Աշխարհ

07.05.2020 14:30


«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա». Ալիև

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում խոսել է ռուս-ադրբեջանական համագործակցության և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին:

«Մենք աշխատում ենք հարաբերությունների զարգացման ուղղությամբ անգամ համավարակի պայմաններում: Իրականացվում է անխափան տրանսպորտային հաղորդակցություն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությանը, համավարակն անխոս բացասական է ազդում դրա վրա: Բայց համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել ու բազմապատկել համագործակցության դրական կողմերը»,-նշել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևն ընդգծել է նաև, որ իր ու ՌԴ նախագահի հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, ինչը նպաստում է ռուս-ադրբեջանական համագործակցությանը նոր խթան հաղորդելուն: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:

«Իհարկե, եթե համավարակը չլիներ, մենք կշարունակեինք ապրանքաշրջանառության աճ գրանցել: Բայց համոզված եմ, որ տնտեսական կապերը պատշաճ մակարդակի վրա կլինեն: Մենք ծրագրեր ունենք նաև տրանսպորտային ոլորտում, ոչ միային Հյուսիս-հարավ միջանցքի ծրագրով, որն այսօր ակտիվորեն օգտագործվում է մեր կողմից: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը միացել է Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքին. Ադրբեջանի տարածքով դեպի եվրոպական ուղղություն: Մեծ պոտենցիալ կա էլեկտրաէներգիայի ոլորտում, դրա փոխանակման ոլորտում, այդ թվում՝ բազմակողմանի ծրագրով: Դա վերաբերում է նաև նավթագազային ոլորտին: Հնարավոր է՝ ոչ բոլորը գիտեն, որ Կասպից ծովի ռուսական հատվածից ռուսական ընկերությունների արդյունահանած նավթի մի մասը տեղափոխվում է Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքներով: Այսինքն՝ այս ոլորտում համագործակցությունն աճ է գրանցել»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևն անդրադարձել է նաև ռուս-ադրբեջանական համագործակցությանը հումանիտար ոլորտում՝ նշելով, որ համագործակցությունը կրթական, մշակութային ոլորտներում խորհրդանշում է երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:

Միևնույն ժամանակ Ալիևն ընդգծել է, որ համավարակի պատճառով շատ է տուժել զբոսաշրջային ոլորտը: Նրա խոսքով՝ այս տարի դեռ շատ գործ կա անելու այս ոլորտներում, և Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են սերտ գործընկերային կապեր պահպանել:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը