Քաղաքական

12.09.2019 20:08


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը տեղյակ է նոր քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված լինելու մասին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լևոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Նա ծանոթ է մեղադրանքի փաստական և իրավական կողմերին։ Լևոն Սարգսյանն ամբողջությամբ չի ընդունում այն, քանի որ գտնում ենք՝ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ։ Նա առնչություն չունի իրեն մեղսագրված արարքին»,-նշեց պաշտպանը՝ ավելացնելով, որ կալանավորման որոշում այս պահին չկա։ Դատարանը դեռ քննում է կալանքի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ավելի վաղ տեղեկացել էին, որ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նա հետախուզման մեջ է գտնվում դեռևս 2018թ.-ի հուլիսից՝ մեկ այլ քրեական գործի շրջանակներում։ Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Մեր այն հարցին՝ արդյոք Լևոն Սարգսյանին վերաբերող ՔԿ-ում և ՀՔԾ-ում քննվող քրեական երկու գործերը միացվելու են մեկ վարույթում, թե ոչ, պաշտպանն արձագանքեց. «Չեմ կարող կանխորոշել, թե վարույթն իրականացնող մարմինն ինչ գործողություններ կանի, սակայն այս պահի դրությամբ քրեական գործերը միացված չեն»,-նշեց Ամրամ Մակինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը