Կարծիք

06.10.2011 18:29


Տպավորիչ զորահանդեսն ու հայկական «նավատորմի» տիրակալ Զորի Բալայանը

Տպավորիչ զորահանդեսն ու հայկական «նավատորմի» տիրակալ Զորի Բալայանը

Չնայած այն բանին, որ սեպտեմբերի 21–ի զորահանդեսից օրեր են անցել՝ այնուհանդերձ դեռևս շարունակվում են արձագանքներ ստացվել։ Մասնավորապես ադրբեջանական լրատվամիջոցները, պատկերավոր ասած, տրաքվում են մանթոյից։ Մեր հարևանները հասկացան, որ Ալիևը պարզապես իր ժողովրդին խաբում է և միայն երազում կարող է տեսնել Ղարաբաղի գրավումը։

Անկախության քսանամյակի տոնակատարությունների ժամանակ մեր բանակը ցույց տվեց իր հզորությունը և ստեղծված գաղջ մթնոլորտում հաճելի էր հետևել  զինվորների ու սպաների քայլերթին։

Տպավորիչ էր նաև հրետանային պոտենցիալի ցուցադրումը։ Հետևելով այս ամենին գալիս ես այն եզրակացության, որ եթե մենք նորմալ երկիր ունենանք, դիլետանտ իշխանություններ չունենանք ու ֆինանսական միջոցներն անիմաստ չծախսենք, ապա և՛ զարգացած տնտեսություն կունենանք, և՛ կայացած քաղաքացիական հասարակություն կգործի, և՛ բանակն է՛լ ավելի հզոր կլինի։

Խոսելով անիմաստ փող ծախսելուց՝ մտքիս է գալիս, օրինակ, Զորի Բալայանին հայկական «նավատորմի» գլուխ կանգնեցնելու շոուն։ Շուրջերկրյա նավարկություն հիշեցնող այդ գաղափարը վատը չէր, եթե, իհարկե, համապատասխան PR արվեր ոչ թե Հայաստանի ներսում, որը վերածվել էր գրող Բալայանի մեծարման երեկոյի, այլ ուղղված լիներ դրսի աշխարհին։

Բալայանի ջրային շրջագայության միջոցով կարելի էր յուրօրինակ ձևով Հայաստանը ճանաչելի դարձնել դրսում որպես այսպես կոչված «մեծ ջրերից» զրկված պետություն, որի զավակների երևակայությունը բաց ծովի անսահմանություն ունի։ Դա, ի դեպ, շատ գեղեցիկ կնայվեր։ Այնինչ այդ ամենի փոխարեն մեզ մատուցվեց սովորական գավառական թամաշա։ Ու եթե այս ամենին ավելացնում ենք այն, որ հայկական «նավատորմի» նախարար Զ. Բալայանի ծովային հաճույքները բավական թանկ էին նստում, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Գաղտնիք չէ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Զ. Բալայանի ճանապարհորդության և բուրժուական հաճույքների համար մեր պետությունը, ՀՀ–ի դեսպանատները և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները ոչ պակաս փող են ծախսել, քան, ասենք, նույն բանակի վրա։

Մի խոսքով, անհրաժեշտ է վերջ տալ տարաբնույթ շոուներին ու լրջորեն զբաղվել պետության զարգացմամբ ու մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմամբ, այլապես բոլորս մի օր կարող ենք Զորի Բալայանի պես ծովագնացությամբ զբաղվել, բայց ոչ թե հաճույքներ վայելելու համար, այլ օտար ամայի ճամփեքում մեր տեղը գտնելու նպատակով։

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը