Կարծիք

13.10.2011 15:54


Հայաստանը փրկվելու հնարավորություն ունի

Հայաստանը փրկվելու հնարավորություն ունի

Վերջին օրերին և նույնիսկ շաբաթներին Հայաստանում քննարկվող հիմնական թեման ոչ թե ՀԱԿ-ի կազմակերպած և ամոթալի ավարտ ունեցած ութօրյա նստացույցն էր, այլ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ելույթները:

Առաջին հայացքից ճիշտ չէ մեկ հարթության վրա դնել քաղաքական և մարզական իրադարձությունները, բայց դա՝ միայն առաջին հայացքից: Ժողովրդի արձագանքը ՀԱԿ-ի կազմակերպած «հեղափոխությանը» և նույն ժողովրդի վերաբերմունքը Հայաստանի հավաքականի նկատմամբ ապացուցեցին, որ մեր հասարակությունը դեռ պահպանել է առողջ գեները, և չնայած համընդհանուր բարոյալքման մթնոլորտին՝ ներուժ ունի դուրս գալ այս խայտառակ ու ճգնաժամային իրավիճակից և կերտել այն Հայաստանը, որտեղ արժանի են ապրելու ՀՀ քաղաքացիները:

Մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունն ապացուցեց, որ այլևս այն միամիտները չեն, որոնց քթներից բռնած՝ որոշ ուժեր փորձեն անձնական խնդիրներ լուծել: ՀԱԿ-ի առաջնորդները տարակուսում են, փորձում հասկանալ, թե ինչու իրենց չհաջողվեց շուրջներն այնքան մարդ հավաքել, որ գոնե ծիծաղելի վիճակի մեջ չհայտնվեն: Փորձում են գտնել պատասխանը, բայց չգիտես ինչու՝ չեն ցանկանում ընդունել, որ գործ ունեն տաղանդավոր ժողովրդի հետ, որը կարողանում է շատ լավ տրամաբանել, և տեսնելով ՀԱԿ-ի գործունեությունն ու առաջնորդների պահվածքը, ծանոթանալով նրանց մարդկային և բարոյական կերտվածքին, չի կարող իրեն թույլ տալ կանգնել նրանց կողքին և առավել ևս՝ ենթարկվել նրանց արդեն անհեթեթ դարձած «պահանջներին»: Բնական է, որ եթե հավաքականում Մովսիսյանի և Մխիթարյանի, Մկոյանի և Բերեզովսկու, Ենգիբարյանի և Ղազարյանի փոխարեն հանդես գային գլուխգովան և ծույլ, միաժամանակ մեծամիտ և ինքնահավան ֆուտբոլիստներ, որոնք թքած ունենային երկրի և հավաքականի պատվի վրա, նրանց խաղերը նախ չէին ստացվի, իսկ ժողովուրդն էլ նրանց համար ոչ միայն չէր ցավի, այլև նույնիսկ չէր հետաքրքրվի նրանց խաղով: Ամեն ինչ տրամաբանական է:

Մեր ֆուտբոլի հավաքականի համեմատաբար լավ ելույթները ոգևորության ալիք առաջացրին Հայաստանում: Հիմա արդեն գրեթե բոլորը հավատում են, որ ճիշտ աշխատանքի դեպքում մեր հավաքականի վերելքը կշարունակվի, հատկապես եթե նկատի ունենանք նաև, որ բավական լավ է հանդես գալիս մինչև 21 տարեկանների հավաքականը: Այս փաստը ապացուցում է, որ եթե քաղաքական դաշտում էլ այնպիսի տեղաշարժեր արձանագրվեն, ինչպես ֆուտբոլում է, ապա մեր ժողովրդի մեջ առաջընթացի և զարգացման հավատ կառաջանա: Այստեղ հսկայական անելիք ունեն քաղաքական դաշտում առկա այն առողջ ուժերը, որորնք հասկանում են, որ որակապես նոր Հայաստանի կերտումը խիստ անհրաժեշտություն է: Արդեն իսկ ժամանակն է մի կողմ դնել անձնական նկրտումները, նախկինում միմյանց հետ ունեցած հարաբերությունները և զբաղվել ներկայով ու դնել ապագայի հիմքերը:

Վստահաբար կարող ենք արձանագրել, որ Կոնգրեսն արագացրեց իր վախճանը և դուրս մղվեց քաղաքական դաշտից: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն հակառակն ապացուցել կամ արհեստականորեն երկարաձգել ՀԱԿ-ի կյանքը, բայց դրանից երկրում էական տեղաշարժեր չեն արձանագրվի: Այնպես որ, կարող ենք արձանագրել, որ քաղաքական դաշտի վերադասավորումների շրջանակում տեղի ունեցավ կարևորագույն իրադարձություն: Կոնգրեսը պարտվեց, բայց դրանից ժողովուրդը ոչինչ չի շահի, եթե չշարունակվեն գործընթացները, և չձևավորվի այն ուժը, որն իր վրա կվերցնի երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվությունը:

Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե կոսմետիկ փոփոխություններ, այլ արմատական վերափոխումներ: Հայ մարդը, Հայաստանի քաղաքացին պետք է համոզվի, որ երկրում դրական տեղաշարժեր են գրանցվում, որպեսզի այլևս չմտածի հեռանալու մասին, իսկ հեռացածներն էլ սկսեն մտածել վերադարձի մասին:

Անկախ տնտեսագետները վստահեցնում են, որ ընդամենը մի քանի շտկումներից հետո հնարավոր կլինի առողջացնել Հայաստանի տնտեսական դաշտը, ինչը հնարավորություն կտա աշխատանքով, արժանապատի՛վ աշխատանքով, ապահովել հայ մարդուն:

Նրանք, ովքեր կփորձեն ապացուցել, թե ներկայիս իշխանությունները, ներկայիս կառավարությունը անում է ամեն ինչ երկիրը ճգգնաժամից դուրս բերելու համար, և որ ընդամենը քսան տարի հետո մենք լավ երկիր կունենանք, միայն արագացնում են արտագաղթի տեմպերը և խորացնում բարոյալքումը: Մեր երկրի ցանկացած բնագավառ, ցանկացած ոլորտ ծանր հիվանդ է: Եթե մենք չենք ընդունում այս փաստը, եթե ցանկանում են լղոզելով ապացուցել հակառակը, ապա առնվազն այս երկրի թշնամիներն ենք:

Ճիշտ ժամանակն է առաջ շարժվել և կերտել նոր Հայաստանը, որտեղ նախագահն այլևս իրեն թագավորի նման չի զգա, օլիգարխներն էլ, կամա թե ակամա, չեն կեղեքի ժողովրդին, ինչ-ինչ գողականների որդիներ էլ ծեծի չեն ենթարկի խեղճ ու կրակ վարորդներին, սպան չի նվաստացի զինվորին, կրպակատերն էլ չի ահաբեկվի մանր ու միջին պաշտոնյաների կողմից, և Սամվել Ալեքսանյանն ու նրա նմաններն էլ չեն օգտվի մենաշնորհներից:

Մեզ նոր և առողջ Հայաստան է հարկավոր:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը