Քաղաքական

24.03.2021 09:57


Փաշինյանը թիմին հանդիպման է կանչել. հիմնական թեման դարձել է կռվախնձոր․ «Ժողովուրդ»

Փաշինյանը թիմին հանդիպման է կանչել. հիմնական թեման դարձել է կռվախնձոր․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հրավիրել է կառավարական ամառանոց՝ քննարկելու հետագա անելիքները: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արտահերթ ընտրությունը և, մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը ընդունելու-չընդունելու հարցը:

Հանդիպմանը ներկաներից շատերը բարձրաձայնել են, թե անարդար է, որ իրենց երկար աշխատանքից հետո Ընտրական օրենսգիրքը չընդունվի, և ընտրությունները կազմակերպվեն հին ԸՕ-ով: Հատկապես Համազասպ Դանիելյանը, որը գլխավորել է փոփոխությունների քննարկման նպատակով ստեղծված խումբը, դեմ է արտահայտվել: Եղել են մարդիկ, որոնք կիսել են նրա տեսակետը, բայց շատերն էլ կան, որ շարունակում են անընդունելի համարել միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը:

Այսինքն՝ այս պահին հակասական տրամադրություններ կան նաև իշխող խմբակցության ներսում:

Կիրակի օրը կրկին հավաքվել են, և կրկին անորոշություն է եղել մեծապես: Կրկին ընդհանուր հայտարարի չեն եկել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԸՕ թեմայով քննարկումները տեղափոխվել էին տարբեր պատգամավորների աշխատասենյակներ:

Հատկապես մարզերից ընտրված պատգամավորները դեմ են ռեյտինգային ընտրակարգի չեզոքացմանը:

Չի բացառվում, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվի արդեն նոր ձևավորված խորհրդարանում՝ հաջորդ ընտրությունների համար: Իսկ հիմա, եթե լինեն արտահերթ ընտրություններ, դրանք կկազմակերպվեն հին ընտրակարգով, քանի որ նաև այդպիսի խոստում է տվել հենց Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ և ԲՀԿ ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը