողնում է ընտրություններից մի քանի ամիս առաջ կուսակցություններից մեկի նախընտրական շտաբը գլխավորելու համար, իր ոչ այնքան բարձր պաշտոնը թողած և ՀՀԿ-ի չեղած շտաբում աշխատանքի անցած, անկուսակցական Միքայել Մինասյանը հայտարարում է, թե իրենք ամենալավ ընտրություններն են կազմակերպելու: Այս և մի շարք այլ իրադարձություններ, որ տեղի ունեցան մեր բազմաչարչար և փոքրիկ երկրում, վկայում են միայն երկրում առկա ծանրագույն իրավիճակի մասին:

Շատ ավելի հեշտ է դուրս գալ տնտեսական խոր ճգնաժամից՝ ունենալով արժանապատիվ հասարակություն, քան հաղթահարել բարոյալքումն ու ամենաթողությունը, որում հայտնվել է Հայաստանը: Ավելին, այս ամենի հետ մեկտեղ մենք շարունակում ենք ապրել տնտեսական ճգնաժամի պայմաններում: Եթե իմանայինք, որ վարչապետը հարբել է՝ գիտակցելով առկա ծանրագույն վիճակը, ապա կարող էինք նրան հասկանալ, բայց հաստատ նա շարունակում է մտածել, որ ամեն ինչ շատ լավ է:

Եթե Սյունիքի մարզպետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը եզակի լիներ, ապա դեռ կարելի էր հույս ունենալ, որ նման երևույթներն այսուհետև կբացառվեն: Իրականությունն այն է, որ մարզպետը շարունակում է պաշտոնավարել: Սա է ամենասարսափելին: Լրատվամիջոցները գրում են, թե նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, բայց այստեղ ամենակարևորը քաղաքական որոշումն էր, որը դեռ չկա, և կարող է և չլինել:

Փոխարենն ունենք մի որոշում, որով ժողովրդին ամենապարզ ձևով հասկացվում է, որ իշխող վարչախմբի համար կուսակցության շտաբի աշխատանքները կարևոր են պետության ղեկավարումից: Հակառակ դեպքում Հովիկ Աբրահամյանին չէին ստիպի հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից: Եվ մեր երկրի թշվառության մասին է խոսում այն փաստը, որ բարձրությամբ երկրորդ պաշտոնը զբաղեցնող մարդը պաշտոնանկությունից հետո ցանկանում էր հավատարմության երդում տալ գործող նախագահին: Այս ամենը Սիցիլիայի մաֆիոզների մասին ֆիլմ է հիշեցնում:

Միքայել Մինասյանը հայտարարում է, թե ինքը ՀՀԿ շտաբ է գնում և ամեն ինչ անելու է, որ որակական հեղափոխություն լինի և քսան տարվա ընթացքում լավագույն ընտրությունները լինեն, բայց որևէ մեկը նրան չի հարցնում կամ չի հուշում, որ ընտրությունների կազմակերպմամբ զբաղվում է ոչ թե ՀՀԿ շտաբը, շտաբի պետը կամ պետի տեղակալը, այլ ԿԸՀ-ն: Ավելին, ազատ, բայց խիստ պատասխանատու լրատվամիջոցները նրան չեն հարցնում, թե, լինելով անկուսակցական, ի՞նչն է նրան դրդում թողնել պաշտոնը և շտապել աշխատանքի գոյություն չունեցող շտաբում: Հիմա ինքներդ պատասխանեք հարցին՝ այս իրավիճակում գտնվող երկիրը կարո՞ղ է հաջողություններ արձանագրել:

Մեր երկրի գլխավոր խնդիրը ոչ թե տնտեսական դժվարություններն են, այլ շատ–շատերի բարոյալքումն ու արժանապատվության կորուստը:

Եթե մենք արժանապատվություն ունենայինք, չէինք հանդուրժի, որ մայրաքաղաքը ղեկավարեր մի մարդ, որը համարձակություն չունեցավ բարձրաձայն հայտարարել՝ ինչու է թողնում քաղաքապետի պաշտոնը: Ավելին, եթե չունենայինք բարոյալքված և անտարբեր հասարակություն, ապա քաղաքապետը չէր հայտարարի, որ լավ գործ է ճարել և գնում է խոպան: Դժվար է անգամ պատկերացնել, որ մի օր Բեռլինի կամ Լոնդոնի քաղաքապետերն իրենց հրաժարականը կարդարացնեն ավելի բարձր աշխատավարձով արտերկրում գործ գտնելով:

Խորհրդարանական ընտրություններից առաջ մենք պետք է հստակ արձանագրենք, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը բարոյալքումն ու արժանապատվության կորուստն են: Եթե շարունակենք խաբել մեզ և կենտրոնանանք տնտեսական նշանակության մանր-մունր հարցերի վրա, ապա ոչինչ չի ստացվի: Նույնիսկ եթե բյուջեի նախագիծն ամենափայլունը լինի, եթե նույնիսկ տաղանդաշատ գիտնականները մշակեն տնտեսական փայլուն ծրագրեր, միևնույն է, մեր երկրում ոչինչ չի փոխվի, քանի դեռ առկա է աննախադեպ մասշտաբների հասած բարոյալքումը:

Այն քաղաքական ուժերը, որոնք իրոք ընդունում են, որ երկիրը խոր ու գարշահոտ ճահճում է հայտնվել, պետք է առաջին հերթին մտածեն երկիրն այդ վիճակից դուրս բերելու մասին: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կարևորագույն պաշտոններում հայտնվեն ինքնասիրություն և արժանապատվություն ունեցող մարդիկ, որոնք կգիտակցեն, որ քաղաքական կարևորագույն պաշտոն են զբաղեցնում, ոչ թե փորձեն ամեն կերպ քծնել և հավատարմության երդում տալ իրենցից ավելի բարձր պաշտոն զբաղեցնողներին:

Հայաստանն արմատական բարեփոխումների անհրաժեշտություն ունի: Առաջիկա ընտրությունները հրաշալի հնարավորություն են տալիս դուրս գալ ծանրագույն իրավիճակից, բայց եթե փորձենք լղոզել առկա խնդիրները, շարունակենք ժողովրդին կերակրել շոուներով և կեղծ խոստումներով, ապա հաստատ կկորցնենք մեր երկիրը: Վստահ եղե՛ք, որ տունը, ինչպես նաև երկիրը, քանդվում են ներսից, և արտաքին միջամտության կարիք անգամ չի զգացվում: Եթե մարզպետները շարունակեն գործարարների ծեծել, ահաբեկել մարզի բնակչությանը, պաշտոնյաները կարևորեն նախագահին քծնելը, ընտրությունների կազմակերպմամբ զբաղվեն նախագահի բարեկամները, մայրաքաղաքի քաղաքապետերը չգիտակցեն, որ քաղաքականությամբ են զբաղվում և ընտրովի պաշտոն զբաղեցնում, ապա արտագաղթը կշարունակվի երկրաչափական պրոգրեսիայով:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը