Աշխարհ

22.04.2020 15:46


«ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը». Ալիևի օգնական

«ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը». Ալիևի օգնական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ասելով, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը»:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 21-ին պատասխանել էր իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանին դրված է հակամարտությունը փուլային տարբերակով կարգավորելու հարցը: ՀՀ արտգործնախարարը նշել էր, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է: Ըստ Զոհրաբ Մնացականյանի` խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, իսկ զիջումներ չեն եղել և չեն լինելու:

Հաջիևը նշել է, որ «ՀՀ արտգործնախարարի այդ հայտարարությունը տապալում է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացը»:

Նա նշել է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, և առաջին փուլում հայկական զորքերը պետք է ազատեն Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները»:

«Եթե Հայաստանը ցանկանում է նման հայտարարություններով դուրս գալ բանակցային գործընթացից, ուրեմն պետք է բաց խոստովանի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ իրենց հերթին պետք է արձագանքեն Հայաստանի այդ հայտարարությանը»,-ասել է Հաջիևը` ընդգծելով, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում:

Այս խորագրի վերջին նյութերը