Մեկնաբանություն

18.09.2011 20:23


Կղերականությունը և զինված ուժերը

Կղերականությունը և զինված ուժերը

Այն, որ Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը հանրային լեգիտիմության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի՝ գաղտնիք չէ անգամ իրենց համար։ Բացը լրացնելու նպատակով, սակայն, ՀՀ նախագահն ու վարչապետը գնում են ոչ թե երկրի տնտեսաքաղաքական կյանքում դրական փոփոխություններ անելու ճանապարհով, այլ նպաստում են, որպեսզի ստեղծված իրավիճակից դժգոհ զանգվածն արտագաղթի ու հեղափոխություն չանի (ձևակերպումը Տիգրան Սարգսյանինն է) և միանա «Հայկական աշխարհի» անդամների շարունակ աճող բանակին։ Իսկ Հայաստանում մնացողների նկատմամբ իշխանությունները փորձ են անում կիրառել հնազանդեցնելու մարտավարությունը ու դրա համար ներգրավել են Հայ Առաքելական եկեղեցուն, որը պետք է ենթարկվող հոտի վերածի ՀՀ քաղաքացիներին։

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանի նախագահ, իսկ Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանը կամաց–կամաց վերածվում է փարիսեցիությամբ ու սոցիալական դեմագոգիայով կառավարվող կրոնապետության։

Սրանք, չկարողանալով նորմալ կառավարել, տերտերական առոգանությամբ ու կեղծ բարեպաշտությամբ են լցնում սեփական անձեռնհասության և դիլետանտիզմի արդյունքում առաջացած բացերը։ «Տիրացուն» իր պաշտոնավարման շրջանում աչքի է ընկել ոչ միայն խայտառակ տնտեսական ցուցանիշներ ապահովելով, այլ նաև տարին տասներկու ամիս մեռելոցներ հայտարարելու քաղաքականությամբ և կրոնական ազատությունների ապահովման դեմ կատաղի պայքարով։

Եկեղեցու և պետության սերտաճումը մեզանում այնպիսի տեմպերով է ընթանում, որ արդեն սպառնում է Հայաստանի՝ որպես ժամանակակից և աշխարհիկ պետության գոյությանը։

Բերեմ թարմ օրինակ։ Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ անկախության քսանամյակին նվիրված զինվորական շքերթի գլխավոր փորձերից մեկը։ Ամեն ինչ շատ տպավորիչ էր։ Մեր զինվորների հպարտ քայլվածքը և սպայական կազմի կազմակերպչական կարողություններն ուղղակի աչք էին շոյում։ Պատահական չէ, որ երբ ծանր զինտեխնիկա ցուցադրելն ավարտվեց՝ հրապարակում հավաքված մարդիկ երկարատև ծափերով և «այո»–ներով ճանապարհեցին մերոնց։

Զինվորական շքերթի փորձն անգամ ցույց էր տալիս, որ մեր բանակը հզոր պոտենցիալ ունի և եթե երկրում համակարգային փոփոխություններ տեղի ունենան, ապա զինված ուժերում էլ կվերանան արատավոր երևույթները։

Բայց երեկվա փորձի ժամանակ ականատես եղանք նաև մառազմատիկ ու միևնույն ժամանակ մտահոգիչ մի երևույթի։ Պարզվում է, որ կրոնապետությունն իր շոշափուկներ է տարածել նաև մեր զինված ուժերում։

Բանն այն է, որ սեպտեմբերի 21–ին իշխանությունները նախատեսել են, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմված գունդը՝ «զինված» մորուքներով ու տերտերական շորերով, առաջիններից մեկը պետք է հրապարակ մտնի։ Աշխարհի և ոչ մի նորմալ երկրում զինվորական շքերթի առաջին շարքերում եկեղեցական սպասավորների չես հանդիպի և ընդհանրապես՝ պետության ու կանոնավոր բանակի գոյության պայմաններում ինչու՞ պետք է մեր հզորության ապացույցներից մեկը լինի տերտերներից կազմված աշխարհազորը։ Դա ավելի շուտ թուլության, քան ուժի նշան է։ Բացի այդ՝ բանակը բռնության և ուժի մարմնավորում է, որը կոդային առումով հակադրվում է թեիստական մտածողությանը և եկեղեցական էթիկային, հետևաբար՝ հոգևորականների քայլերթը կեղծ պաթոս է պարունակում իր մեջ և ցույց տալիս այս իշխանությունների հետադիմական էությունը։

Պետությունը պետք է տարանջատվի եկեղեցուց, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Չգիտեմ հասկանո՞ւմ են արդյոք այս ամենը Ս. Սարգսյանն ու իր «տերտերական» շրջապատը, թե՞ ոչ, բայց եկեղեցականներին կանգնեցնելով մեր զորքի գլուխ՝ դեպի դասական կրոնապետության են տանում երկիրը՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Դեռ ժամանակ կա։ Ս. Սարգսյանը ճիշտ կանի, եթե չեղյալ հայտարարի այդ նախաձեռնությունը և մեր երկիրը չդնի անհարմար վիճակի մեջ։

Անկախ պետության ու հաղթող բանակի առջևից չպիտի՛ քայլի տերտերների «բրիգադը»։ Դա, կոպիտ ասած, «կքուրիկացնի» մեր բանակին եթե ոչ ֆիզիկական, ապա առնվազն մետաֆիզիկական իմաստով, ինչը չի կարելի թույլ տալ։

Տերտերներին քայլերթին մասնակից դարձնելու փոխարեն՝ կարելի է այնպես անել, որ մեր հոգևորականները միայն «Բենթլիով» չհրապուրվեն կամ հարևան երկրի հոգևոր առաջնորդի հետ ռաբիս զրույցներ չվարեն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Չի բացառվում, որ մի օր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ոգևորվելով իր ենթակաների քայլերթից, ասենք, եհովայի վկաների դեմ պայքարելու նպատակով, սեփական զինված գվարդիան պահանջի պետությունից ու ստանա (Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» մարդ է, չի մերժի կաթողիկոսին)։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ումի՞ց է պակաս Գարեգին Բ–ն, կամ ինչու՞ պետք է հարևան Իրանի շեիտները իսլամական հեղափոխության 50 հազարանոց պահապան զորքեր ունենան, իսկ ավելի քան 1700–ամյա քրիստոնեա ազգի կաթողիկոսն անգամ փոքրիկ գվարդիա չունենա...

Եվ ուրեմն՝ «Առա՛ջ, Հայաստան, առա՛ջ կրոնապետություն»։

Այս խորագրի վերջին նյութերը