Կարծիք

14.11.2011 17:18


Ներշնչանքով երկիր չես կառավարի

Ներշնչանքով երկիր չես կառավարի

Ներշնչանքը հզոր զենք է, բայց այն միշտ չէ, որ օգնում է: Խեղդվող մարդն ինչքան էլ իրեն ներշնչի, թե ինքը չի խեղդվում և շուտով ջրից դուրս կգա, միևնույն է, դա նրան չի օգնի: Որքան էլ վարչախմբի ներկայացուցիչներն ու նրանց սպասարկող լրատվամիջոցներն իրենք իրենց հավատացնեն, թե ամեն ինչ վերահսկվում է, և որ խորհրդարանական և նախագահական ընտրություններն էլ կանցնեն իրենց ուզած սցենարով, միևնույն է, իրականությունը բոլորովին այլ է:

Հրաժարականների աղմուկ–աղաղակից հետո, երբ փոշին նստեց գետնին, ժողովուրդը տեսավ, որ վարչախումբը հայտնվել է կոտրած տաշտակի առջև: Ակնհայտ է, որ վարչախմբի քարոզչամեքենան ցանկանում է ժողովրդին ներշնչել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն իրեն վստահ է զգում, այլև վայելում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի լիակատար աջակցությունը. հակառակ դեպքում ԱԺ նախագահը հրաժարական չէր տա, ոստիկանապետն էլ չէր փոխվի: Ցանկանալը ցանկանում են, բայց հազարամյակների խորքից եկող հայ ժողովրդին խաբելը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ չէ: Չմոռանանք, որ Հայաստանը հազիվ երկու միլիոն բնակչություն ունի, և այստեղ բլեֆները չափից դուրս արագ են բացահայտվում:

Այնպես որ, եթե վաղը Սերժ Սարգսյանը պաշտոնանկ անի բոլոր նախարարներին, ապա դրանից չի բխի, որ նա իրեն վստահ է զգում կամ պատրաստվում է Հայաստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնել: Սերժ Սարգսյանը բարեփոխումներ իրականացնելու համար բավական երկար ժամանակ ուներ, բայց, չգիտես՝ ինչու, որոշեց սպասել մինչև խորհրդարանական ընտրությունների նախաշեմը: Հիմա Սերժ Սարգսյանի քայլերը հիշեցնում են ցայտնոտում և ցուգցվանգում հայտնված շախմատիստի քայլեր:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը որոշել է խորհրդարանական մեծամասնություն ձևավորել: Ակնհայտ է նաև, որ նա ցանկանում է վերընտրվել նախագահի պաշտոնում: Բնականաբար, եթե քաղաքականությունից հեռու կանգնած մարդու համար է ակնհայտ, որ ՀՀԿ-ն այսօր այնքան վարկանիշ չունի, որ խորհրդարանում մեծամասնություն կազմի, ապա Սերժ Սարգսյանն էլ է հրաշալի պատկերացնում, որ այսօր խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար ժողովրդի աջակցությունը չունի: Նա քաջատեղյակ է նաև, որ իր վարկանիշը բավարար չէ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Այսպիսով, մեր աչքի առաջ վարչախումբը պատրաստվում է հերթական ընտրակեղծիքներին: Բայց եկեք ընդունենք, որ մեր բազմաչարչար երկիրն այլևս այնքան ներուժ չունի, որ հաղթահարի ընտրակեղծիքների հարվածների հետևանքները: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ոք և առաջին հերթին քաղաքական ուժերը, որոնք հասկանում են ստեղծված իրավիճակի լրջությունը, պետք է կարողանան հասնել նրան, որ վարչախումբը կանգ առնի և պատվով հանձնի իշխանությունը:

Եկեք ընդունենք, որ հրաժարական տալը կամ ընտրություններում պարտություն կրելը ամոթալի բան չէ: Եթե Սիլվիո Բեռլուսկոնիի նման քաղաքական ծանրաքաշայինն է հրաժարական տալիս, ուրեմն իշխանությունից հրաժարվելը հաստատ ամոթալի չէ: Եթե Թոնի Բլեերի կուսակցությունն է ընտրություններում զիջում իշխանությունը, ուրեմն հաստատ ընտրություններում պարտվելն անամոթ արարք չէ, եթե Հունաստանի վարչապետն է բարդ իրավիճակում հրաժարական տալիս, ուրեմն հաստատ անհրաժեշտ պահին հրաժարական տալն ամոթալի արարք չէ:

Ամոթ է իշխանությունից կառչած մնալը: Ամոթ է իշխանությանը հրաժեշտ տալը Քադաֆիի, Մուբարաքի, Չաուշեսկուի, Սադամ Հուսեինի նման: Ամոթ է կտրվել իրականությունից և դառնալ գործիք այն երիտասարդների ձեռքին, որոնք անհամբեր սպասում են 2018-ի նախագահական ընտրություններին: Ամոթ է չունենալ ժողովրդի աջակցությունը, բայց պայքարել իշխանության համար: Այնպես որ, իշխանությանը ճիշտ ժամանակին հրաժեշտ տալը ոչ թե ամոթ է, այլ արժանապատիվ մարդու արարք:

Վարչախումբը պետք է հասկանա, որ որքան էլ հսկայական միջոցներ ծախսի լրատվական դաշտը վերահսկելու համար, միևնույն է, Հայաստանի նման երկրում իրականությունը շատ արագ է ջրի երեսին հայտնվում:

Երբ ՀՀ քաղաքացին տեսնում է ռաբիս երաժշտության սիրահար, երիտասարդների առջև ելույթ ունեցող վարչապետին, հասկանում է՝ իրականում ինչ է կատարվում իշխանության ներսում: Եվ որքան էլ գեղեցկադեմ աղջիկները ժպիտով պատմեն վարչախմբի քաջագործությունների մասին, միևնույն է, գրեթե բոլորի համար էլ պարզ է՝ ինչ է կատարվում երկրում, և ինչ վիճակում են վարչախումբն ու պետական ապարատը:

Ստեղծված իրավիճակում վարչախումբը հաղթանակի հասնելու որևէ հնարավորություն չունի: Սա ավելի քան ակնհայտ է, և որքան շուտ այս փաստը գիտակցի Սերժ Սարգսյանը, որքան շուտ հասկանա՝ ուր են իրեն տանում իր երիտասարդ խորհրդականները, այնքան լավ Հայաստանի համար: Հիմա, երբ աշխարհը փորձում է դիմակայել տնտեսական ճգնաժամի երկրորդ հզոր ալիքը, մեզ պետք է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Այնպես որ, անհրաժեշտ է օգտագործել առկա ամբողջ ներուժը, մի կողմ դնել երկրորդական հարցերը և կենտրոնանալ Հայաստանն այս փոսից հանելու գործին: Իսկ փոսից դուրս գալուց հետո մենք հսկայական գործեր ունենք անելու, որ հանկարծ նորից նույն փոսը չընկնենք:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը