Աշխարհ

30.04.2020 20:10


Թուրքիայի բանտերում Covid-19-ով վարակվածների թիվը երկու շաբաթում ավելացել է վեց անգամ

Թուրքիայի բանտերում Covid-19-ով վարակվածների թիվը երկու շաբաթում ավելացել է վեց անգամ

Թուրքական բանտերում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15 օրում ավելացել է 606 տոկոսով։ Այս մասին ահազանգել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գամզե Աքքուշ Իլգեզդին։

Իլգեզդին հիշեցրել է, որ ըստ 2020թ․ ապրիլի 13-ին երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի կատարած հայտարարության՝ նշված տարեթվին Թուրքիայի ողջ տարածքի բանտերում կորոնավիրուսով վարակվածության 17 դեպք է գրանցվել, որոնցից 3-ը մահացել են։

Ընդամենը 15 օր անց՝ ապրիլի 28-ի դրությամբ, վարակված բանտարկյալների թիվը հասել է 120-ի, այլ կերպ ասած՝ աճել է 606 տոկոսով։ Եվ դա այն դեպքում, որ օրերս ընդունված նոր օրենդրական փոփոխության շնորհիվ շուրջ 90․000 բանտարկյալներ պայմանականորեն ազատ են արձակվել, այսինքն, բանտերի ծանրաբեռնվածությունը նախկինի համեմատ թեթևացել է։

Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վերջին տվայլների համաձայն՝ թուրքական բանտերում 3100 կալանավորված կամ դատապարտված անչափահաս կա։ Եվս 780 մանկահասակ երեխա հարկադրված է բանտերում ապրել՝ իր դատապարտված մոր հետ։

Իլգեզդին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բանտերում արագորեն տարածվող համաճարակը հատկապես լուրջ վտանգ է ներկայացնում երեխաների, ինչպես նաև՝ սիրտանոթային համակարգի հիվանդություններ, քրոնիկ գերճնշում, ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, քաղցկեղ և այլ քրոնիկ հիվանդություններ ունեցողների ու հղի կանանց համար։ Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները չեն հրապարակել բանտերում գտնվող նշված հիվանդություններով տառապողների և հղի կանանց թիվը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը