Կարծիք

24.02.2020 16:10


Ի՞նչ պետք է անեն «սևերը»

Ի՞նչ պետք է անեն «սևերը»

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա Ատելության կուսակցությունը համառորեն շարունակում են չգիտակցել, որ ՀՀ քաղաքացիներին «սևերի ու սպիտակների» բաժանելը կործանարար է պետության համար: Ի՞նչ ունենք հիմա. պողոսների վարչապետը, խոսելով վերացական ժողովրդի անունից, ՀՀ անձնագիր կրող մի ահռելի զանգվածի «սև» է հայտարարել, «շնաբարո դուրսպրծուկ է» անվանել: Այսինքն` ժողովուրդ ասվածը «սպիտակներն են», իսկ ո՞վ է այն ահռելի զանգվածը, որ համաձայն չէ պողոսների վաչապետի հետ ու «սև է» հայտարարված: Ժողովուրդ չէ՞: Իսկ ի՞նչ է, այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ քաղաքացու անձնագիր կրում և ապրում Հայաստանում: Համենայն դեպս, հետստալինյան սովետների երկիրն ավելի ազնիվ էր` այլախոհներին զրկում էր անձնագրից ու վտարում երկրից:

Եթե փողոցային ճանապարհով պետության գործադիր և օրենսդիր իշխանությունները զավթած պողոսների վարչապետը առանց սեթևեթանքների հայտարարում է, որ դատական իշխանությունն էլ իրենը պետք է լինի, որովհետև «ժողովուրդը», այսինքն` «սպիտակները», այդպես են ցանկանում, ապա լուսանցքից դուրս դրված «սևերին» ի՞նչ է մնում անել այս երկրում. միայն առավոտից իրիկուն աշխատե՞լ, ուղղակի և անուղղակի հարկեր վճարե՞լ, որ «սպիտակների» պարագլուխները իրենց հարկերով ավտոշարասյուններով ման գան ու միլիոնների հասնող պարգևավճարներ ստանա՞ն ու իրենց արժանապատվության հաշվին ինքնահաստատվե՞ն: Անշուշտ, եթե 1930-ականները լիներ, պողոսների վարչապետը «սևերի» համար համակենտրոնացման ճամբարներ կկառուցեր ու գուլագներ կստեղծեր, բայց ժամանակներն են ուրիշ, երկիրն էլ արտաքին ճնշմանը դիմակայելու այդքան ռեսուրս չունի:

Եթե «սևը» ոչ մի ներկայացվածություն չունի օրենսդիր ու գործադիր իշխանությունում, իսկ դատական իշխանությունն էլ իրեն չի ներկայացնում, այսինքն` անկախ չէ «սևերից ու սպիտակներից» և կոչված է ոչ թե արդարադատություն իրականացնելուն, այլ ժողովուրդ հռչակված ամբոխի, նույն ինքը` «սպիտակների» ցանկություններն իրականացնելուն, ապա արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն պողոսների վարչապետի ու նրա Ատելության կուսակցության հետ ու «սևեր են» հռչակված, չեն ընկալելու, որ սա իրենց պետությունը չէ, և իրենք գերու կարգավիճակում են օտարի կողմից օկուպացաված իրենց Հայրենիքում: Այդ դեպքում ինչու՞ պետք է «սևերը» իրականացնեն սահմանադրությունից բխող իրենց պարտականությունները և չունենան «սպիտակներին» հավասար իրավունքներ ու ներկայացվածություն, ինչո՞ւ պետք է հաճույքով հարկեր վճարեն ու մասնակցեն ՀՆԱ ստեղծմանը:

Անշուշտ, ժողովուրդ անվան տակ քողարկվող «սպիտակների» քանակն այս պահին շատ չէ, ավելին` նրանք փոքրամասնություն են, բայց խիստ ագրեսիվ ու կեղծարար, նրանք իրենք իրենց մեծամասնություն հռչակած փոքրամասնություն են: Նաև աշուշտ, այս պահին էլ պողոսների վարչապետն ունի աջակցիների մի ստվար զանգված: Մի կողմից դա դավաճան ամբոխն է` հիմնականում բաղկացած ոհմակային հոգեբանություն կրող, երբևէ գիրք չկարդացած, երբևէ փող չաշխատած, իր դժբախտությունը այլոց մեջ որոնող, հանրային ու անձնական կյանքում երբևէ ոչ մի հաջողություն չարձանագրած անաստվածների զանգվածից, մյուս կողմից` հասարակական-քաղաքական օպորտունիստներն են, որոք սոցիալական վերելակով դեպի վերին հարկեր կարող են բարձրանալ միայն այլանդակ ժամանակներում:

Ի՞նչ պետք է անեն «սևերը». ստեղծեն իրենց կյանքը կարգավորող ինստիտուտներ ու ինստիտուցիոնալ մակարդակում «ազատագրական պայքար» ծավալեն իրենց պետությունը օկուպացրած բանդայի դեմ: Եվ, իհարկե, հետագայում չկրկնեն իրեն «սպիտակ» հռչակած Ատելության կուսակցության սխալը` երբեք ու երբեք հասարակությանը, ազգին, ժողովրդին չբաժանեն «սպիտակների ու սևերի», չբևեռացնեն ժողովրդին, եղբորը եղբոր դեմ չհանեն ու ստեղծնեն պետություն, իրական պետություն, բոլորի համար պետություն` հավասար իրավունքներով ու պարտականություններով:
#Սրանք_մարդ_չեն

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը