Աշխարհ

07.05.2020 17:38


Հոլիվուդյան կինոպրոդյուսեր հայազգի Ստեփան Մարտիրոսյանը կմնա կալանքի տակ

Հոլիվուդյան կինոպրոդյուսեր հայազգի Ստեփան Մարտիրոսյանը կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Հոլիվուդյան կինոպրոդյուսեր հայազգի Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը:

«Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց նա:

Հարցին՝ որոնք են լինելու իրենց քայլերը, փաստաբանն ասաց, որ դատարանի որոշումը դեռ չի ստացել, ստանան, նոր հետագա քայլերի մասին կմտածեն:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր՝ Նիկոլայ Բաղդասարյանը և Հայկ Սարգսյանը, անձնական երաշխավորություն են ներկայացրել հոլիվուդյան կինոպրոդյուսեր հայազգի Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար՝ յուրաքանչյուրը վճարելով 500 000-ական դրամ:

Հիշեցնենք, որ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում էր «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։

Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013թթ. 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։

Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր, որից հետո էլ իր երբեմնի ընկերոջ դեմ 2017թ. հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Դրանից հետո Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվել է, մոտ մեկ տարի մնացել Մոսկվայի բանտերից մեկում, ապա արտահանձնվել է Հայաստան, որտեղ էլ երկու անգամ գրավի դիմաց ազատության մեջ մնալուց հետո այս տարվա հունվարի 14-ին, հենց վճռի հրապարակումից հետո դատապարտվել է 7 տարվա անազատության ու կալանավորվել դատարանի դահլիճից։ Ներկայումս Մարտիրոսյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։

Այս խորագրի վերջին նյութերը