Կարծիք

15.10.2011 14:54


Երբ կանգնած ենք վտանգի առաջ

Երբ կանգնած ենք վտանգի առաջ

Լսելով Սերժ Սարգսյանի թիմակիցների հայտարարությունները, հերթական անգամ համոզվում ես, որ նրանք որեւէ մտադրություն չունեն նպաստել դրական տեղաշարժերի իրականացմանը: Ավելին, ակնհայտ է, որ նրանց հույսը կրկին վարչական ռեսուրսն է, ֆիզիկական ուժը եւ իրենց համար սիրելի դարձած ընտրակեղծիքը: Դժվար չէ կռահել, որ նրանք շատ լավ պատկերացում ունեն, թե որքան է իրականում Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի վարկանիշը: Այս ամենը նրանց համար որեւէ նշանակություն չունի, քանի որ նրանք իրենց հույսը ժողովրդի քվեի հետ չեն կապում:

Այս ամենը հաշվի առնելով մենք պետք է հասկանանք, թե ինչ մեծ վտանգի առաջ է կանգնած մեր երկիրը: Առանց չափազանցնելու կարող ենք ասել, որ մենք կանգնած ենք լինել, չլինելու առաջ: Բանն այն է, որ ինչպես բոլոր բռնապետական եւ կիսաբռնապետական վարչախմբերը, մերը եւս կարծում է, թե իշխելու է հավերժ, դարեդար եւ ժողովուրդն էլ միշտ այսպես ծնկաչոք վիճակում ենթարկվելու է իրենց:

Դեռ ամիսներ առաջ արդեն պարզ էր, թե ինչ ծրագրեր ունի Սերժ Սարգսյանը եւ իր շրջապատը: Նրանց երազանքն է Հայաստանը վերածել Երեւանի խանության, Ղազախստանի կամ Թուրքմենստանի: Ամեն ինչ անում են, որ լինի մեկ տնտեսվարող եւ հարյուր հազարավոր ճորտեր, որոնք կաշխատեն այդ միակ տնտեսվարողի համար: Այդ նպատակին հասնելու համար վարչախումբն աննախադեպ ճնշում գործադրեց ԲՀԿ-ի վրա եւ այստեղ անխոհեմաբար, առաջնորդվելով նեղ անձնական շահերով, վարչախմբին օգնության ձեռք մեկնեց Կոնգրեսը: Կարծում եմ, հիմա արդեն Կոնգրեսում գոնե հասկանում են, թե ինչպես խաղալիք դարձան եւ օգտագործվեցին վարչախմբի կողմից:

Բարեբախտաբար, ԲՀԿ-ն իր մեջ ուժ գտավ, հաղթահարեց իրեն ուղղված հարվածները եւ ոտքի կանգնեց: Եթե մի փոքր խորը նայենք ընթացող գործընթացներին, ապա Բարգավաճ հայաստանի ինքնուրույնությունը, անկախությունը բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից: ԲՀԿ-ի վրա այսօր մեծ պատասխանատվություն է դրված եւ այս կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կարող է դառնալ այն մերանը, որի շուրջ կգոյանա առողջ խմորը: Ընդ որում, ԲՀԿ-ի անկախությունն ու հզորացումը ձեռնտու է վարչախմբի ազդեցությունից դուրս գտնվող բոլոր քաղաքական ուժերին, որոնք եւս կկարողանան պահպանել իրենց «եսը» եւ որոշակի դրական դերակատարում ունենալ Հայաստանի համար:

Ընդ որում հիմա այնպիսի իրավիճակ է, այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ նրանք, ովքեր սխալ քայլ կիրականացնեն` հավերժ դուրս կմնան քաղաքական ասպարեզից: Հայաստանն այլեւս խարդախության, կոռուպցիայի, կեղեքման ռեսուրսներ չունի: Մենք անդունդից դուրս գալու հնարավորություն դեռ ունենք, բայց եւս մեկ երկու խոշոր վրիպում եւ մենք արդեն կարող ենք մոռանալ առաջընթացի մասին:

Հավատացեք, որ դեռ հարյուր հազարավոր մարդիկ հույս ունեն, որ մեր երկիրը կարող է ոտքի կանգնել եւ առաջ շարժվել, բայց եթե Հայաստանը կորցնի իր վերջին հնարավորությունը եւ Աստված ոչ անի, Սերժ Սարգսյանի թիմին հաջողվի իրականացնել Հայաստանը խանության վերածելու ծրագիրը եւ առաջիկա ընտրությունները վերածվեն խայտառակության, ապա Հայաստանը կենթարկվի իսկական աղետի: Միայն արտագաղթը բավական է, որ Հայաստանն այլեւս ուշքի չգա, իսկ որ հերթական խայտառակ ընտրություններից հետո արտագաղթը եռանկյունաչափական պրոգրեսիայով աճելու է, կարող եք չկասկածել:

Իսկ լսելով Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի քաղաքականությամբ հիացողների հայտարարություններին, ծանր ապրումների մեջ ես ընկնում, քանի որ հասկանում ես, որ նրանք թքած ունեն, թե՛ արտագաղթի, թե՛ ժողովրդի կենսամակարդակի վրա: Կրկին անգամ տեղին է հիշել Տիգրան Սարգսյանի ծիծաղը, երբ նա խոսում էր արտագաղթից:

Ակնհայտ է, որ հիմա Սերժ Սարգսյանին ոգեւորում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսի վերջին ձախողումները, բայց նրանց ուրախությունը տեղին չէ: Տեր-Պետրոսյանը այս անգամ ձախողվեց, քանի որ կոպիտ սխալներ թույլ տվեց, քանի որ ժողովրդի թիկունքում գործարքների գնաց վարչախմբի հետ: Այնպես որ, Տեր-Պետրոսյանի ձախողումը որեւէ կերպ չի վկայում Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեղինակության աճի մասին: Եթե հանկարծ Սերժ Սարգսյանը փորձի կեղծիքներով վերարտադրվել, ապա ժողովուրդը հաստատ կգտնի ինքնակազմակերպվելու ձեւը եւ կընդիմանա հերթական խայտառակությանը, քանի որ մենք կանգնած ենք երկիր կորցնելու վտանգի առաջ:

Մենք հսկայական անելիք ունենք եւ հնարավորություն ունենք լավ երկիր կառուցել, բայց կկորցնենք այդ հնարավորությունը, եթե հուսահատվենք, մեր ապագան այլեւս չկապենք այս երկրի հետ եւ թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի Երեւանի խանության:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը