Լրահոս

24.08.2011 13:25


ՄԱԿ-ում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչության նամակն` ուղղված գլխավոր քարտուղար Բան Կի-մունին

Օգոստոսի 17-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցչության նամակը` ի պատասխան օգոստոսի 3-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի տարածած փաստաթղթի:

Նամակում Բան Կի-մունի ուշադրությունն է հրավիրվում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի աննախադեպ թվով խախտումների վրա եւ նշվում է, որ դա հերթական անգամ վկայում է, որ  Ադրբեջանը  խախտում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Նախագահների եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված լրացուցիչ ջանքերի և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման վերաբերյալ:

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը պարբերաբար ստահոդ տեղեկություններ պարունակող նամակներ է տարածում ՄԱԿ-ում` փորձելով  խեղաթյուրել հակամարտության սկզբնապատճառները եւ հայատյացություն քարոզչություն իրականացնել: Ներկայացուցչությունն ընդգծում է նաեւ, որ չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը, Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորմանը:

Այս խորագրի վերջին նյութերը